ԱՄՆ-Ը ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻՆ Պ. Ք. Տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու մտադրություն ԱՄՆ ազգային անվտանգության նոր թիմը հակված է հարվածելու Իրանին եւ նրա շահերին: Նախագահ Դոնալդ Թրամփիՙ Համատեղ գործողությունների ծրագրի վրա կատարվող հարձակումը արդեն իսկ նշանակալի երկյուղներ եւ վիճաբանությունների է առաջացրել Եվրոմիությունում, Չինաստանում եւ Ռուսաստանում, չխոսելով արդեն Իրանի մասին: Սակայն իրանցիների միջուկային համաձայնագրի վրա ձեռնարկված գրոհը ԱՄՆ վարչակազմում քննարկվող հակաիրանական միակ տարբերակը չէ, գրում է ամերիկյան The Hill հրատարակությունը: Եթե ԱՄՆ վարչակազմը ձգտում է մեկուսացնել Իրանին, ապա քայլեր կձեռնարկվեն Անդրկովկասի հետ իրանցիների հարաբերությունները փչացնելու նպատակով. խոսքը հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի մասին է: Այդ հարաբերությունները առանձնահատուկ կարեւորություն ունեն Իրանի համար, քանի որ տվյալ երկրները գտնվում են Իրանի հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում: ԱՄՆ-ը կարող է ոչ միայն իր շահերն առաջ մղել Կովկասում, այլեւ հարված հասցնել Իրանին եւ նրա գործընկեր Ռուսաստանին: Դա անելը բավական հեշտ է: Վերջին տարիներին Իրանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեին փոխադարձ կասկածներ: Ադրբեջանն առաջվա պես չի վստահում Իրանին, չնայած այն բանին, որ երկկողմ հարաբերությունները բարելավվել են 2012-ից ի վեր: Այն ժամանակ բացահայտվել էին Ադրբեջանի եւ Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ ձեռնարկելու Իրանի ծրագրերը, ինչը հանգեցրել էր այդ պետությունների միջեւ ճգնաժամի առաջացմանը: Իրանը Ադրբեջանին համարում է հարրթակ, որը կարող է օգտագործվել Իրանի տարածքում ապրող ադրբեջանական փոքրամասնության մեջ անկարգությունների հրահրման նպատակով: Թեհրանը Ադրբեջանին համարում է նաեւ շիաների դավաճան, որը բարեկամական հարաբերություներ է հաստատում Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ: Ադրբեջանը նաեւ Իրանի մրցակիցն է էներգետիկ ոլորտում: Ներկայումս Իրանը շահագրգռված է իր հյուսիսային սահմանի ամրապնդմամբ եւ Բաքվի ու Վաշինգտոնի չափազանց սերտ հարաբերությունների ստեղծման կանխմամբ: Հայաստանը, ընդհակառակը, բավական մոտ է Իրանին Ադրբեջանի հետ իր մշտական հակամարտության պատճառով: Բացի դրանից, Հայաստանն Իրանի հետ իրականացնում է ենթակառուցվածքային խոշոր նախագծեր: Վերջիններս պետք է մեղմացնեն Թուրքիայի կողմից գործադրվող ճնշումը, երկիր, որը Հայաստանին շրջափակման մեջ է պահում Ադրբեջանի հետ նրա հակամարտության պատճառով: Այսպիսով, Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի արբանյակն է, որը, վերջինս, ռազմակայաններ ունի այդ երկրում, այլեւ Իրանի գլխավոր գործընկերն է Կովկասի տարածաշրջանում: Այդուհանդերձ, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այրելու դեպի Արեւմուտք տանող կամուրջները: Երեւանն առաջվա պես ձգտում է ընդլայնել իր արտաքին քաղաքական հարաբերություններն արեւմտյան երկրների հետ: Այնպես է ստացվում, որ Թրամփի վարչակազմի առջեւ ճանապարհը բաց է: Անհրաժեշտ է խթանները զուգորդել ճնշման հետ, որպեսզի հնարավոր լինի նպաստել Կովկասի տարածաշրանում խաղաղության ապահովմանը եւ նվազագույնի հասցնել Մոսկվայի ազդեցությունն ու Թեհրանի «չարաճճիությունը»: Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու պարտավորությունը, վերջինս զուգորդելով օգուտների ու պատժամիջոցների համակարգի հետ, ԱՄՆ վարչակազմը կարող է ուժեղացնել երկրի ազդեցությունը տարածաշրջանում: Թրամփը նաեւ կարող է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերն առաջ մղել մի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, մյուս կողմիցՙ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում որոշ հեռավորություն պահպանելու միջոցով: Թեհրանի հայտարարություններում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանում ամերիկացի զինվորականների կամ հատուկ ծառայությունների աշխատակիցների հայտնվելու հնարավորության կապակցությամբ: Վաշինգտոնը կարող է նաեւ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի թուլացնի հայ-իրանական հարաբերությունները: Ավելին, ցանկալի է համարվում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացումն Անդրկովկասում, անկախ Մերձավոր Արեւելքի իրադրությունից եւ Իրանի կամ Վրաստանի հետ հարաբերություններից: Վաշինգտոնի համար կարեւոր է ընդլայնել էներգիայի մատակարարումները Կովկասից դեպի Եվրոմիություն: Կովկասում ԱՄՆ-ի առավել ակտիվ մասնակցությունը նաեւ թուլացնում է Ռուսաստանի ճնշումը Թուրքիայի վրա եւ հիմք ստեղծում Անկարայի ու ԱՄՆ-ի դաշինքի ամրապնդման համար: Որպեսզի ԱՄՆ-ը կարողանա տարածաշրջանում արդյունավետորեն առաջ մղել իր շահերը եւ ժողովրդավարական արժեքները, նա պետք է մեծ շահագրգռություն դրսեւորի Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության ապահովման նկատմամբ: Հակառակ դեպքում որեւէ հիմք չի լինի կարծելու, թե այդ երկրների կառավարությունները լրջորեն կվերաբերվեն ԱՄՆ-ի շահերին, չխոսելով արդեն ժողովրդավարական արժեքների մասին: Պոտենցիալ կերպով ԱՄՆ-ը կարող է եռակի շահում ունենալ: Նախ եւ առաջ, ընդլայնելով սեփական ազդեցությունը Անդրկովկասում եւ ամրապնդելով հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ԱՄՆ-ը կարող է նպաստել խաղաղությանը: Երկրորդ, ԱՄՆ-ը հնարավորություն է ստանում նվազեցնելու Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը Կովկասում եւ հարեւան շրջաններում: Շատ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի բազմաթիվ հետաքրքրություններ ու գերակայություններ: Սակայն եթե Վաշինգտոնն իրոք ուզում է ճնշում գործադրել Թեհրանի վրա, ապա նա պետք է սկսի հենց Կովկասից: |