RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-04-09 14:06:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3234, Տպվել է` 316, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒԺԵՐԸ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Պ.Ք.

Անկարա-Էր-Ռիադ հնարավոր դաշինքը եւ ԱՄՆ-ի ներկայությունը

Անկանխատեսելի Մերձավոր Արեւելքում ուրվագծվում է ուժերի նոր դասավորություն, որի պայմաններում Սաուդյան Արաբիան կբախվի Թուրքիա-Իրան առանցքին, գրում է Asia Times թերթը:

2017-ի ապրիլյան հանրաքվեի շնորհիվ Թուրքիայի նախագահ Էրդողանի իշխանության ամրապնդումից ի վեր այդ երկիրը կրկին պատրաստվում է վերածնել Օսմանյան կայսրությունը Մերձավոր Արեւելքում: Արաբների ու Թուրքերի հակամարտությունը միշտ խանգարել է Անկարայի եւ Էր-Ռիադի մերձեցմանը: Քաթարի հետ կապված դիվանագիտական ճգնաժամը վերստին բացահայտեց վահաբիստական Էր-Ռիադի եւ սալաֆիստական Անկարայի հակասությունները:

Երկու երկրների ղեկավարների կտրուկ արտահայտությունները եւ Թուրքիայի ու Իրանի առնչությամբ սաուդցի գահաժառանգ Սալման բեն Աբդել-Ազիզ Ալ Սաուդի արած դիտողությունները պարզ հասկացնում են, որ Անկարա- Էր-Ռիադ մերձեցումը այնքան էլ իրական չէ: Օսմանյան կայսրույթունը վերածնելու Անկարայի մտադրությունը ուղղակի մարտահրավեր է տարածաշրջանում սաուդցիների գերիշխանությանը, որոնց գահատոհմի հիմնադիրը օսմանցիների դեմ ապստամբեց, որպեսզի ստեղծի սեփական պետություն:

Իսլամի երկու արմատական ուղղություններըՙ վահաբիզմը եւ սալաֆիզմը մշտապես պայքարել են հանուն սեփական ազդեցության ընդլայնման: Վահաբիստների աղանդը աչքի է ընկնում առավել ծայրահեղական հայացքներովՙ քարոզելով անհանդուրժողականություն եւ ատելություն ուրիշ աղանդների հանդեպ: Լայնորեն հայտնի է վահաբիստների դիմակայությունը շիա իսլամ դավանող Իրանի հետ: Սալաֆիստական տեսակետը ավելի ճկուն է ու նպաստավոր է Իրանի հետ մերձեցման համար:

Այդ երկու ուղղություները գերիշխում են հիմնականում սուննի երկրներում: Մինչ սաուդցիները վահաբիզմը տարածում են ոչ կառավարական կազմակերպությունների նվիրատվությունների, ուսանողների ուսման եւ ծայրահեղական կազմակերպությունների միջոցով, սալաֆիստների գաղափարախոսությունը տարածվում է առավելապես «Մուսուլման եղբայրների» ջանքերով:

Այդ շարժումը մասնաճյուղեր ունի ամբողջ արաբական աշխարհում: Համախոհներ կան իսլամական խոշոր երկրներ Բանգլադեշում եւ Պակիստանում: Վահաբիստներն ու սալաֆիստները մահմեդական երկրներում փորձում են սեփական ազդեցությունն ուժեղացնել իրենց իշխանությունն ամրապնդելու համար: Դա տեղի է ունենում նրանց արեւմուտքցի դաշնակիցների լռելյայն համաձայնությամբ:

Մահմեդական աշխարհում սաուդցիների ազդեցությունը նվազեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին նրանց մասնակցությունից հետո: Նրանց մասամբ փոխարինեցին Թուրքիան եւ Իրանը: Իրանի ազդեցությունը տարածվում է հիմնականում շիա մահմեդականների վրա: Սուննի միջավայրում թուլացած սաուդցիներին փոխարինելու եկան «Մուսուլման եղբայրները»:

