ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄիության նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձը կազմակերպության ղեկավարությանը, շրջանակներին, կառույցներին Երեւան, 1-ը մայիսի, 2018թ. - Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը ականատես ու մասնակից են պատմական արտակարգ իրադարձություններիՙ կանգնած կարեւոր նոր հանգրվանի շեմին: Առաջիկա օրերի ու շաբաթների ընթացքում որդեգրվող որոշումներով ուրվագծվելու է մեր ազգի առաջընթացի նոր ուղին: Հայաստանի քաղաքական ու սոցիալական իրադրությունն ամենօրյա զարգացումներով դրսեւորում է հայ ժողովրդի մտահոգությունները: Հայաստանի Հանրապետությունից դուրս ոչ մի անհատ, կազմակերպություն կամ կուսակցություն, որքան էլ բարի տրամադրված լինեն նրանք, այս փուլում չպետք է փորձեն գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի կառավարության ու հայրենաբնակ ժողովրդի ներքին խնդիրների կարգավորման գործընթացում: Մենք խորապես գիտակցում եւ հարգում ենք այս իրողությունը: Հիմնադրումից առ այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հավատարիմ է մնացել աշխարհասփյուռ հայ ժողովրդին ծառայելու իր առաքելությանը, սատար կանգնելու հայրենիքինՙ անկախ տիրող վարչակարգերից: Թե՛ 1918-ին, Առաջին Հանրապետության շրջանում, թե՛ խորհրդային կարգերի ժամանակ, կամ բնական աղետներին ու ճգնաժամերին համընդդեմ, ինչպես նաեւ անկախության 26 տարիներինՙ իրարահաջորդ երեք նախագահների պաշտոնավարության ժամանակաշրջաններում, ՀԲԸՄ-ն գործել է իր առաքելությանն ու ազգանվեր գործունեությանը սատար կանգնած բոլոր իշխանությունների կողքին: Ինչպես անցնող 112 տարիներին, աշխարհի հայ համայնքներում եւ Հայաստանում, հատկապես անկախ հանրապետության հռչակումից հետո, մենք մնում ենք հայրենի պետության կողքին, շարունակելով մեր ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող մեր ծրագրերի ու ազգանպաստ աշխատանքների վրաՙ ի շահ մեր ժողովրդի բարօրությանը: Մինչ քաղաքական զարգացումներն ընթանում են իրենց արագ թափով, մեզ համար ակներեւ է հայրենի երիտասարդ սերնդի ցուցաբերած աննախադեպ հանձնառության ոգին ու վարակիչ խանդավառությունը: Պատմական տարողություն ու ծավալ ունեցող նրանց կամքի արտահայտության խաղաղ ցույցերը, ի տես աշխարհին, հաստատեցին, որ հայ ժողովուրդը կառչած է մնում ժողովրդավարական իդեալներին: Լավատեսության այս ընդհանուր մթնոլորտը թելադրում է նաեւ լինել զգոն ու առաջնորդվել կառուցողական ոգով: Մեզ համար քաջալերական է տեսնել, որ քաղաքական այս վերիվայրումների ընթացքում բոլոր կողմերը կիսում են այն համոզումը, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ, անկախ, ժողովրդավար ու համաժողովրդային պետականութուն, որ իր քաղաքացիներին ապահովում է արդար ու տնտեսական բարգավաճման հնարավորություններ ընձեռող կյանքի պայմաններ: Հայաստանը կարիքն ունի ժողովրդի վստահությունը վայելող ուժեղ կառույցների: Դրանք են այն հիմքերը, որոնց վրա հնարավոր է կառուցել իրապես ժողովրդավար պետություն: Մենք նաեւ պետք է գիտակցենք, որ մեր Եկեղեցին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գերակայությամբ, կարեւորագույն կառույցներից է, որ առանցքային դեր է կատարել հայ ազգի պատմության մեջ: Մենք վստահ ենք, որ Եկեղեցին շարունակելու է ծառայել աշխարհացրիվ մեր ժողովրդին, մասնավորապես նրա կյանքի ճակատագրական պահերին: Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետեւել դեպքերի զարգացումներին, միեւնույն ժամանակ առաջ տանել մեր ազգանվեր գործունեությունը տարբեր համայնքներում, ըստ կարիքների: Ինչպես միշտ, ես իմ բարձր գնահատանքն եմ հայտնում ձեր բոլորին, համայն ազգի բարօրությանը ձեր ցուցաբերած նվիրյալ աշխատանքի համար: |