ՍՊԻՏԱԿ ԱՆՀԱՅՏ ԱՂԱՎՆԻՆԵՐ ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ Հիվանդի օրագրից ...Գուցե հանդիպենքՙ ես չճանաչեմ... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶ յս նյութը նվիրում եմ «Նորք» եւ «Սուրբ Աստվածամայր» (նախկին ծննդատուն) ինֆեկցիոն հիվանդանոցների ղեկավարությանը եւ անձնակազմին, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր բուժաշխատողներին, որոնք արդեն երկար ամիսներ անխոնջ պայքար են տանում մեր բոլորի առողջության եւ կյանքի համար։ Ժամանակը, որն անհրաժեշտ եղավ առօրյայից տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, կայծակնային էր։ Միանման սպիտակ համազգեստով բուժանձնակազմի գործողություններից ենթադրեցի, որ իմ խնդիրը լուրջ է։ Ավելի ուշ պետք է հասկանայի նաեւ, որ առողջությունս ծայրահեղ վիճակում է, իսկ կյանքսՙ վտանգված։ Վերակենդանացման բաժին տեղափոխվելը, տեղավորվելը, շնչառական հատուկ սարքի միացումը, դիմակի տեղադրումը անհավանական արագ էր եւ շոկային։ Դիմակ... Ըստ էության այն իմ փրկիչն էՙ շնչեցնողը, ապրեցնողը։ Միեւնույն ժամանակ, այն իմ էությունն ու անկախությունը նսեմացնողն է։ Դիմադրում եմ... Ինձ բացատրում ենՙ մի դիմադրիր, շնչիր դիմակին համահունչ, օգնիր դիմակին, որ նա էլ օգնի քեզ։ Հանձնվում եմ.... փորձում եմ հարմարվել եւ շնչել դիմակով։ Հաջողվում է, շնչում եմՙ մեկ, երկու, երեք․․․ Դիմակն այնպիսին է, որ բազմաձայն շվիի նման ձայներ է արտաբերում․․․ Սկսում եմ ակամայից անհարմար զգալ այդ ձայներիցՙ ասես ձայների «հեղինակը» ես եմ։ Ձայները չեզոքացնելու համար երկու ձեռքով վերցնում եմ դիմակը, եւ ամբողջ դեմքով «մտնում» նրա մեջ։ Եւ․․․ շնչում եմ, շնչում... Օրգանիզմս ստանալով անհրաժեշտ թթվածինըՙ թույլ է տալիս, որ մտածեմ։ ... Դեռ երեկ տանն էի, քաղաքում, զբաղված էի առօրյայով, լուծում էի խնդիրներ, ունեի խնդիրներ, կային նպատակներ․․․ Եվ ո՞ւր են դրանք․․ Փորձում եմ վերհիշել. չեմ կարողանում. ողջ էությունս կենտրոնացած է շնչելուն։ Այո, նորից Դիմակ։ Դիմակն այնքան ամուր եմ սեղմում, որ ոչ միայն իմ բաժին օդը դուրս չփախնի, այլ նաեւ իմ բաժին օդից օտար, տհաճ ձայներ չառաջանան... ու պետք է շնչեմՙ մեկ, երկու, երեք․․․ Արդեն մի փոքր հարմարվել եմ այդ ռիթմին, իրավիճակին, եւ սկսում եմ աչքերով աջ ու ձախ նայել. ամենուր միանման սպիտակ համազգեստով բուժանձնակազմն էՙ զբաղված, վազքի մեջ։ Կողքիդ կինը տնքում է․․․ կանչում էՙ Մայրապե՜տ, Մայրապե՜տ․․․ «Մայրապե՞տն ով է, ի՞նչ նոր պաշտոն է․․․» Եկավ Մայրապետըՙ սպիտակ համազգեստով, ճիշտ նույնը, ինչ բժիշկները։ Սիրալիր հարցնում է, թե ինչով կարող է օգտակար լինել։ - Ես խնդիր ունեմ․․․ - ցածր ձայնով ասում է կինը։ Անմիջապես ընբռնելով խնդիրըՙ Մայրապետը պատասխանում է. - Մի՛ անհանգստացեք, մենք հիմա ամեն ինչ կանենքՙ «շտոռը» կդնենք․․. Պետք չէ անհանգստանալ... - Ախր այստեղ տղամարդ կա․․․ - շարունակում է կինը։ - Ոչինչ, ոչինչ, մի անհանգստացեք, մենք միասին ավելի կարեւոր խնդիրներ ունենք լուծելու․․. – Մայրապետը հանգստացնում եւ շեղում է հիվանդի ուշադրությունը։ Եվ ահա այդ կնոջ խնդիրը սպիտակ համազգեստով բուժանձնակազմի տիրույթում է. վազում են..., բերում են..., տանում են․․. Եվ ահա կինը հանգիստ է։ Իսկ ես ծարավ եմ, բերանս մշտապես բաց է, չորացել էՙ ինձ շտապ ջուր է պետք․․․ Ջո՜ւր, ջու՜ր, սա՜ռը ջուր։ «Էն արձանը ինչո՞ւ տարան-կորցրին», - մտաբերում եմ սառը Ջուր վաճառող տղային։ Ահա հասկանում եմ, որ կյանքիս ամենամեծ ցանկությունն էՙ սա՜ռը ջուր խմելՙ Քուչակի սառը ջուրը, Ավանի, Գառնու․․․ Մեծ բաժակով, մեծ շշով, ամենամեծ շշովՙ Հայաստանի ամենասառը ջուրը։ Անզոր եմ անգամ ինքնուրույն գնալ եւ ջուր խմել, ավելինՙ Դիմակն էլ թույլ չի տա։ Ու հանկարծ նկատում եւ հասկանում եմ, որ ախր սենյակում մեծ անցուդարձ է տիրումՙ սպիտակ համազգեստով բուժանձնակազմը անվերջ գնում է, գալիս, եւ, այսպես թե այնպես, ես իրենց ուշադրության տիրույթում եմ։ Չկա «Մայրապե՜տ» կանչելու անհրաժեշտություն, ավելինՙ Դիմակն էլ թույլ չի տա։ Հետաքրքիր էՙ եւ ո՞վ է վերջապես Մայրապետը։ Գուցե եւ Հայրապետ է՞լ կա հիվանդանոցում։ Միանգամից բերում են ջուրը «տրուբոչկայով» եւ օգնում են խմել։ Ագահորեն խմում եմ... այդ պահին թերեւս դա է ամենամեծ երջանկությունը։ ... «Ջուր եմ ծախում, սառը ջուր... Էս կուլայով շա՜տ պուճուր...» - մտաբերում եմ երգի բառերը։ Ինձ մոտ ծնվում է «շնորհակալություն» ասելու մե՜ծ ցանկություն, որովհետեւ այդ պահին սառը ջուրն ամենացանկալի բանն էր, ինչ կարելի էր երազել։ Հավանաբար դա ծանոթ իրավիճակ էր սպիտակ համազգեստով բուժաշխատողի համար։ - Դե հիմա խնդրում եմ դիմակը շտապ հագեք եւ շնչեք։ Ձեզ շնչել է պետք... Շուտով կգա հաց ուտելու ժամանակը. մենք Ձեզ կօգնենք։ Իսկ հիմա շնչեք... Ձեզ անհրաժեշտ ամեն բան, մենք կկազմակերպենք։ Ոչնչից չանհանգստանաքՙ մենք այստեղ ենք եւ միշտ պատրաստ, - պատասխանի մեջ զգում եմ ժպիտը ու բարությունը։ Դիմակի անհարմար գործածումից առաջացող տհաճ ձայներից խուսափելու համար կրկին ստիպված եմ երկու ձեռքերով ամուր բռնել այն եւ դեմքով «մտնել» նրա մեջՙ փակելով բոլոր հնարավոր սողանցքներըՙ իմ բաժին օդից մեկ կաթիլ անգամ դուրս չթողնելու համար։ Մեկ, երկու, երեք...։ Ահա եւ հասա նպատակիս։ Այսօր, այս պահին, ու չգիտեմ, գուցե եւ դեռ երկար օրեր, իմ կյանքի ամենակարեւոր նպատակն էր լինելու այդ օտար, տհաճ ձայները ճնշել, ճնշել ու շնչել, շնչել, շնչել... Հաղթանակս սկսում է գոհացնել ինձ, ծնվում են հույսի, ուրախության երանգներ... Գուցե մտածեքՙ ինչ ուրախություն է որ։ Սակայն երբ կայունանում է շնչառությունս, նոր մտքեր են ի հայտ գալիս․ միտքս տարածվում է, ընդարձակվում է հետաքրքրությունների շրջանակը։ Սկսում եմ մտածելՙ էս ի՞նչ եղավ, էս ի՞նչ վիճակ է, ինչո՞ւ։ Սեփական դատողություններով եւ ուսումնասիրության արդյունքներով իմ վիճակիս