2011թ. «արաբական գարունը» Եգիպտոսում հանգեցրեց սաուդցիների դաշնակից Հոսնի Մուբարաքի տապալմանը: Իշխանության գլուխ անցավ «Մուսուլման եղբայրների» աջ թեւը ներկայացնող Ազատության եւ արդարության կուսակցությունը: Սաուդցիները դա ընկալեցին որպես տարածաշրջանային ստատուս-քվոյի խախտում: Եգիպտոսը հայտնվեց Թուրքիայի ազդեցության ոլորտում: 2013թ. Եգպտոսում պետական հեղաշրջման հետեւանքով իշխանության գլուխ անցավ նախագահ Աբդել-Ֆաթահ աս-Սիսին: Թուրքական եւ քաթարյան ԶԼՄ-ները արշավ սկսեցին նրա դեմ:

Անկարային եւ Թեհրանին միավորում է քրդերի հարցը: Մինչ Թուրքիան եւ Իրանը քրդերին սպառնալիք են համարում իրենց ինքնիշխանության համար, Սաուդյան Արաբիան նրանց կարեւորություն է տալիս Մերձավոր Արեւելքի արաբ բնակչության մեջ սեփական ազդեցությունն ուժեղացնելու գործում:

Քանի որ Իրաքի կառավարությունը ներկայումս Իրանի ազդեցության տակ է, քրդերը կարող են Իրանի ազդեցության տարածմանը խանգարող միջոց ծառայել սաուդցիների համար: Թուրքիայի եւ Իրանի համար քրդերին զսպելը կարեւոր է տարածքային ամբողջականության պահպանման տեսակետից: Այս առումով չի բացառվում թուրք-իրանական դաշինքը քրդերի անկախության ձգտումը զսպելու նպատակով:

Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, շիա աշխարհում իր տիրապետությունը պահպանելու համար Իրանը պատրաստ է Թուրքիային զիջել տիրապետությունը սուննի աշխարհում, իհարկե իր գլխավոր մրցակից Սաուդյան Արաբիայի հաշվին:

Մյուս կողմից Թուրքիան շահագրգռված է Սաուդյան Արաբիային տեսնելու շիաների կիսալուսնով շրջապատված: Սաուդցիների ձեռնարկած տնտեսական շրջափակման հետեւանքով թուրք-իրանական ընդհանուր ուղեծրում հայտնված Քաթարը ունի հզոր լրատվամիջոցներ եւ ավելի ու ավելի հաճախ է քննադատում Եմենում Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականությունը: Անշուշտ դա ձեռնտու է Իրանին:

Տարածաշրջանում ստեղծվել է Քաթար-Թուրքիա-Իրան դաշինքը, որը Մերձավոր Արեւելքում ուժերի հարաբերակցությունը այն աստիճան է փոխել, որ մինչեւ վերջերս աներեւակայելի էր: Քաթարում սկսել է ուժեղանալ Թուրքիայի ազդեցությունը: Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, Քաթարում թուրքական ուժերի տեղաբաշխման նպատակը Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանի, այլ ոչ թե որեւէ առանձին երկրի անվտանգության ապահովումն է: Նրա խոսքերով, Պարսից ծոցի երկրներին սպառնացող վտանգները սպառնալիք են նաեւ Թուրքիայի համար:

Սաուդյան Արաբիան թշնամաբար է ընկալում Թուրքիայի եւ Իրանի դաշինքը, եւ Թուրքիային փաստորեն համարում է ընդհանուր շահերի դավաճան: Ուրվագծվել է պառակտում արաբական աշխարհում, որը թուլացնում է հակաիրանական կոալիցիան: Իսկ Պարսից ծոցի շրջանում ձեւավորվում է ուժերի նոր հավասարակշռություն, ինչը հարցականի տակ է դնում անվտանգության ընդհանուր համակարգ ստեղծելու Արեւմուտքի ծրագրերը: Ուստի ԱՄՆ-ը եւ նրա արեւմտյան դաշնակիցները փորձում են մանեւրել: Սակայն Թուրքիայի, Իրանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ արաբական որոշ այլ երկրների հետ կապեր ունեցող Մոսկվան նույնպես կարող է ճկուն դիվանագիտություն դրսեւորել:

