ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ (Diaspora Living a Manifestation of Globalization) Բնօրրանից տարագրվելուց ի վեր, հայերիս մոտ ձեւավորվել է այն կարծիքը, որ կյանքն սփյուռքում մեր ճակատագիրն է կամ լավագույն դեպքում նման է հրեաների իրավիճակին: Բայց երկու համաշխարհային պատերազմներն ու տեխնոլոգիաների առաջխաղացումները եկան հաստատելու, որ զանգվածային տեղաշարժերը ապրելակերպի բնական երեւույթներ են: Տարբեր ազգությունների խմբավորումներ, որոնք բռնի տեղահանվել էին իրենց մայրենի երկրից, կազմեցին իրենց համապատասխան սփյուռքը եւ կարողանալ շարունակելու համար իրենց կյանքը ստիպված եղան դիմագրավելու տարաբնույթ մարտահրավերներ: Խորհրդային Միության փլուզումը գաղթականների նորանոր ալիքների առաջացման պատճառ դարձավ: Նրանք գլխավորապես դեպի Արեւմուտք տեղաշարժվեցին սփյուռքյան կյանքին մի նոր շերտավորում ավելացնելով: Բայց Ռուսաստան, Ուկրաինա կամ Կենտրոնական Ասիա մեկնած հայաստացնիները իրենց նախկին ապրելակերպից շատ բան չփոխեցին, քանի որ չունեցան լեզվական եւ մշակութային արգելքներ հաղթահարելու պարտավորվածությունը: Նախկինում արեւմտյան երկրներում կամ Մերձավոր Արեւելքում ապաստան գտած հայերը շատ էին տանջվել, որովհետեւ գաղթականի կյանքը ահավոր ծանր էր նրանց համար: Նրանք նոր միջավայրում էին հայտնվել ցեղասպանության եւ տեղահանության սոսկալի բեռն իրենց ուսերին եւ վերաբնակեցումը նրանց համար մի տեսակ պատիժ էր առաջացած իրենց բնօրրանից անարդարացիորեն դուրս մղվելու հետեւանքով: Նոր ժամանակների գաղթականների համար նորանոր երկրներում հայտնվելը իրենց կենսապայմանները բարելավելուՙ նոր հնարավորությունների եւ ակնկալությունների միջոց է: Մեր ժամանակներում հայերի արտագաղթը, ի տարբերություն սիրիացիների, իրաքցիների եւ լիբիացիների, կամավոր սկզբունքի վրա է հիմնված, այլ կերպ ասածՙ նախնիների հետ համեմատացած, նրանք ընտրության չափազանց մեծ հնարավորություն ունեն: Սփյուռքում ապրող հայերը պահպանում են դեռեւս իրենց կապը մայր հայրենիքի հետ, եւ հավատացած են, որ իրենց ինքնությունը հենց դրանով է պայմանավորված: Հայաստանն ու սփյուռքը ունեն իրենց տեսլականը մեկը մյուսի նկատմամբ, բայց դժվար է սահմանել, թե որտեղ են այդ տեսլականները իրար համընկնում: Մենք մշտապես ստիպված ենք որոնել պատասխանը այն հարցին, թե վերջապես ո՞րն է սփյուռքի տեսլականը եւ առաքելությունը, կամ... ո՞վ է վերջապես ներկայացնում սփյուռքը: Այս վերջին հարցը հատկապես տրվում է այն ժամանակ, երբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, կամ նրանից փոխհատուցում ստանալու հարցերն են առաջ քաշվում: Նաեւ երբ Հայաստանի կառավարության հետ խոսելու առիթ է ստեղծվում: Վերջին տարիներին, շատ գիտնականներ, արհեստավարժ մեկնաբաններ եւ հասարակական գործիչներ գրում են այս թեմաների շուրջ: Երբեմն միայն սփյուռքի մասին, բայց հաճախ նաեւ համընդհանուր հայության մասին: Շատ խելամիտ գաղափարներ եւ տեսություններ են առաջ քաշվում եւ երբեմն նաեւ կազմակերպչական քայլեր առնելու նախաձեռնություններ են երեւան գալիս: Վերջինիս շարքում է բարերար Վահե Կարապետյանը, Կալիֆոռնիայից, որն արդեն կանոնադրություն է մշակել «Համահայկական միաբանություն» անունով սփյուռքյան մի կազմակերպություն հիմնելու համար: Որոշ մարդիկ, որոնք նման խիզախ ծրագրեր են ձեռնարկում, օգտագործում են որոշակի համայնքների արդեն գոյություն ունեցող մոդելներ: Կարապետյանի դեպքումՙ Կալիֆոռնիայի հայկական համայնքի մոդելն է, չնայած նա ձգտում է ամբողջ սփյուռքը ներառել իր ծրագրում: Հայաստանի եւ սփյուռքի համար գլոբալ տեսլականներ ունեն նաեւ Ռուբեն Վարդանյանը, Գյուլբենկյան հիմնադրամը եւ այլ կազմակերպություններ ու անհատներ: Մինչ անկախ Հայաստանի կառավարության պարտականությունն է մշակել իր տեսլականը կամ նպատակային ծրագրերը Հայաստանի եւ ամբողջ հայության հետագա 50 տարիների համար, մենք ականատես ենք լինում, թե ինչպես իշխանափոխություն իրականացրած նոր կառավարությունը փորձում է լուծարել, առանց համոզիչ բացատրությունների, սփյուռքի նախարարությունը: Խոսակցություններ կան, որ սփյուռքի նախարարությունը պետք է ներառնվի մի այլ կառույցիՙ արտգործնախարարության մեջ, սակայն մինչ օրս որեւէ հստակ որոշում չի հրատարակվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ պետք է հիմնել մի