ԱՆԴՐԱԴԱՐՁ «ՔՈ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ» Հ.Ծ. «Քո կյանքի ընթացքում ապրիր այնպես, որ գարշելի սպառնալիքներից հեռու մնաս: Փնտրիր լավությունը ամենուրեք, եւ երբ գտնես, դուրս բեր այն իր թաքստոցից: Քիչ արժեւորիր նյութականն ու մարմնականը, որովհետեւ դրանք մահ են պարունակում: Քաջալերիր առաքինությունը:... Ոչ ոքից մի թերագնահատիր կամ գերագնահատիր քեզ: Հիշիր, որ ամեն մարդ քո մի տարբերակն է:... Քո կյանքի ընթացքում ապրիր այնպես, որ չավելացնես թշվառությունն ու դառնությունը աշխարհի, այլ ժպտաս նրա հավիտենական բերկրանքի եւ խորհրդավորությանն ընդառաջ»: Այսպես է պատգամել բոլոր ժամանակի Բարի հսկանՙ Ուիլյամ Սարոյանն իր «Քո կյանքի ժամանակը» պիեսում: Նրա ժամանակի ըմբռնողության եւ «նպատակային կյանքով» ապրելու հորդորների մանրամասն ուսումնասիրությամբ հանդես է եկել մարտի 6-ին Սարոյանի գրական ժառանգության սիրահար, Իրվինի Կալիֆոռնիա համալսարանի շրջանավարտ, արվեստի բնագավառում մագիստրոսի գիտական աստիճան վաստակած Մեգան Ջենդյանը Ֆրեզնոյի Վուդուորդ Պարկ շրջանային գրադարանի դահլիճում: Ըստ երեկոն լուսաբանող լրագրող Մայքլ Ռետտիգի , Ջենդյանը «ժամանակ» հասկացությունը վերլուծել է Սարոյանի գրությունների եւ հայկական եկեղեցական ծեսերի համեմատական քննություն կատարելով: Ջենդյանը առանձնացրել է հայկական հավատի չորս բնորոշ գծերՙ խաչը եւ ճարտարապետությունը, այբուբենը (մասնավորապես 7-րդ «է» տառը), Տերունական տոները եւ շարականները: Ինչպես Սարոյանի, այնպես էլ եկեղեցական ծեսերում, նշել է նա, առկա է կապը հավիտենականության հետ, զարթնելու, մեր աչքերը բացելու եւ ուշադրությունը սեւեռելու կյանքի պարգեւած գրավչության, բարեհաճության վրա, ապրելու անբասիր կյանքով եւ չտարվելու անցողիկ նորաբանություններով, որոնք հոգեկան ամայություն են միայն պատճառում: Երեկոն խիստ ուսուցողական է եղել ներկաների համար: |