RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3675, Տպվել է` 469, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂՋԻԿՆԵՐԸՙ «ՄԵՐ ՀՈՒՅՍԻ» ԽՆԱՄՔԻ ՆԵՐՔՈ

ԱԼԵՔՍ սրկ. ԳԱԼԱՅՃԵԱՆ

«Հույսը երբեք ամոթով չի թողնում» (Հռ., 5.5)

««ՄԵՐ ՀՈՅՍ» կազմակերպությունը իրականացնում է դժվար իրավիճակներում հայտնված աղջիկների խնամքը, կրթությունն ու դաստիարակությունը»:

Հույսը մարդու մեջ ի վերուստ դրված գործոն է, որի միջոցով մարդ ինքն իրեն վերականգնում է, մաքառում դժվարությունների դեմ եւ անկոտրում կամքով պայքարում իր նպատակին հասնելու համար: Սակայն հույսը միայն մարդու ցանկությամբ չի պայմանավորված, այլ նաեւ այն արտաքին ազդակներով, որոնք ճանապարհ են հարթումՙ նպատակը կյանքի կոչելու եւ մեր դիմաց ծառացած խոչընդոտներն ու դժվարությունները դիմագրավելու համար:

«Մեր հույս» կազմակերպությունը իր հիմնադրման օրից միշտ ձեռք է մեկնել հայաստանաբնակ ծնողազուրկ աղջիկներին, որոնք 18 տարին բոլորելով դուրս են եկել մանկատնից եւ մտնելով աշխարհի թոհուբոհի մեջՙ գտնվել են տնանկ եւ անգործ վիճակում: Աղքատ ընտանիքների անապահով եւ կարիքավոր աղջիկները եւս ներառված են այս ծրագրի մեջ: «Մեր հույս»ը ոչ միայն տնով է ապահովում, այլեւ օգնում է մասնագիտություն ձեռքբերելու եւ արվեստ սովորելու հարցումՙ նրանց դարձնելով հասարակության լիիրավ անդամ:

«Մեր հույս» կազմակերպությունը հիմնվել է 2008-ին, Կալիֆորնիայում, տիկին Ատրիեն Գրիգորյանի կողմից: Կազմակերպությունը գործում է Մայր աթոռ Ս. Էջմիածնի եւ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի հովանու ներքո: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր աթոռը երեխաների աջակցության «Նաքաշյան» կենտրոնը առանց վարձավճարի տրամադրել է «Մեր հույս» կազմակերպությանը:

Այսօրվա աշխարհը լեցուն է բազմապիսի կործանարար եւ խայտաբղետ երեւույթներով, որոնք հեշտությամբ իրենց ճիրանների մեջ կարող են առնել տնանկ, որբ եւ կարիքավոր աղջիկներին: Այսօր, եթե չլինեին «Նաքաշյան» կենտրոնի նման մարմիններ ու կազմակերպություններ, ապա հնարավոր է այդ անչափահաս ու անմեղսունակ աղջիկները հայտնվեին մարմնավաճառության, մարդկային առեւտրի, շահագործման (human trafficking), ընտանեկան բռնության հորձանուտում: «Նաքաշյան» կենտրոնն իր նվիրատուներով, ղեկավարությամբ ու աշխատակազմով նվիրված է հայուղի այս գործունեությանՙ մեր աղջիկներին ընտանեկան միջավայր, հոգեբանական աջակցություն, կրթություն, ընտանեկան վերամիավորման հարթակ տրամադրելով, ինչպես նաեւ լեզուներ, աշխատանքային հմտություններ ու արհեստ սովորեցնելով:

«Նաքաշյան» կենտրոնի գործադիր տնօրենՙ Միհրան Միրճանյանը խոսելով կենտրոնի գործունեության մասինՙ ասաց. «Երեխաների աջակցության կենտրոնն իրականացնում է դժվար իրավիճակներում հայտնված դեռատի աղջիկների խնամքը, կրթությունն ու դաստիարակությունը, պատրաստելով նրանց ինքնուրույն կյանքին: Կենտրոնի առաքելությունը վերականգնողական ծառայությունների տրամադրումն է, որի բաղադրիչներից է դեռահաս աղջիկների ներառումը հասարակությունում, անհրաժեշտ կարողությունների զարգացումըՙ ներդնելով բարձր հոգեւոր, բարոյական արժեքներ, փորձելով ձեւավորել լիարժեք հայուհու ջերմ ու դրական կանացի կերպար: Վերականգնողական գործընթացն ուղեկցվում է կրթական եւ մշակութային ցենզի առավելագույն շեշտադրմամբ, ինչը նպաստում է դեռահասների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, նրանց ինտելեկտուալ աճի զարգացմանը, իրավունքների եւ պարտականությունների ճանաչմանը: Ողջ գործունեությունը կյանքի է կոչվել Հայ առաքելական եկեղեցու, ամերիկյան «Մեր հույս» կազմակերպության, ինչպես նաեւ անհատ բարերարների աջակցության շնորհիվ, որի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը»:

«Նաքաշյան» կենտրոնի աշխատակազմը իր հոգածության տակ գտնվող աղջիկներին, ինչպես նաեւ նրանց ծնողներին աջակցում է մեկամյա խորհրդատվությամբՙ ընտանեկան առողջ հարթակ ստեղծելու նպատակով:

«Նաքաշյան» կենտրոնը սոսկ հաստատություն չէ, այլ ընտանեկան ջերմ մթնոլորտով տոգորված հայկական օջախ: Այն իր աշխատակազմով փորձում է իրեն հանձնված աղջիկների հոգում սերմանել ճշմարիտ ու նվիրյալ հայ մոր տիպարը, որպեսզի նրանք ապագայում դառնան հայ ընտանիքը սիրո խորան, սրբության տաճար ու Աստուծո բնակարան դարձնող մայրեր, իրենց ծնունդները որպես լույսի որդիներ սնուցող եւ դաստիարակող լուսաշող ծնողներ:

2017 թ.-ի հունիսի 15-ին «Նաքաշյան» կենտրոնի աղջիկներից մեկըՙ Արմինե Արշակյանը, ընտանիք կազմեցՙ ամուսնանալով Սուրեն Վարդանյանի հետ: Արմինեն 2012 թ.-ին մուտք գործեց «Նաքաշյան» մեծ ընտանիք, ուր հասակ առավ եւ հայեցի ու քրիստոնեական դաստիարակություն ստացավ: Իսկ այսօր արդեն ինքնավստահ եւ ուսյալ անձնավորություն դարձածՙ ստեղծեց իր տաքուկ բույնը:

Երջանկահիշատակ Գարեգին Բ. Կաթողիկոսը ասել է. «Հույսը իրեն հեռակետ ունի զԱստված եւ իբր նպատակակետՙ բարին»: «Մեր հույս» կազմակերպությունը ոչ միայն հուսով է, այլ մշտապես հուսադրում է մեր հայ աղջիկներինՙ նրանց լուսավոր ապագա պարգեւելով: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին, այս ծրագիրը կյանքի կոչողներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