ԱԼԻՆ ՏԵՄԻՐՃՅԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸՙ «ՄԵԿ ՄԱՐԶ, ՄԵԿ ԵՐԳ» Հ.Ծ. Ալին Տեմիրճյանը արգենտինահայ երգահան եւ երգչուհի է: Թողարկել է երկու ալբոմ իր հորինած իսպաներեն երգերի: Հաճախակի մասնակցել է տարբեր արգենտինյան եւ հայկական երաժշտական միջոցառումներիՙ Բուենոս Այրեսում: Հետաքրքրասեր է եւ սիրում է նոր վայրեր այցելել եւ նորանոր արվեստագետների հանդիպել: Արգենտինյան տարբեր շրջաններում ելույթներ ունենալուց հետո, երբ նա անցյալ տարի 4-րդ անգամ ժամանեց Հայաստանի Հանրապետություն, միտք հղացավ նույնը կատարել նաեւ Արցախում եւ «Birthright Armenia» (www.birthrightarmenia.org») ծրագրի աջակցությամբ այս տարի իրականացնում է իր երազանքը: Նպատակն է Հայաստանի եւ Արցախի ժամանակակից երաժշտական արվեստը ներկայացնել աշխարհին, օտարներինՙ տեսարժան վայրերի եւ ավանդույթների ուղեկցությամբ: Նա շրջում է մարզից մարզ եւ փորձում յուրաքանչյուրում գտնել մի տեղացի երաժշտի (կամ խմբի), որի հետ կարողանա երգել հայերեն եւ տեսագրել կատարումը: Տարիքային եւ ոճի սահմանափակումներ չի նախատեսում: Ձայնագրելու է ինչպես ավանդական, ազգային, այնպես էլ ժամանակակից երաժշտական կատարումներ, որոնք տեղում նկարահանվելու են եւ հետագայում տեղադրվելու «YouTube»-ում եւ այլ սոցցանցերում: Դրանք ուղեկցվելու են իսպաներեն եւ անգլերեն ենթախորագրերով: Նրա ցանկությունն է այդ միջոցով կամուրջ հանդիսանալ Հայաստանի եւ աշխարհի միջեւ, նպաստել երաժիշտների փոխադարձ ծանոթություններին: Հույս ունի իր շրջագայությունը Հայաստանում եւ Արցախում ավարտել այս տարվա վերջին: Նրան կարելի է հետեւել այցելելով «http://facebook.com/alinmusica.ok» կամ «http://youtube.com/alinmusica» կայքերը: |