Toto-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ` ՏՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ Մ.Խ. Բեմադրիչ, նկարիչ, մեր թերթի երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը սեպտեմբերի 28- ին Կամերային երաժշտության տանն իր արվեստի սիրահարների համար մի իսկական տոն էր կազմակերպել` Բախի երգեհոնային երաժշտության ուղեկցությամբ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հանդես գալով մենաներկայացմամբ եւ հանդիսատեսին մասնակից դարձնելով արվեստի գործի ստեղծմանը: Բառերով հնարավոր չէ նկարագրել զգացմունքների այն հեղեղը, որը բեմից անցնում էր հանդիսատեսին: Բեմի վրա նկարիչն էր, որ նախ ներկով ու կտավով փորձեց իր ներսում եղածը փոխանցել, հետո անիմացիոն պատկերներ ստեղծելով, եւ ապա իրական կտավն ավարտելով: Նորարարություն էր, գեղեցիկ էր, հոգուն բան ասող էր, ափսոս է այս ներկայացումը չկրկնելը: Իր անձնական էջում Սուքիաս Թորոսյանի գրառումը որոշ լույս է սփռում այս նախաձեռնության վրա. «Մեկ անգամ գրել էի արհեստական բանականության մասին, կրկնեմ միտքս: Արհեստական բանականությունը քվանտային թռիչքներով շարժվում է առաջ, եւ դիմադրելն անիմաստ է: Ճիշտն այն օգտագործելն է ի նպաստ ԱԶԳԱՅԻՆ եւ համամարդկային շահերի: Հպարտ եմ, որ այս ուղղությամբ լուրջ ուսումնասիրություններ եւ կոնկրետ աշխատանքներ են տանում որդիներս, իսկ վերջերս նաեւ թոռս..... Այս ամենը իրականացնել Հայաստանից դուրսՙ շատ հեշտ է, միայն ցանկություն է պետք, որը չունեմ, եւ առայժմ որդիներս էլ չունեն... Սեպտեմբերի 28- ին ՏՏ ոլորտի առաջին ներկայացումը բեմադրեցի Կոմիտասի անվան Կամերային տանը` VR նկարչությամբ: Ոչ մի լրագրող, առավել եւս հեռուստակայան չարձագանքեց.... Ես սովոր եմ, չեմ նեղվում: Հոկտեմբերի 6-ին մշակութային տեխնոլոգիաների հեղափոխություն եղավ Հանրապետության հրապարակում, ուր բացի երաժշտական գեներացիայից (արհեստական բանականության միջոցով), գեներացվեց Մ.Սարյանի «Հայաստան» կտավը, որի հեղինակն էր որդիսՙ Անդրանիկ Թորոսյանը... Ոչ մի հեռուստաալիք չարձագանքեց, չպատկերվեց մոնումենտալությունը... Իմացա Անդրանիկից, որ այն արվել է անվճար, ի շահ Հայաստանի իմիջի»: |