ԴԱՎԻԹ ՊՈՂԻԿՅԱՆԸՙ ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԽՈՍ Հ.Ծ. Նախագահ Թրամփի կողմից նշանակված «Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի» (OPIC) նախագահի պաշտոնակատար Դեյվիդ (Դավիթ) Պողիկյանը Ամերիկայի հայկական համագումարի «Ազգային գաղափարախոսության տարածմանը նվիրված կոնֆերանսի» գլխավոր բանախոսն է լինելու, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: «OPIC-ը» ամերիկյան կառավարական ինքնաբավ գործակալություն է, որն զբաղվում է զարգացող շուկաներում ներդրումներ կատարելու գործունեությամբ: «Ներկա վարչակազմի ամերիկահայ բարձրաստիճան ներկայացուցիչը համագումարի մասնակիցներին ներկայացնելու է Հայաստան կատարած իր այցելության տպավորությունները եւ հեռանկարներըՙ ի պաշտպանություն մեր հայրենիքի ժողովրդավարական նոր վարչակազմի գործունեությանը», նշել է Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արտունին , ավելացնելովՙ «մենք ամբողջ հոգով պաշտպանում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են առողջացնելու տնտեսությունը Հայաստանում եւ ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերություններըՙ նպաստելով ժողովրդավարական արժեքների հաստատմանը մեր հայրենիքում»: Պողիկյանն իր պաշտոնն ստանձնել է այս տարվա մարտին: Իվանկա Թրամփի հետ նախաձեռնել է Աֆրիկայում կանանց պաշտպանության հարցերին նվիրված «2X Africa» ծրագիրը, որն այդ բնագավառում ներդրումներ պետք է կատարի: 2002ից 2009 թվերին նա բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Մ. Նահանգների Առեւտրի դեպարտամենտում: OPIC-ը նախկինում որոշ ծրագրեր իրագործել է Հայաստանում: Սեպտեմբերի 16-ին նախատեսված հյուրասիրությունից բացի, համագումարի օրերին քննարկումներ են տեղի ունենալու եւ հանդիպումներՙ Կապիտոլ Հիլում: Նկար 1. Ձախից աջՙ Բրայան Արտունին, Դավիթ Պողիկյանը եւ Էնթոնի Պարսամյանը: |