կազմակերպություն, որը բացի սփյուռքյան հարցերից, սփյուռքի հետ կապերը սերտացնելուց, զբաղվի նաեւ դեպի հայրենիք ներգաղթի հարցերով: Զանգվածային ներգաղթի նախորդ փորձերը աղետալի են եղել հստակ ու համապատասխան ծրագրերի բացակայության հետեւանքով: Խորհրդային ժամանակներում ի գին մեծ ջանքերի եւ որոշակի մտածելակերպի ներգաղթ կազմակերպվեց Մերձավոր Արեւելքի երկրներից: Այսօր իրավիճակը տարբեր է, եւ թիրախ դարձած համայնքները հիմնականում Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Կենտրոնական Ասիայում են գտնվում, որտեղ նոր կենվորներն այնքան էլ սիրալիր վերաբերմունքի չեն արժանանում, բայց նրանց կապը հայրենիքի հետ դեռ ամուր է: Մյուս համայնքների համար, սփյուռքում ապրելը դարձել է համահարթեցման (գլոբալիզացիայի) գործունեության մի մասը: Նրանք ժամանակ առ ժամանակ Հայաստան են այցելում, նույնիսկ բնակարաններ ձեռք բերում այնտեղ, բայց վերջին հաշվով իրենց հիմնական կեցության վայրը Արեւմուտքն են համարում: Ուզենք, թե չուզենք պետք է ընդունենք, որ սփյուռքում ապրելը մշտական, հարատեւ երեւույթ է: Այդ պատճառով էլ շատերն են ձգտում պարզելու նման հավաքական գոյության շարունակական բնույթի նպատակներն ու դրդապատճառները: Իր բնականոն զարգացման ընթացքում սփյուռքը մասնատվել է եւ կորցրել երբեմնի իր առաջնորդ ունենալու անհրաժեշտությունը: Զորավար Անդրանիկի նման հերոսները անսահման հարգանք էին վայելում եւ հասարակությունը նրան էր նայում որպես առաջնորդի: Նման արժանիքներ ունեցող առաջնորդներ այսօր չկան: Եվ նույնիսկ եթե Անդրանիկն այսօր ողջ լիներ, շատերը չէ, որ նրա խորհուրդներին կամ հրամաններին կհետեւեին: Սփյուռքն այլեւս կարիք չունի առաջորդների, որոնք կմտածեն ու կմտահոգվեն հօգուտ հասարակության եւ ըստ այդմ հրամաններ կարձակեն: Նոր առաջնորդներ են անհրաժեշտ, նոր, տարբեր որակավորումներով: Քաղաքական մեկնաբան Վիգեն Չթրյանը հավատացած է, որ սփյուռքի նոր ղեկավարների համար քննադատական-վերլուծաբանական մտածողություն ունենալն անհրաժեշտ պայման է: Նա գրում է, որ եթե սփյուռքյան ավանդական կառույցները չկարողանան նման մտածողություն դրսեւորել, որն առաջին քայլն է դեպի մարտավարական տեսլական եւ առաջնորդի հատկություն ունենալուն, ապա շատ շուտով նրանք կվերահսկվեն ակտիվիստների, մարդասերների եւ արհեստավարժների մի նոր սերնդի կողմից, որը կցանկանա փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, եւ որը այդ ավանդական կառույցները արդեն ժամանակավրեպ կհամարի: Անշուշտ, սա սպառնալիք կարող է լինել սփյուռքյան ավանդական կառույցների ղեկավարների համար, սակայն կարող է նաեւ նոր հնարավորություններ ստեղծել վերակենդանացնելու համայն սփյուռքնՙ անշուշտ բոլորովին նոր կառուցվածքով: Դժբախտաբար, Հայաստանը դեռ չունի քաղաքական մշակույթ եւ կայուն պետականություն: Ադրբեջանի հետ շարունակվող պատերազմը եւ տարածաշրջանի ընդհանուր անկայունությունը թույլ չեն տա, առնվազն տեսանելի ապագայում, կազմավորելու կայուն եւ ամուր պետականություն: Եթե Հայաստանը հասած լիներ այդ կարգավիճակին, ապա սփյուռքն անպայմանորեն կողջուներ իր գործերին խառնվելու Հայաստանի կառավարության միջամտությունը: Դարերի ընթացքում հայերը որոշ երկրներում կուտակել են հսկայական համայնական հարստություն եւ ակտիվներ, որոնց կառավարման եւ պահպանման միջոցները վեր են իրենց կարողություններից: Սփյուռքը դարձել է անղեկավար մի ամբողջություն, մի մարմին, որն անկարող է այլեւս հոգալու իր ճակատագիրը: Մենք հասել ենք մի կետի, որտեղ բարձրագույն մի իշխանություն է պետք, որպեսզի կարգավորի ճակատագիրը, օրինակ Կալկաթայի (Հնդկաստան) հայկական մարդասիրական քոլեջի: Այդ իշխանությունը նաեւ լիազորված պետք է լինի դպրոցներ փակելու-չփակելու (ինչպես օրինակ Մելգոնյան կրթական վարժարանը Կիպրոսում) եւ Երուսաղեմի պատրիարքարանի անշարժ գույքի պայմանագրերը վերանայելու իրավունքով: Անասելի մեծ չափերի բարոյական եւ նյութական արժեքներ այսօր վտանգի տակ են գտնվում սփյուռքում: Ներկա մասնատված ղեկավարության ուժերից վեր է վերակազմակերպել սփյուռքը եւ որոշել նրա ապագան: Իսկ Հայաստանը դեռ երկար տասնամյակների կարիքն ունի, որպեսզի կարողանա ձեռք բերել կայուն պետականություն եւ ձեռք մեկնել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներին: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) |