փոփոխության վերաբերյալ դրական դինամիկան ես պետք է արձանագրեի օրեր անց, շատ օրեր անց, երբ առանց դիմակի ապրեցի շուրջ երկու րոպե, հարյուր քսան երկար ու ձիգ վայրկյաններ։ Ինչ խոսք, ոգեւորիչ էր. հաղթանակ էր։ Իսկ ինչ ունեի ես այդ «երկու րոպե հաղթանակից» առաջ։ Ունեի մի հոգեվիճակ, երբ իմաստազրված են այն ամենը, ինչը մեկ տարի առաջ, մեկ օր առաջ, ավելինՙ մեկ ժամ առաջ կարեւոր են եղել ։ Ահա, աշխատավայրում խնդիր ունեմՙ այն էլի կա, բայց ինձ համար այն այլեւս իմաստ չունի. երեխային ասելիք ունեիՙ էլ չկա դրա անհրաժեշտությունը, պատրաստվում էի հոդված գրելՙ էլ ի՞նչ հոդված... Դատարկ է ամեն ինչ։ Անիմաստ։ Անցյալի մասին չեմ էլ ցանկանում մտածել։ Ապագայի մասինՙ ի՞նչ ապագա ։ Հասկանում եմ, որ պետք է հարազատներին վերջին հրահանգները տամ։ Բայց արի ու տես, որ չեմ կարողանում ընդունել, որ դրանք վերջինն են։ Մի՞թե դա հնարավոր է։ Իսկ իրականության մեջ այլ գործընթաց է... Ու ես, անկախ իմ հոգեվիճակից, անկախ իմ ներքին պայքարից, պարտադրված եմ վերադառնալ այդ իրականություն, որտեղ սպիտակ համազգեստով բուժանձնակազմն էՙ անվերջ շտապող, վազող, հասնող...։ Ահա մեկը մոտեցավ․ - Ինչպե՞ս ես, հայրիկ։ Հարմա՞ր է։ Ջուր պե՞տք է։ Շուտով բժիշկը կմոտենա։ Անկեղծ ասած, հիվանդությունը ոչ միայն մարմինս էր հյուծել, այլ նաեւ իմ ողջ պոզիտիվ ներաշխարհը, եւ ինձ համար արդեն միեւնույնն էրՙ կմոտենան, չեն մոտենա, կխոսեն, թե չեն խոսի... տարբերություն չկա։ Իսկ ինչ տարբերություն այլեւս, երբ ես հանձնվել եմ բԺիշկներին ու հանձնել իմ կյանքի պայքարը իրենց։ Մտածում եմՙ ո՞վ են այս մարդիկ, ի՞նչ են այստեղ անում, ինչի՞ են այդքան շատ, ինչո՞ւ են իմ շուրջը։ Տեսնես իրենք հավատո՞ւմ են, որ կապաքինվեմ։ Երեւի թե նրանց հավատն ավելի կարեւոր է, քան իմը այս պահին։ Կարծում եմ այս իրավիճակում հայտնված ցանկացած աթեիստ մտքով, աչքերով ու մեծ հույսով սկսում է փնտրել Նրան. բա էլ ինչ է մնում իրեն։ Ավելին, սկսում է անհանգստանալՙ Նա նկատե՞լ է իրեն... արդյո՞ք կների... կտա՞ եւս մեկ հնարավորություն... Այս ընթացքում սպիտակ համազգեստներով բուժաշխատողները գնում են, գալիս, հուսադրող խոսքեր ասում. - Լավ է լինելու, հայրիկ ջան, չմտածեսՙ հեսա բժիշկը կմոտենա եւ․․․ տես ինչ լավ թվեր է ցույց տալիս ապարատը... Երեւի բոլորին են ասումՙ իհարկե, պետք է ասեն։ Ավելինՙ պալատում ձեւավորել են ջերմ եւ հուսադրող մթնոլորտ։ Սակայն, լինելով մտածող, տրամաբանող մարդ, հասկանում եմ, շատ բան եմ հասկանում... այդ ամենը կոնկրետ իմ առողջացման հետ դեռեւս ոչ մի առնչություն չունի։ Ամեն օրը նույնն է, միայն պալատում հիվանդներն են փոխվումՙ մեկը գնում է, մյուսը գալիս։ Մտքովս չի էլ անցնում, որ դեռ երկար օրեր պետք է անցկացնեմ այս պալատումՙ իմ Դիմակի հետ, բայց ամեն բացվող օրվա հետ ավելի ու ավելի եմ հավատում «Լավ է լինելու, հայրիկ ջան, չմտածես» խոսքերին։ Իսկ շուրջս ամեն օր նույն տեսարանն