ՄԻԵԴ-Ը ՍԱՄՎԵԼ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Մ. Խ. Ըստ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությանՙ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանըՙ շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնությունՙ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Քանի որ այդ մեթոդը Հայաստանում չի կիրառվում, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա, այն հիվանդանոց, որտեղ նախկինում նա բուժվել է: Դատարանը նաեւ Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրելՙ հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատըՙ այդ թվում ֆաքսով: ՄԻԵԴ-ը, ըստ հաղորդագրության, զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման: |