ԱՍԱ ԻՆՉԻ ՀԵՐԹ ԵՍ ԿԱՆԳՆԵԼՙ ԱՍԵՄ... ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Վերջին մի քանի օրերին անցնելով Գյումրու կենտրոնի մի հայտնի շենքի մոտով, նկատում էի նրա առաջին հարկի բացվածքներից մեկի դիմաց մարդկանց հերթ: Նայեցիՙ տեսա վարկային կազմակերպություն է: Երեւի թեՙ նոր բացված հերթականը: Մեր օրերում առավել ընդունված հերթատեղերից մեկը: Եվ հերթական դառն մտորումներս ի վերջո հանգեցրին ընկերոջ մասին հայտնի ասացվածքի նմանությամբ ծնված մի փիլիսոփայական եզրահանգման, թեՙ ասա ինչի հերթ ես կանգնելՙ ասեմ ինչ ժամանակում ես ապրում: Խորհրդային վերջին դժվարին տարիներից, որոնք նաեւ հետերկրաշարժյան առաջին խառնակ տարիներն էին, մի հին լակոնիկ զվարճապատում հիշեցի: Ասում ենՙ այսինչ խանութում երշիկի հերթ է: - Երշիկն ի՞նչ է,- հարցնում է Սոցիալիզմը: - Հերթն ի՞նչ է,- հարցնում է Կապիտալիզմը... Խորհրդային սոցիալիզմի օրոք հերթեր, իհարկե, քիչ չէին պատահում: Հայտնի էին, հատկապես, մեր անծայրածիր հայրենիքը համարվող ԽՍՀՄ-ի մայրաքաղաքի մեծ խանութների հերթերըՙ նոր ստացված լավ հագուստի, կոշիկի եւ անհրաժեշտ այլեւայլ բաների համար: Ինձ համար հերթերի ռեկորդը եղել է պատանի հասակում, Հայաստանի դպրոցական պատվիրակության կազմում Ղազախստանի այն ժամանակվա մայրաքաղաք Ալմա Աթայում, Գորկու անվան քաղաքային շատ մեծ զբոսայգում ինձ, ընկերոջս ու այլ հանրապետությունից մեր նորածանոթ եւս երեք-չորս ընկեր-ընկերուհիների համար 40 րոպե պաղպաղակի հերթ կանգնելը: Մեզ մոտ էլ 70-ականներին կամ դրանից առաջ ու հետո հերթ էինք կանգնում գրախանութում դասական գրողի մի նոր բազմահատորյակի բաժանորդագրության կամ, ասենք, Հովհաննես Շիրազի նոր ստացված հատորի համար, իմ ծննդավայրի կինո «Հոկտեմբերի», մայրաքաղաք Երեւանումՙ «Մոսկվա» կինոթատրոնի տոմսարկղերի մոտՙ մի լավ կինոնկարի համար: Ասեմՙ հիմա շատերը չեն պատկերացնի, բայց հիշողությանս մեջ մեխված են մնում նաեւ օրվա որոշակի ժամի թերթի կրպակների մոտ հերթերըՙ երկրաշարժի համարյա դեռ մխացող փլատակներով Գյումրիում... Եկան «նոր հայերը» մեր դարեր երազած անկախության դրոշով, հաստատեցին իրենց իշխանությունը, միայն իրենց հասկանալի վայրի կապիտալիզմը եւ... շուտով մեզ անվաստակ հանձնեցին գազի, ջրի, լույսի մարդկանց, բանկերի ու վարկ տվող այլոց անողոք ողորմածությանը: Եվ հիմա կա՛մ գազի, ջրի, լույսի մարդիկ են մեկ էլ տեսար մի նոր բան հնարած, թրերը հանած իրար հետեւից գալիս, հաճախ հուսահատ մարդկանց դռները ծեծում, կա՛մ այդ մարդիկ են վզները ծռած հերթ կանգնում վարկատուների դռներին ու շենքերում, իրենք իրենց կրակը գցում: Էլ որտե՞ղ են լինում հիմա այդպիսի հերթեր: Հա, գուցե ոչ այդպիսի, բայց դրանք շատացել են նաեւ պոլիկլինիկաների ու բուժկենտրոնների որոշ մասնագիտությունների բժիշկների դռներին, դեղատներում: Քիչ մնաց մոռանայի... տարբեր օտար երկրների դեսպանատների դռներինՙ հեռանալու, գնալու նվաստացնող, սիրտ կեղեքող հերթեր: Հերթերՙ միայն մեր օրերին, մեր ներկա իրականությանը հատուկ: Իսկ նրանք, ովքեր պատասխանատու են այս ամենի համար, պայմաններ ստեղծել եւ այժմ զբաղված են իրենց նույն շրջանակում իշխանության հերթական բաշխմամբ: Ու քանի որ մեզանում իշխանությունը հաճախ ավելի շատՙ վայելք է, երեւի պիտի իրենց ընտանիքներով ու մերձավորներով բարով վայելեն: Գլուխը քարը, թե գյուղում իր ընտանիքը դժվարությամբ պահող, իր երկու զինվորացու զավակներից առաջինին արդեն ազգային բանակ ճամփած իմ հորեղբոր տղան էլ, դեռ իր կրտսեր որդու ոտքի վիրահատությունների համար արված խոշոր պարտքերը մարելու հնար չունենալով, հիմա էլ բանկի կողմից ոչ պատշաճ փաստաթղթային հիմնավորումներով տրված, «առած-թռած» մեկի վարկի երաշխավորն է եղել եւ այժմ գումարն իրենից ու իրեն բախտակից մյուս երաշխավոր եղածներից են պահանջում, իր գույքի վրա կալանք է դրվել, չգիտե ինչ անել... Ու այսպեսՙ քանի-քանիսը: |