է... բուժանձնակազմըՙ իր սպիտակ համազգեստներովՙ անհարմար, շոգ, անխոնջ, վազում են, արձագանքում, շտապում... Որտեղ եմ տեսել այս ամենը... ո՞ւմ են նման, ինչի՞ն են նման... Ինչ-որ բան են հիշեցնում... Բայց ի՞նչ։ Փորփրում եմ հիշողությանս անկյունները, համադրում, համեմատում, գուցե հորինում։ Բայց ահա, կարծես գտա... Այո։ Հիշեցի։ Ես տեսել եմ նրանց։ Այս «սպիտակ» մարդիկ հիշեցնում են ինձ հրեշտակներին։ Տուն ու տեղ թողած, եկել են ինձ օգնելու ու փրկելուՙ չիմանալով անգամ ով եմ եսՙ լավն եմ, թե չէ, արժանի եմ, թե ոչ, ի՞նչ տեսակ մարդ եմ... Ես իրենց չեմ ճանաչում։ Իրենք բոլորն իրար նման են։ Իրենք նման են մեր եկեղեցիների շուրջը սավառնող աղավնիներին։ Վերջ, ամեն ինչ պարզ է... Իրենք ՍՊԻՏԱԿ ԱՆՀԱՅՏ ԱՂԱՎՆԻՆԵՐ են։ Իրենց մեջ եմ տեսնում այն հույսը, հավատը ու վստահությունը, որ փնտրում է թե հավատավորը, թե աթեիստը այս հիվանդության ճիրաններում։ Իրենք են Աստծո ձեռքով օգնում ինձՙ ասելով «Լավ է լինելու, հայրիկ ջան, չմտածես»։ *** Իմ հիշողության մեջ դաջվեցին նրանց աչքերը. աչքեր, որոնց մեջ երբեւէ չնկատեցի չարություն, անտարբերություն, մեծամտություն... չարաբաստիկ «մատովի ապակու» սառնությունը։ Իրենք իրենց ջերմությամբ, ուշադրությամբ, պրոֆեսիոնալիզմով, մարդասիրությամբ լցրեցին այն մեծ անդունդը, որ գոյացել էր այս սարսափի արդյունքում իմ ու իմ կյանքի միջեւ։ Այդ անդունդը ծածկեցին առողջությամբ ու կյանքով։ Այս համամարդկային պատերազմում հենց ԻՐԵՆՔ են սահմանին կանգնած ԶԻՆՎՈՐԸ. կանգնած են վստահ, ուժեղ, համառ, փառքով կատարում են իրենց մասնագիտական եւ աստվածահաճո առաքելությունըՙ գիտակցելով, որ զոհասեղանին դրված է սեփական առողջությունը եւ ԿՅԱՆՔԸ։ Նրանց նվիրումի եւ կատարած աշխատանքի համար շնորհակալական խոսքերը քիչ են... Այնուամենայնիվ, շնորհակալությունս եւ մեծ երախտիքս ՁԵԶՙ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ, ԱՆԿՈՏՐՈՒՄ, ՏՈԿՈՒՆ, ԽԻԶԱԽ... «ՍՊԻՏԱԿ ԱՆՀԱՅՏ ԱՂԱՎՆԻՆԵՐ»․․․ Դիմում եւ խնդրում եմ Կառավարությանը եւ առողջապահության նախարարությանը սահմանել «ՍՊԻՏԱԿ ԱՆՀԱՅՏ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՕՐ» եւ դրանով ամրագրել մեր հասարակության եւ պետության շնորհակալ վերաբերմունքը այս մարդասեր մասնագիտության եւ այն մեծ փառքով ու պատասխանատվությամբ կատարող ՍՊԻՏԱԿ ԱՆՀԱՅՏ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ հանդեպ։ Խմբ. կողմից. - Հինգ շաբաթից ավել կյանքի համար պայքարելուց հետո «Ազգ»ի կայքէջի հիմնադիր, webmaster, անվտանգության գծով պատասխանատու եւ էությամբ ու մասնագիտությամբ գիտնական Վալերին վերադարձավ տունՙ իր ընտանիքին: Իր երկրորդ ընտանիքըՙ «Ազգ»ի խմբագրակազմը ողջունում է հարազատ աշխատակցի, հերոսի՛ վերադարձը եւ միանում այս օրերին հազարավոր կյանքեր փրկող մեր բուժաշխատողներին նվիրված նրա երախտագիտական խոսքին: Նկար 2. Իմ բարի Սպիտակ Աղավնիՙ Էռնա Մելքոնյան |