ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Նախանցյալ տարի բովանդակ հայությունը նշեց Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը, սակայն նրա աստանդական կյանքի բազմաթիվ մանրամասներ ցարդ ճշտման եւ հետազոտման կարիք ունեն: Մինչ այժմ քիչ բան է հայտնի այն մասին, թե որտեղ, ինչ պայմաններում է անցկացրել Անդրանիկն իր կյանքի ամերիկյան շրջանը: Երբ Կիլիկիան ազատագրելու բոլոր հույսերն ի դերեւ ելան, 1922-ին կնոջՙ Նվարդի հետ Զորավարը մեկնեց ԱՄՆ, որտեղ պիտի ապրեր իր կյանքի վերջին ժամանակահատվածը: Հուլիսի 12-ին հասնելով Նյու Յորք` Անդրանիկն ու Նվարդն իջեւանեցին Նյու Յորք Սիթիի «Սեւիլ» հյուրանոցում: Ներկայումս «Քարլթոն» վերանվանված հյուրանոցում, որի 1904 թ. կառուցված շենքը պահպանվում է պետության կողմից: Կարճ ժամանակ անց Զորավարը Նյու Յորքից տեղափոխվեց Ֆրեզնո, Կալիֆորնիա, որտեղ մեծ հայ համայնք կար, օդը չոր էր եւ նպաստավոր հոդացավով տառապողների համար, քաղաքն էլ իրեն դեռ 1920 թ.ՙ ԱՄՆ առաջին այցելության ժամանակ էր դուր եկել. «Այս ինչ սքանչելի կլիմա եւ երկիր է, ճիշտ Եգիպտոսի Հելվան քաղաքի կլիմային կնմանի...», ասել էր Անդրանիկը: Անդրանիկը նաեւ ճանապարհորդում էր. կեցության իրավունք ստանալու նպատակով մեկ տարի անց հատեց Մեքսիկայի սահմանը եւ կրկին վերադարձավ Ֆրեզնո: Նաեւ եղավ հայաշատ քաղաքներում եւ քարոզեց հայությանըՙ օգնելու հայ որբերին եւ գաղթականներին: Որքան հայտնի էՙ Ֆրեզնոյում Անդրանիկը հաջորդաբար բնակվել է երկու տներում: Առաջինը` Բաթլեր պողոտայում (E Butler Ave.) վարձված փայտաշեն հին տունն էր, որը հրդեհվեց, եւ իրերի մի մասն այրվեց: Նույն Բաթլեր պողոտայում էր գտնվում այն հողամասը, որտեղ Անդրանիկը սեխ էր աճեցրել, որը իր բեռնատարով Սան-Ֆրանցիսկո էր ուղարկում: Անդրանիկ Չելեպյանի «Զօրավար Անդրանիկ» գրքում Ֆրեզնոյի տան հրդեհն այսպես է նկարագրվում. «Բոցավառ շենքեն ներս մտնելով, Անդրանիկ կարգ մը բաներ ազատեց, բայց երբ կրակը սաստկացաւ, հրշէջները արգիլեցին ներս մտնել»: Դրանից հետո Քալիֆորնիայի հայ համայնքը Հայոց հերոսին նվիրեց խանութներ Նորթ Վեն Նես բուլվարում (N Van Ness Blvd, Fresno, CA) եւ եկամտաբեր բնակարան: Ամերիկաբնակ Ս. Յարալյանի շնորհիվ մեզ հաջողվեց պարզել այն տան հասցեն, որտեղ Անդրանիկը տեղափոխվել էր հավանաբար նախորդ տան հրդեհից հետո. 1926 թ. ամռանը թափքավոր «փիքափ» բեռնատարի հարկային ստացականում նշված է Անդրանիկի հասցեն` 22 M Street, Fresno CA: Այն գտնվում է հին հայկական քաղաքամասում (Old Armenian Town)ՙ հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտակայքում: 1914 թ. կառուցված այս եկեղեցին