ԲՈՅԱՋՅԱՆԸ ԴԵՊԻ ԿՈՆԳՐԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Հ. Ծ. Հայկական արմատներով կոնգրեսականների թիվն Ամերիկայում չափազանց փոքր է, ընդամենը երկու, բայց ըստ Արամ Արքունի հոդվածի «Միրոր-Սփեքթեյթրում», երրորդ նոր թեկնածունՙ 33-ամյա Դոնալդ Բոյաջյանը , վճռական քայլերով առաջ է շարժվում մասնակցելու Նյու Յորքի 21-րդ հյուսիսային տարածքի դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններին: Բոյաջյանի հորական պապի նախնական ազգանունը եղել է Ներսեսյան, որն ամերիկյան իշխանությունների կողմից Բոյաջյանի է փոխվել թյուրըմբռնողության հետեւանքում, երբ Այնթապից նա Սարատոգա է ժամանել մազապուրծ: Մորական ծնողները Փրովիդենս են ժամանել Բալուից: Ավարտել է Կոլգեյթ համալսարանը 2007-ին, ապա աշխատել է Մ. Նահանգների կոնգրեսի օրենսդիր մարմնում որպես օգնական, մասնավորապես կենտրոնանալով բնական ռեսուրսների եւ էներգետիկ քաղաքականության վրա: Բացի ծնողներից, հայկական ոգով դաստիարակվել է հաճախելով Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության, Հայ դատի գրասենյակի եւ Հայկական համագումարի հանդիպումներին: Կոնգրեսում աշխատելուց հետո նա 2012-ին ավարտել է Կորնելի իրավաբանական ֆակուլտետը եւ Նյու Յորքի հյուսիսային շրջանի դատարանում աշխատել է հայազգի դատավոր Ռիչարդ Հարթունյանի մոտ: Նա հավատացած է, որ իր երիտասարդական մտածողությամբ շատ բան կարող է փոխել մթնոլորտային աղտոտվածության, առողջապահության եւ սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում: Նրան մեծապես պաշտպանում են Միդլսեքսի Շերիֆ Փիթեր Քութուջյանը, Րաֆֆի Ֆըստըքճյանը, Վիկտոր Ծառուկյանը եւ ուրիշներ: |