RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2523, Տպվել է` 165, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ԵՎ ՆՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Ամեն տարի հունվարի 28-ին Հայաստանը նշում է Հայոց բանակի ստեղծման հերթական տարեդարձը, ինչը, խոստովանենք, արդեն իրական տոն է դարձել Հայաստանում: Հիշեցնենք նաեւ, որ օրվա ընտրությունը պայմանավորված է 1992թ. նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համապատասխան հրամանով, իսկ տոնակատարությունը սկսվել է նշվել 2001թ.-իցՙ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համապատասխան որոշումից հետո:

Հայոց բանակը, ըստ անցկացված բոլոր հարցումների, ամենաբարձր վստահությունը ունեցող ինստիտուտն է Հայաստանում: Եվ բնակչության կողմից վստահության այս բարձր ցուցանիշը (մոտ 86 տոկոս) պայմանավորված է նաեւ ռազմաքաղաքական այն իրավիճակով, որում գտնվում է Հայաստանըՙ չավարտված պատերազմ եւ հստակ գիտակցումՙ որ միայն սեփական ուժերով կարելի է պաշտպանել հայրենիքի անվտանգությունը:

Սակայն հանուն ճշմարտության նաեւ եկեք նշենք, որ ասել թե հայկական բանակը 28 տարեկան է, նույնպես սխալ մոտեցում է, քանի որ Հայոց պատմությունը առնվազն 4-5 հազար տարվա ժամանակաշրջան է ընդգրկում եւ, հետեւաբար, հայկական բանակն էլ այդքան տարիների կյանք ունի: Այս առումով կարելի է պատմաբանների հավաք անցկացնել եւ որոշել, թե ո՛ր թվականից գոյություն ունի հայոց կանոնավոր բանակը, եւ արդեն հաջորդ տարի նշել հայկականի բանակի ասենք 3200-րդ ամյակը, օրինակ սկսած Հայկ ու Բելի հայտնի ճակատամարտից կամ ասենք Արարատյան (Ուրարտու) թագավորության ժամանակաշրջանից, երբ արդեն կար կանոնավոր հայկական բանակ եւ այլն:

Սա ուղակի թվականի ճշգրտում չէ, այլ շատ կարեւոր ռազմահոգեբանական միջոց այսօրվա հայոց բանակի զինվորներին ցույց տալու, որ իրենք հազարամյակների պատմության մի մասն են ու պատմական այդ հարստության կրողն են: Ընդհանրապես ռազմական պատմությունը պետք է դառնա մեր բանակի առօրյայի մի մասը, այն պետք է դասավանդվի զորամասերում, ու 2 տարի անց զորացրված զինվորը պետք է իր մեջ կրի այդ բանակի մասը կազմելու պատմական հպարտությունը:

Բանակային ծառայությունը պետք է դիտարկել ոչ միայն ռազմական պատրաստության ժամանակաշրջան, այլեւ ռազմահայրենասիրական դաստիրակության կարեւորագույն փուլ, որի արդյունքում զորացրված զինվորը կվերադառնա քաղաքացիական կյանքի հստակ գիտակցությամբ Հայոց բանակի դերի մասին պետության կայացման ու հզորացման գործում: Իսկ այդ դաստիրակության հիմքում հենց ռազմական պատմությունն էՙ տարբեր դարերում Հայոց բանակի անցած փառահեղ մարտական ուղին եւ այն ճակատամարտերը, որոնցում նրանք հաղթանակներ են տոնել:

Տարիներ առաջ, երբ մի առիթով եղա Արցախի Պաշտպանական բանակի զորամասերից մեկում եւ զինվորների համար դասախոսություն էի կարդում, նրանց փորձեցի ներկայացնել Կիլիկյան Հայաստանի մեր բանակըՙ որպես հզոր ու մարտունակ միավորի: Սակայն հատուկ շեշտեցի, որ օրինակ Կիլիկյան Հայաստանում բանակում ծառայելը պատվի հարց էրՙ Հայոց ազնվականության ու նրանց զավակների համար պարտադիր պայման, իսկ ծառայությունից ազատվում էին միայն ամենացածր խավի ներակայացուցիչները:

Յուրաքանչյուր պետության բանակի ամրության հիմքում բնակչության եւ բանակի անքակտելի կապն է, որը արտահայտվում է ոչ միայն կենացներով, այլեւ ծառայելու եւ Հայերնիքի պաշտպանությանը նվիրվելու ձգտմամբ: Իսկ դա արտահայտվում է ոչ միայն 2 տարի բանակում ծառայելով, այլեւՙ հետագայում մաս կազմելով պահեստազորին, որտեղ արդեն պետք է ծառայեն բոլորը:

Ժամանակին առաջ քաշված ազգ-բանակ կոնցեպտը վաղ թե ուշ պետք է իրականություն դառնա, քանի որ մենք ուղղակի այլ ճանապարհ չունենք: Այդ սկզբունքի կիրառումը շատ հաջող քննություն է բռնել մի շարք պետություններում, որոնք ժամանակին խնդիրներ են ունեցել իրենց հարեւանների հետ:

Դեռ Շվեյցարիայում մշակված այս սկզբունքը սկսեցին կիրառել նաեւ Ֆինլանդիայում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Սինգապուրում եւ այլուր: Ազգ-բանակ սկզբունքը հնարավորություն է տալիս չկտրել կապը բանակի հետ, չմոռանալ այնտեղ ստացած ռազմական գիտելիքները եւ շարունակաբար դրանք զարգացնել ու կատարելագործել:

Այսինքն պահեստազորայինները առնվազն երկու տարին մեկ անգամ պարտադիր կերպով 2-3 շաբաթվա ծառայություն են անցնում, ինչը նրանց հնարավորություն է տալիս պահպանել իրենց ռազմական գիտելիքները: Մի շարք պետություններում դա նաեւ շատերի համար լավ հնարավորություն է ռազմական կարիերա ունենալու եւ հերթական զինվորական կոչումն ստանալովՙ կատարելագործելու իրենց գիտելիքները: Այսինքն ազգ-բանակ սկզբունքը նաեւ ռազմակրթական կարեւորագույն շրջափուլ է, որով պետք է անցնի ագրեսիվ հարեւաններով շրջապատված որեւէ պետության բանակ:

Հայկական բանակը անկախ Հայաստանի կարեւորագույն ձեռքբերումն է, որը հնարավոր եղավ ստեղծել ազգանվեր ու հայրենասեր մարդկանց ջանքերով, որոնցից շատերը այսօր, ցավոք սրտի, տարբեր կեղծ մեղադրանքներով գտնվում են դատաքննության ներքո: Բանակը թրծվեց Արցախյան հերոսամարտում, ինչի արդյունքում այն դարձավ հզոր եւ մարտական, արդյունքում մենք ունեցանք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից շատ մասնագետներ ու փարձագետներ անդրադառնալով Արցախյան պատերազմին շեշտում էին, որ հայկական կողմը դատապարտված է պարտության, քանի որ իր թշնամուն զիջում է թե՛ մարդաքանակով, թե՛ սպառազինությամբ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ռազմի դաշտում դա էական չէ, քանի որ հանձինս հայ կամավորների, իսկ հետագայումՙ Հայոց բանակի, մենք ունենք ոգեղեն հզորությամբ զինված ռազմիկներ, որոնք հաղթանկ էին կերտում այնտեղ, որտեղ այն թվում է անհնար:

Ինչեւէ, Հայոց բանակը անկախ Հայաստանի այն կարեւորագույն ձեռքբերումն է, որը պետք է անընդհատ զարգացնել եւ կատարելագործել, պայմանավորված նաեւ այն մարտահրավերներով, որոնց բախվում է տարածաշրջանը եւ Հայաստանը: Իսկ դրանք, այդ մարտահրավերները, անընդհատ փոփոխվելու եւ ավելի մեծ ու իրական սպառնալիքներ ներկայացնելու հատկություն ունեն:

Ադրբեջանը պատրաստ է օգտագործել ամեն առիթ սահմանային լարվածություն ստեղծելու եւ, ինչու չէ, նաեւ լայնամասշտաբ պատերազմ սկսելու, եթե մենք աչալուրջ չլինենք եւ դրա հնարավորությունը տանք նրան: Մեր պետության անվտանգության հիմքերի հիմքը Հայոց բանակն է, որը թե Արցախյան պատերազմում եւ թե Ապրիլյան հերոսամարտում իրենց ցույց տվեց որպես հասուն եւ կայացած մարմին:

Հայոց նորօրյա պետականության հզորության հիմքը հանդիսանում է Հայոց բանակըՙ զինվորը, սպան եւ գեներալները, որոնք իրենց ամենօրյա ծառայությամբ ապացուցում են իրենց նվիրումը Հայրենիքին: Շատ կարեւոր է, որ այդ հզորությունը լրացվի Հայ ժողովուրդ- Հայոց բանակ սկզբունքով: Միայն այդ ժամանակ կարող ենք խոսել այդ երկու հասկացությունների անքակտելիության եւ հավերժության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