ԼԵՍ ՄԱՐՍԴԵՆ. «ԿԻՐՔԸ ԵՎ ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՐՈՇ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԻՆ» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Հայազգի ամերիկյան դերասան, բեմադրիչ, թատերագիր, երգահան եւ դիրիժոր Լես Մարսդենը (Մարտիրոսյան) ծնվել է 1957-ին, Ֆրեզնոյում: Չորս տարեկանից նվագել եւ 11-ից դասավանդել է դաշնամուր, իսկ 13-ումՙ գրել իր առաջին սիմֆոնիան: Դեռեւս դեռահասության տարիներին եղել է Կալիֆոռնիայի Պատվո եւ Ֆրեզնոյի պատանեկան ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր շեփորահար, կատարել սեփական ստեղծագործությունները, միաժամանակ խաղացել տեղի թատրոնում: Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում մասնագիտացել է թատերարվեստի մեջ: Այդ ժամանակաշրջանում գրել, արտադրել եւ իր խաղարկությամբ ներկայացրել է «Մի գիշեր Հարփոյի հետ» եւ «Գրաուչո. կյանքը ռեւյուում» մենաներկայացումները, որոնց հերոսներն են հռչակավոր կինոկատակերգակներ Մարքս եղբայրները: Լես Մարսդենը մասնակցել է ամերիկյան եւ միջազգային բազմաթիվ դրամաների, կատակերգությունների ու մյուզիքլների, կինոֆիլմերի, հեռատեսիլի արտադրությունների եւ գովազդների: Եղել է անգլիական «Լորենս Օլիվիե» մրցանակի թեկնածուՙ «Տարվա կատակերգություն» անվանակարգում, արժանացել Լոնդոնի քննադատների մրցանակին ու այլ պարգեւների: Հանդես է եկել այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Ալբերտ Ֆինին, Ռոբերթ Ռեդֆորդը, Վանեսա Ռեդգրեյվը, Բերթ Ռեյնոլդսը, Ջերեմի Այրոնսը եւ այլք: 1999-ին Վաշինգտոնում մի ներկայացման ժամանակ Մարսդենը ստացել է ոտքի ծանր վնասվածք, որի պատճառով նրա դերասանական կարիերան ավարտվել է: Հաշմանդամ դառնալովՙ նա թոշակի է անցել 42 տարեկանում եւ վերադարձել է Կալիֆոռնիա: Այստեղ նվիրվել է երաժշտական գործունեության, 2001-ին հիմնել է Մարիպոսա քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը, որի նվագավարն է մինչ օրս.... - Հարգելի Լես, ձեր մասին կարդացել էի դեռ խորհրդային տարիներին, «Ժամանակակից հեռուստատեսության եւ կինոյի դերասաններ» ժողովածուի 4-րդ հատորում ու տպավորված էի ձեր դերերով ու կատակերգուի բնորոշ դեմքով: Այդ մինչհամացանցային ժամանակներում անհավանական էր պատկերացնել, որ մի օր կկարողանամ դիտել ձեր տեսահոլովակները եւ հարցազրույց վարել ձեզ հետ, ուստիեւ շատ ուրախ եմՙ ձեզ ներկայացնելով հայ ընթերցողին... - Շնորհակալ եմ, Արծվի, եւ ես խոնարհվում եմ այն փաստի առաջ, որ Հայաստանում ինձ գիտեն, թեկուզ թեթեւակիորեն: Ինձ համար պատիվ էՙ այս հարցազրույցով ներկայանալու մեր ժողովրդին: Հայկական ծագումս միշտ էթնիկ հպարտության զգացողություն է ինձ պարգեւել. ես բախտավոր էիՙ հասակ առնելով մեծաքանակ հայ բնակչությամբ Ֆրեզնո քաղաքում... - Դուք հանդես եք եկել համաշխարհային թատերագրության նշանավոր դեմքերի պիեսներում` Շեքսպիր, Չեխով, Իբսեն, Հելլման, Դուրենմաթ, Նիլ Սայմոն... Ովքե՞ր են ձեր սիրելի հեղինակները եւ որո՞նք են նախընտրելի դերերը: - Գիտեք, հրաշալի հարց է, քանի որ նույնիսկ հիմա ինձՙ որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի, նույն հարցն են տալիսՙ ովքե՞ր են ձեր սիրած կոմպոզիտորները: Եվ պատասխանը շատ հեշտ է. նրանք, որոնց երաժշտությունը ես կատարում կամ փորձում եմ տվյալ պահին: Նույն պատասխանը վերաբերում է թատերագիրներին եւ դերերին: Միշտ պետք է հափշտակվես այն դերով, որը խաղում ես, անգամ եթե կերպարը շատ հաճելի կամ սիրելի չէ: Քանի որ անգամ ամենամեծ սրիկան իրեն սրիկա չի համարում. նա ընդամենը անում է այն, ինչ կարծում է, որ իր համար ամենալավն է... Այդուհանդերձ, եթե տամ երեք անուն, կարծում եմ, որ Չեխովն իմ սիրելի հեղինակների շարքում կլինի: Նա հրաշալիորեն կարողանում է մարդկային գոյության հաճախ դառը դրությունը զուգակցել կատակերգության հետ, եւ այդպիսի երկվությունն ինձ միշտ դուր է եկել. մութըՙ լույսի, ողբերգականըՙ հեգնականի հետ: Եվ Չեխովի բոլոր կերպարներն այնքան հարուստ կերպով են պատկերված: Շեքսպիրը նույնպես այն գրողն է, որին շատ եմ ակնածում: Փաստը, որ այս մարդն արտասովոր թեթեւությամբ է գրել կատակերգություն եւ ողբերգություն, դրամա եւ պատմական գործՙ օգտագործելով անգլերենի հոյակապ պոեզիան, արդեն իսկ ուշագրավ է: Շեքսպիրն ապրում ու շնչում էՙ դուրս ժամանակից, միջազգային սահմաններից, սոցիալ-տնտեսական պայմաններից, կարծես նա իր պիեսներն ընդամենը երեկ գրած լինի: Եվ կզղջամ, եթե չհիշատակեմ իմ շատ սիրելիներից ամերիկացի Ջորջ Քաուֆմանի անունը, որը սովորաբար գրում էր այլոց հետ համագործակցելով, բայց միշտՙ լավագույնների հետ: Նրա գրեթե բոլոր գործերը կատակերգություններ են եւ պարզապես հրաշալի են... - Կարո՞ղ ենք ասել, որ Մարքս եղբայրներիՙ Հարփոյի, Չիկոյի եւ Գրաուչոյի դերակատարումները ձեր ամենից ինքնատիպ գործերն են, որ կմնան ամերիկյան թատրոնի պատմության մեջ: - Ես ո՞վ եմ, որ ձեզ հետ վիճեմ: Իսկ եթե լուրջ, չնայած ես տարիների ընթացքում մարմնավորել եմ բոլոր եղբայրներին տարբեր շոուներում, առավել ինքնատիպը Հարփոյի եւ Չիկոյի զույգ դերերն էին, որ հատուկ ինձ համար գրեցին Ռոբերթ Ֆիշերը եւ Արթուր Մարքսը (Գրաուչոյի որդին) «Գրաուչո. կյանքը ռեւյուում» պիեսում: Այն խիստ նշանակալից եղավ իմ կարիերայում: Նրանք հետո ցանկացան շոուի մեջ ներգրավել նաեւ Հարփոյի կերպարը, բայց վերջինիս այրինՙ Սյուզանը, շատ էլ կողմ չէր: Ի վերջո նա համաձայնվեցՙ պայմանով, որ նույն ներկայացման մեջ Հարփոյի դերը նույնպես ինքս խաղամ: Ինձ համար անչափ հաճելի էր խաղալ կրկնակ այդ դերը: Որոշ անցումներ այնքան արագ էին, որ ես դուրս էի գալիս մի դռնից որպես Չիկո եւ բառացիորեն, վայրկյանների ընթացքում, մյուս դռնից մտնում էի որպես Հարփո: Ոմանք չէին հավատում, որ երկու եղբայրներին էլ նույն դերասանն է խաղում: Եվ ես ոչ միայն խաղում էի նրանց դերերը, այլեւ երկուսի ոճով էլ նվագում էիՙ տավիղ եւ դաշնամուր... - Ասում են, որ ավելի հեշտ է հանդիսատեսին լացացնել կամ զայրացնել, քան ծիծաղեցնել: Ինչպե՞ս եք կարողացել հանդիսատեսին ծիծաղեցնել: - Կարծում եմՙ միանգամայն ճիշտ է: Բայց գաղտնիքը (գոնե ինձ համար) նույնն է` հանդիսատեսը հուզականորեն չի ներդրվի կերպարի մեջ եւ իրապես չի հուզվի, եթե դերասանը սոսկ մակերեսային խաղ ցույց տա: Պետք է նրան համոզել, որ կատարվածն իրական է ու հավաստի: Նույնը վերաբերում է նրանց ծիծաղելուն: Քիչ բացառություններով (եւ դրանք մասնավորապես վերաբերում են ֆարսի ժանրին) շատ ավելի հեշտ կլինի հանդիսատեսին ծիծաղեցնել, եթե նրանք կարողանան ամբողջությամբ հավատալ ձեր պատկերածին եւ եթե ծիծաղը ծագի ներկայացված իրավիճակի ճշմարտացիությունից: Կատակերգական վիճակը պիտի լինի այնպիսին, որը կարող է պատահել հենց իրենՙ հանդիսատեսին: Մի հին խոսք կա, որն ավելի քան ճշմարիտ է. «Ողբերգությունն այն է, երբ ահավոր մի բան պատահում է քեզ. կատակերգությունն այն է, երբ ահավոր մի բան պատահում է ուրիշին»: Միայն թե երկու դեպքում էլ պետք է համոզիչ լինել... - Երաժշտությունն արվեստի մեկ այլ ձեւ է, որի մեջ արդեն եղել եք թատրոն մուտք գործելուց առաջՙ լինելով երաժիշտ հրաշամանուկ... - Այո, երաժշտությունը եղել է իմ մի մասը, իմ հոգու մի մասնիկն այն ամենավաղ շրջանից, որը կարող եմ հիշել: Մեր տանը միշտ դաշնամուր է եղել, ծնողներս ասում էին, որ ընդամենը երեք տարեկան էի, երբ հեռաստեսիլով երաժշտություն հնչելիս ես փորձում էի կատարել այդ մեղեդին դաշնամուրով, չնայած հազիվ էի հասնում ստեղներին: Դաշնամուրի դասերս սկսեցի չորս տարեկանում եւ 11-ում ավարտեցի նախատեսված տասնամյա դասընթացը, արժանացա Կալիֆոռնիայի երաժշտության ուսուցիչների ընկերակցության հավաստագրին ու սկսեցի դաշնամուրի դասեր տալ: Ես նաեւ շեփոր էի նվագում եւ ունեի նաեւ շեփորի ուսանողներ... - 2002-ին ստեղծեցիք Մարիպոսայի սիմֆոնիկ նվագախումբը: Սովորակա՞ն է, որ ամերիկյան փոքր քաղաքն ունենա սեփական սիմֆոնիկ նվագախումբը: - Ո՛չ: Իրականում Մարիպոսան սեփական սիմֆոնիկ նվագախումբ ունեցող ամենափոքր ամերիկյան քաղաքն է: Նվագախմբային երաժշտությունը միշտ եղել է իմ կիրքը, եւ նույնիսկ դերասանական գործունեության տարիներին երաժշտական պարապմունքներն առաջնահերթ են եղել: Ես զարմացնում էի թատրոնի իմ հանդիսատեսինՙ նվագելով տարբեր գործիքներ (կլառնետ, սաքսոֆոն, դաշնամուր, կլավեսին, տավիղ): Նաեւ երաժշտություն եմ գրել, գործիքավորում կամ վոկալ կոմպոզիցիաներ կատարել բեմադրությունների համար: Ես զգում եմ, որ իմ երաժշտական կրթությունը երբեք չի ավարտվում, միշտ, ամեն օր փորձում եմ ավելին իմանալ ինձ հետաքրքրող ամեն ինչի մասին: Նվագախումբը սկսեցինք 17 երաժիշտներով, իսկ մեր երկրորդ համերգին արդեն ունեինք 45 երաժիշտ: Այժմ Մարիպոսայի սիմֆոնիկ նվագախումբն ունի 55-60 երաժիշտՙ թեկնածուների ցուցակով հանդերձ... - Դուք բնիկ ֆրեզնոցի եք: Հայերիս համար այս քաղաքի անունը զուգորդվում է Վիլյամ Սարոյանի անվանը: Երբեւէ հանդիպե՞լ եք քեռի Բիլին: - Ոչ, բայց շատ կցանկանայի հանդիպած լինել: Մորաքույրս` Ռոուզ Մակարյանը, անձամբ ծանոթ էր հետը, եւ, ըստ երեւույթին, Սարոյանն ամեն ինչ գիտեր իմ մասին: Նա համեմատաբար համեստ տուն ուներ, ոչ շատ հեռու մերոնց տնից, բայց նա մահացավ այն ժամանակ, երբ ես նոր էի ցուցադրում իմ մենաներկայացումը: Ինձ ասում էին, որ կյանքի վերջում նա վատառողջ էր, եւ ես, լինելով (կամ գոնե փորձելով լինել) միշտ քաղաքավարի երիտասարդ, չէի ուզում անհանգստացնել նրան: Եվ իհարկե, երբեք չես մտածում (մանավանդ երբ երիտասարդ ես), որ մեկը կարող է մահանալ, ու նրա հետ առնչվելու ձեր հնարավորությունը հավերժ կկորչի: Բացի այդ, ես փոքր-ինչ ամաչկոտ էի բեմից դուրս... - Ձեր երկու ծնողներն էլ հայեր են: Գիտե՞ք, թե որտեղ է հասնում նրանց ծագումնաբանությունը: - Մի քիչ: Տարիներ շարունակ ես փորձում էի համոզել մորսՙ գրի առնել մեր ընտանիքի պատմությունը, բայց նա միայն պատմում էրՙ կորցնելով պատմության թելը: Նրա ազգանունը Բուռնազյան էր, եւ նրա ազգականներից մեկը ստեղծել է բավականին ընդարձակ տոհմածառ: Իմ բոլոր տատիկ-պապիկներն ԱՄՆ են ներգաղթել մոտ 1900 թվականին: Մորս հայրը 1900-ականների սկզբին հողատարածք է գնել փոքրիկ Ֆաուլեր քաղաքումՙ Ֆրեզնոյի հարավում: Հորս ծնողները նախ բնակություն են հաստատել Դեթրոյթում, ապա տեղափոխվել են Ֆրեզնո: Հայրական պապս զբաղվել է առեւտրով, բացել «Ազատության շուկան» Ֆրեզնոյի կենտրոնում: Մայրական տատս Ամերիկայում ապրել է մոտ 65 տարի, բայց երբեք չի սովորել անգլերեն խոսել. դա նրա համար կարեւոր չէր: Եվ ես միայն հայերեն մի քանի բառ եմ սովորել, որոնց մեծ մասը մոռացել եմ: Կուզեի, որ մեծ ծնողներս մի փոքր ավելի երկար ապրեին, որպեսզի կարողանայի ավելին գնահատել նրանց եւ ավելին իմանալ նրանց վաղ կյանքի մասին: - Ո՞վ է ձեր ազգանունը Մարտիրոսյանից փոխել Մարսդենի: - Ինքս: Իմ վաղ կարիերան ես սկսեցի որպես Լես Մարդերոսյան, բայց այն միշտ սխալ էին արտասանում ու գրում: Օտարների համար դժվար էր հիշել կամ արտասանել անունս, իսկ, ամենակարեւորը, հայկական անուն ունեցողին քասթինգի տնօրենները տալիս են միայն հայերի դերեր, որոնք շատ չեն, ուստիեւ որոշեցի փոխել անունս, բայց միայն համոզվելուց հետո, որ մայրս դրանից չի նեղվի: Այդ ժամանակ հայրս արդեն հանգուցյալ էր, իսկ մորս համար դա խնդիր չէր, չնայած նրա հայկական զգացումներն ուժեղ էին: Ազգանունս փոխելն իր դերն ունեցավ, ինձ հրավիրում էին կատարելու ցանկացած դերեր, իսկ «Մարսդենը» գրեթե երբեք սխալ չէին գրում թերթերում... - Ի՞նչն է բնորոշ հայկական ձեր ընտանիքում եւ ձեր անհատականության մեջ: - Մեր ընտանիքի բնորոշ հայկականի մասին մտածելիս անմիջապես հիշում եմ մեր հավաքույթները: Արձակուրդներն անցկացնում էինք բոլոր ազգականների հետ: Եվ իհարկե, ամենամեծ բանըՙ հայ լինելու