RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3081, Տպվել է` 158, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԿԱՄ ԿՈՍՄՈՊՈԼԻՏՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Գիտե՞սՙ ինչպե՜ս է արթնանում խայթված հպարտությունը, ինչպե՜սՙ հանկարծորեն մոխիրի տակից բորբոքվում է կրակը:»

Հայկ Ասատրյան

Ընդհանրապես բոլոր պետություններն իրենց քաղաքների, հատկապես` մայրաքաղաքների փողոցներն անվանակոչում են այնպիսի մարդկանց անուններով, որոնք, անկախ ազգային պատկանելիությունից, որեւէ ծառայություն են մատուցել տվյալ պետությանն ու պետական միավորը կրող էթնոսին: Նայելով Երեւանի փողոցների անուններին, մի պահ հարց է առաջանում` ո՞վ է համարձակվել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի փողոցների անունները կնքել մեզ ոչ մի ծառայություն չմատուցած անձանց անուններով, այն էլ` համարյա բոլորը ռուսների` Կռիլով, Գլինկա, Լերմոնտով եւ այլն: Երեւանում ունենք Մոսկովյան, Ռոստովյան, Չեռնիշեւսկու, Լերմոնտովի, Պուշկինի, Գոգոլի, Կռիլովի եւ մի շարք այլ անունններով փողոցներ: Նշված անձինք բոլորն էլ ակնառու ռուսներ են, եւ տրամաբանական կլիներ նրանց անունները կրող փողոցներ տեսել Մոսկվայում, Ս. Պետերբուրգում եւ այլն, բայց այդ փողոցները Երեւանում են, զգալի մասն էլ գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, կամ` դրան հարող թաղամասերում: Եվ սա այն դեպքում, երբ Երեւանում չկան հայ ժողովրդի ու մշակույթի համար կյանք մաշած մի շարք հայորդիների անունները կրող փողոցներ: Խենթանալ կարելի է, խենթանալ ու հարց տալ պատասխանատուներինՙ տղերք, գի՞ժ եք, բայց չէ, դուք կոսմոպոլիտներ եք, որ մեզ հայտնի «Կոսմոպոլիտի»* պես Աստվածաշունչը համարելով գիրք գրոց, Թալմուդը պիտի դնեք Ավետարանի կողքին ու երկուսին էլ հավասար երկրպագեք:

Այն, որ ԽՍՀՄ տարներին «Ժողովուրդների հոր» անվան սարսափի ներքո փողոցների այսպիսի խայտառակ անվանացանկ ենք ստացել` պարզ է: Իսկ ինչպե՞ս է բացատրվում հետեւյալը` «Ժողովուրդների հոր» մահից ավելի քան կես դար անց, երբ «ժողովուրդները» վերածվել են ազգերի, երբ Հայաստանի երրորդ հանրապետությունն արդեն 30 տարեկան է, Հայաստանի մի շարք փողոցներ բառիս ամենաուղիղ իմաստով կոչվում են մի շարք տականքների անուններով, մասնավորապես` անցյալ դարի 20-30-ական թթ. թրքաբոլշեւիկների:

Լավ, փաստերով խոսենք. ամենաաղաղակող փաստերից մեկը Կասյան փողոցն է, որն անվանակոչվել է ի պատիվ հայ բոլշեւիկ Սարգիս Կասյանի, որը անմիջականորեն ղեկավարել է 1920-21 թթ. հայ սպաների ու մտավորականների աքսորն ու կոտորածը: Մինչեւ վերջ մի զարմացեք, որովհետեւ հիմա ավելի վատ (չնայած` նայած ում համար) բան եմ ասելու. Երեւանում ունենք նաեւ Բուդապեշտի փողոց, ինչպես գիտենք, Բուդապեշտը Հունգարիայի մայրաքաղաքն է, որտեղ ադրբեջանցի սպան կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ու նույն հունգարական իշխանության կողմից ազատ արձակվեց: Ի զարմանս փողոցիՙ երեւանյան գոյության, ասեմ, որ գրեթե յոթ տարի էՙ մենք Հունգարիայի հետ խզել ենք դիվանագիտական բոլոր կապերը:

Թեմատիկ առումով այս երկու փողոցների անիմաստ անվանակոչմանը կարելի է ավելացնել նաեւ Երեւանի 61 հիմնական դպրոցը` որը կրում է Գեւորգ Աթարբեկյանի անունը: Հասկանում եմՙ դպրոցըՙ դպրոց, փողոցըՙ փողոց, բայց ոչինչ հենց այնպես չի արվում. հիշյալ Գեւորգ Աթարբեկյանը Սարգիս Կասյանի ու Ռամիլ Սաֆարովի պես սիրում էր կացնել հայերին: Տիարք, թվո՞ւմ է, թե՞ կացնի մոտիվը շատ եք սիրում... Այդ դեպքում մի փողոց էլ անվանակոչեք Մուղդուսու անունով, նա էլ կացնի մեծ սիրահար էր: Իսկ «Կացին ախպերը» կարդացե՞լ եք, թե՞ միայն գլուխ կտրող «կացիններով» եք հետաքրքրված...

Բայց գիտե՞ք` ամենասարսափելին որն է, երբ մենք արդեն անկախ ենք, երբ մենք ենք մեր գլխի տերը, եւ թվում էՙ ըստ արժանվույն պիտի գնահատենք այն մարդկանց, որոնց շնորհիվ կանք ու այսօրն ունենք, բայց չէ` սկսել ենք «թայֆայական» մտածելակերպով առաջնորդվել ու թե՛ փողոցները, թե՛ դպրոցները կոչում ենք ըստ մեր «թայֆաների» շահերի: Մենք երբեք ազնիվ չեղանք նույնիսկ այս փոքր հարցում, ու, ցավոք սրտի, իրական դեմքերին թողածՙ մեծ փողոցներն ու դպրոցներն անվանակոչեցինք կամ ռուսների կամ էլ «մեր կռուգի ախպերների պապիների ու ատեցների» անուններով, որոնք, ինչ-որ ժամանակ ինչ-որ հայի վրա սուտ մեղադրանքներ բարդելով «առաջ են գնացել»ՙ հանուն «մի քանի մանեթ փողի» ու «պետության շահերի», բայց բոլոր դեպքերումՙ «մի քանի մանեթ փողի» եւ... մի լի կերաման կերի:

Եվս մի կարճ շրջան, եւ սերունդների համար այդպես էլ անհայտության մեջ են մնալու, առանց այն էլ արդեն հանրագիտարանների էջերի արանքում խեղդվող, պատմության փոշու մեջ կորած ցեղամարտիկ հայերըՙ 1915թ. ի բարօրություն հայրենիքի, Ստալբուլում կախաղան հանված 20 հնչակյան նվիրյալներն ու Երեւանի բանտում կացնահարված Ղորղանյանն ու մյուսները, Գարահիսարի ու Ամուրի լանջերին մեզ համար զոհված երկու Պետոներն ու հանուն մի բուռ հայրենիքիՙ մոր աչքերից լիճ արցունք թափող քաջերը, Արշակ Չոբանյանի, Վահան Թեքեյանի, Միհրան Տամատյանի, Արմենակ Եկարյանի, Մկրտիչ Ավետիսյանի, Ռուբեն Հերյանի, Ջիմ Չանգալյանի նման մեծությունները:

Եթե ձեր արածը ազգային անպատասխանատվություն չէ, ապա ասեքՙ ի՞նչ է:

*Խոսքը Շիրվանզադեի համանունՙ «Կոսմոպոլիտը» պատմվածքի հերոս Ալթունովի մասին է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