Ֆրեզնոյի հայ համայնքի հիմնական հավաքատեղին էր, այստեղ էլ կատարվեց Անդրանիկի հոգեհանգիստը: Ի դեպ, այն ներկայումս կանգուն հնագույն հայկական եկեղեցին է ԱՄՆ-ում: Տունը չի պահպանվել. Էմ փողոցի սկզբնամասում ներկայումս արդիական ծածկասրահներ են, սակայն այդ տեղերում դեռ կանգուն են այն ժամանակների համր ականատեսՙ արտադրական բնույթի հին շինություններ, ինչպիսիք սովոր ենք տեսնել Չարլի Չափլինի ֆիլմերում: Ֆրեզնոյում դիմագրավելով մի շարք դժվարություններ, հատկապես առողջության վատթարացումը, Անդրանիկը պարտադրված տեղափոխվեց Սան-Ֆրանցիսկոՙ իր կյանքի վերջին ամիսների օթեւանը: Ու եթե Ֆրեզնոյում Անդրանիկի բնակված տների լուսանկարներ մեզ ցարդ հատնի չեն, ապա Սան-Ֆրանցիսկոյի դեպքում բախտն անսպասելիորեն ժպտաց. Զորավարի թիկնապահ ու օգնական Լեւոն Լյուլեճյանի (1893-1974) դիվանում (Ս. Յարալյանի հավաքածու) աչքս ընկավ մի ծրարի, որի վրա Անդրանիկի հետադարձ հասցեն էրՙ 325 Franklin Street, apt. 35, San Francisco CA: Նամակը գրված էր 1925 թ. մայիսին: Փորձեցի ճշտել այդ տան ճակատագիրը. պարզվեց, որ 1922 թ. կառուցված այդ եռահարկ փայտե բազմաբնակարան տունը մինչ այժմ կանգուն է, գտնվում է Hayes Valley բազմազգ թաղամասում եւ նույնիսկ հասցեն չի փոխվել: Շենքում կա 42 սենյակ եւ 19 լոգարան (շենքը լուսանկարելու համար շնորհակալություն եմ հայտնում հայագետ Արծվի Բախչինյանին): Գրեթե նույնությամբ պահպանվել է Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրըՙ հյուրանոց-բուժարանը. այնտեղ բժիշկների խորհրդով Անդրանիկը փոխադրվեց 1927-ի օգոստոսի սկզբին: Ռիչարդսոն Սփրինգսն ավան է Չիքո քաղաքի հյուսիս-արեւելքում, Կալիֆորնիա: Գտնվում է ծովի մակերեւույթից 189 մ բարձրության վրա: Հիմնվել է 1898 թ.ՙ Ռիչարդսոնների կողմից: Ռիչարդսոն Սփրինգսն էլ 1926-ին այրվել եւ ապա վերակառուցվել էր: Մինչեւ բուժարան ուղեւորվելը Անդրանիկը մի նամակ գրեց Լեւոն Լյուլեճյանին. «Սիրելի Լեւոնս, մեզի համար նոր տուն մը վարձէ, ջուրէն վերադարձիս կփափաքիմ Ֆրեզնօ բնակիլ: Ֆրեզնոյի օդն ու ջուրը ինծի համար շատ նպաստաւոր են»: Օգոստոսի 29-ին նրան 313 սենյակում այցելում է հավատարիմ զինակից զորավար Սմբատ Բորոյանը: Երկու օր անց Զորավարը հավերժ փակում է աչքերը` հառաչելով. - Գործս կիսատ մնաց: Անդրանիկի այս վերջին հանգրվանում 2010 թ. նրա հիշատակին աղբյուր կառուցվեց: Նկար 1. Զորավարի նամակը Լեւոն Լյուլեճյանին: Նկար 2. Սեւիլ հյուրանոցի շենքը: Նկար 3. Անդրանիկի բնակած տունը Սան-Ֆրանցիսկոյում: Նկար 4. Սուրբ Երրորդություն եկեղեցին Ֆրեզնոյում: Նկար 5. Ռիչարդսոն Սփրինգս հյուրանոց-բուժարանի ներքին հարդարանքը: |