առումով. խոհանո՛ցը: Մայրս շատ լավ խոհարար էր, ես ինքս էլ սիրում եմ պատրաստել հիանալի հայկական կերակուրները: Որդիսՙ Մենսֆիլդը, որն ընդամենը 22 տարեկան է եւ կես հայ, հպարտ է իր հայկական ժառանգությամբ եւ սիրում է իմ հայկական խոհարարությունը: Այժմ մի փոքր տխուր է, քանի որ միայն մեկ բացառությամբՙ մեր ավագ սերնդից այլեւս ոչ ոք չկա: Իմ սերնդի ազգականները հիմնականում ցրված են: Ողջ գերդաստանով, տարբեր սերունդների ազգականներով միասին լինելու այդ զգացողությունը, երբ վայելում էինք հայկական հրաշալի կերակուրները, ամենից բնորոշ հայկական բանն էր... - Իսկ ձեր արվեստո՞ւմ: - Թերեւս տարօրինակ է, ես միայն մեկ անգամ եմ հայի դեր խաղացելՙ Նյու Յորքում ներկայացված Լեսլի Այվազյանի «Ինը հայ» պիեսում: Որքան գիտեմՙ այն կրկին չի բեմադրվել: Իմ անձնական արվեստում, իմ կարծիքով, ամենից հայկականը ճշմարտացի լինելու համոզումն է: Կիրքն ու ճշմարտացիությունն այն հատկանիշներն են, որոնք, կարծում եմ, բնորոշ են հայերի մեծ մասին: Անմիջականության զգացումը, ազնիվ լինելու լիակատար հպարտությունը եւ ամբողջ սրտով կրքոտ լինելն իրենց արածի նկատմամբ... - Ծանո՞թ եք հայ երաժշտությանը եւ երբեւէ կատարե՞լ եք: - Ես բավական ծանոթ եմ հայ ժողովրդական երաժշտությանը, բայց միայն որպես ունկնդիր: Շատ եմ սիրում հայ սիմֆոնիկ կոմպոզիտորներին, որոնց գլխավորն, իհարկե, մեծն Արամ Խաչատրյանն է: Շատ փոքր ժամանակ նրա «Սրերով պարը» լսելուց ի վեր շատ եմ սիրել նրա երաժշտությունը, նրա մոդալային գործերը, նրա հոգինՙ դրված յուրաքանչյուր նոտայի մեջ: Ես ինձ նույնացնում եմ նրա երաժշտությանը, նրա հնչյունին, չնայած իմ երաժշտական ոճը հազվադեպ է ակնարկում որեւէ «հայկականություն» կամ էթնիկ հնչողություն: Չեմ կարծում, որ լինի մի հայ կոմպոզիտոր, որի երաժշտությունն իմ մեջ չարձագանքիՙ Մանսուրյան, Հովհաննես, Հարությունյան... Դա իմ հոգում է: Մեր հանդիսատեսը շատ հնաոճ է. նրանք ուզում են մեր կատարմամբ լսել իրենց իմացած երաժշտությունը, չնայած սովորաբար ես նրանց որոշ առողջ չափաբաժնով տալիս եմ նաեւ անսովոր երաժշտություն եւս: Ցանկանում էի իմ նվագախմբի հետ կատարել Խաչատրյանի առավել հայտնի գործերից, բայց ԱՄՆ-ում նրա երաժշտության վարձակալումը չափազանց թանկ է: Այդպես է նաեւ խորհրդային կոմպոզիտորներից շատերի դեպքում, որոնց երաժշտությունը դեռեւս հանրային տիրույթում չէ... - Հրաշալի կլինի ողջունել ձեզ Հայաստանումՙ եթե ոչ ձեր նվագախմբի, ապա ձեր ընտանիքի հետ... - Եվ եթե մի օր այս համավարակը երբեւէ թույլ կտա ճանապարհորդել, ես, իհարկե, շատ կցանկանամ այցելել: Հիանալի կլինի քայլել իմ նախնիների երկրում, զգալ այդ հայկական երկիրը, շնչել հայկական օդը, որն արդեն իմ մի մասն է: Եվ պատիվ ու հաճույք է հանդիպել ձեզ, Արծվի, եւ անվանել ձեզ իմ բարեկամը: Շնորհակալ եմ այն ամենի համար, որ դուք անում եք Հայաստանի համար եւ կշարունակեք անելՙ օգնելով համախմբել նրա զավակներին... |