Տարածաշրջանում անվտանգության ապահովման կարեւորագույն օղակը ԱՄՆ-ի համար Սաուդյան Արաբիան է: Իսրայելի անվտանգության ապահովումը ԱՄՆ-ի գլխավոր խնդիրներից մեկն է, բայց Իսրայելը, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, էական դեր չի խաղում ամերիկացիների մերձավորարեւելյան ռազմական գործողությունների մեծ մասում: Երուսաղեմը չի լուծում Իրանի հետ կապված խնդրները, չի մասնակցում ծայրահեղական որոշ շարժումների դեմ մղվող պայքարին (ԻՊ, «Ալ-Ղաիդա»), գրում է The Hill ամերիկյան հրատարակությունը:

Սաուդյան Արաբիայի հետ ռազմավարական գործընկերությունն այժմ ավելի մեծ կարեւորություն ունի, քանի որ Եգիպտոսն ու Ալժիրը ուշադրությունը կենտրոնացրել են իրենց ներքին անվտանգության ապահովման վրա, ինչի հետեւանքով տարածաշրջանում նրանց ազդեցությունը կտրուկ թուլացել է: Իրաքն ու Սիրիան բախվում են ներքին լուրջ բարդությունների եւ շարունակում են ռազմական գործողությունները:

Անշուշտ, Սաուդյան Արաբիան նույնքան ունի ԱՄՆ-ի կարիքը, որքան ԱՄՆ-ը սաուդցիներինը: Վերջիններիս զինված ուժերն անդադար կատարելագործվում են, բայց տարածաշրջանում հենց ԱՄՆ-ի ներկայությունն է զսպում Իրանին եւ սաուդցիներին օգնում պայքարելու Ալ-Ղաիդայի տեղական մասնաճյուղի ահաբեկչական սպառնալիքի դեմ: Ամերիկյան զենքի մատակարարումները, ամերիկացի փորձագետների ներկայությունը եւ զորավարժանքները նույնպես վճռական դեր են խաղում Էր-Ռիադի մարտունակության բարձրացման գործում:

Իսկ Սաուդյան Արաբիան ամերիկացիների համար կարեւոր է նաեւ նրանով, որ ապահովում է Պարսից ծոցից նավթի արտահանման անվտանգությունը: ԱՄՆ-ը նավթի ուղղակի ներմուծումից զգալի չափով ազատվել է, բայց կախված է մնում համաշխարհային տնտեսության աճի տեմպերից, ինչպես նաեւ Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ու Տայվանից կատարվող ներմուծումներից: Դրա արդյունքում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրությունները շարունակում են ընդլայնվել, չնայած ԱՄՆ նավթի ուղղակի ներմուծմանը:

Հենց այդ պատճառով մեծ կարեւորություն է տրվում սաուդցիներին ամերիկյան զենք վաճառելուն եւ ԱՄՆ-ում Էր-Ռիադի ներդրումներին: Միաժամանակ անտեսվում է սաուդիների կարեւոր դերը 2003 թվականից ի վեր ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իրանի զսպման գործում:

Սաուդյան Արաբիայում սկսված բարեփոխումները էական նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Սակայն ամերիկացիները պետք է հասկանան, որ այդ երկիրը չի կարող անվերջ ծառայել որպես ֆինանսավորման աղբյուր: Սաուդյան Արաբիան արդեն իսկ ՀՆԱ տասը տոկոսը ծախսում է անվտանգության նկատառումներով, ինչը եռակի գերազանցում է ԱՄՆ-ի համապատասխան ցուցանիշը:

Ըստ ռուս վերլուծաբան Ալեքսանդր Բելովի, ամերիկացիներն ու սաուդցիները դեռ պետք է ընդհանուր մոտեցում մշակեն Իրաքի եւ Սիրիայի նկատմամբ, նպաստեն այդ երկրների տնտեսական վերականգնմանը, ինչպես նաեւ հնարավորինս սահմանափակեն Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը, կայունացնեն հարաբերությունները Թուրքիայի հետ:

Սեփական իշխանությունը տարածելու սաուդցիների որոշումը ներկայումս բախվում է Թուրքիա-Իրան դաշինքին, որին օժանդակում է Քաթարի հզոր լրատվական մեքենան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