RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2247, Տպվել է` 166, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ»

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Մերձավորարեւելյան կարգավորման եւս մեկ փորձ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքի»ՙ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ծրագրի կարեւոր կետերը հրապարակվել են Սպիտակ տանը Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի մամլո ասուլիսում:

Թրամփի ծրագիրը նախատեսում է երկուՙ հրեական եւ պաղեստինյան պետությունների ստեղծում: Երուսաղեմը մնում է Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը, բայց ընդսմին Թրամփը պաղեստինցիներին մայրաքաղաք է խոստանում Արեւելյան Երուսաղեմումՙ ԱՄՆ դեսպանատան ներկայությամբ, ինչպես նաեւ պաղեստինյան տարածքի կրկնակի ավելացում: Բացի դրանից, տվյալ ծրագրի համաձայն, ԱՄՆ-ը եւ Իսրայելը պատրաստ են Պաղեստինի տարածքներ ճանաչել ներկայումս պաղեստինցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներըՙ պայմանով, որ նրանք հրաժարվեն ահաբեկչական գործողություններից:

Տրանսպորտային կապեր կստեղծվեն Պաղեստինի տարածքում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին: Բացի դրանից, Թրամփի մտահղացման համաձայն, պաղեստինցի փախստականները կկարողանան ընտրել բնակության վայրերՙ ապագա Պաղեստինի տարածքում, Իսրայելին ինտեգրվելիք ներկայիս բնակության տարածքներում, կամ վերաբնակվել երրորդ երկրներում:

Ծրագիրը նախատեսում է նաեւ Իսրայելի ինքնիշխանության ճանաչում Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում գտնվող խոշոր (Հուդա, Սամառա) բնակավայրերի նկատմամբ: «Դարի գործարքի» համաձայն, «Համաս» խմբավորումը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածի տարածքը պետք է ապառազմականացվի: Ծրագիրը նախատեսում է Տաճարի լեռան կարգավիճակի պահպանում Հորդանանի միջնորդությամբ:

Նշվում է, որ մերձավորարեւելյան կարգավորման ծրագիրն ընդունելու դեպքում Պաղեստինը կստանա 50 միլիարդ դոլարի ամերիկյան օգնություն:

Թրամփը իր թվիթերյան էջում հրապարակել է երկուՙ պաղեստինյան եւ իսրայելական պետությունների քարտեզը: Այնտեղ երեւում է, որ պաղեստինյան տարածքներին կավելացվի երկու խոշոր շրջան Եգիպտոսի սահմանի երկայնքով:

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ «դարի գործարքը» կենսագործելովՙ Իսրայելը առաջընթաց մեծ քայլ կկատարի: Թրամփը նաեւ ընդգծել է, որ ծրագիրը սպառնալիք չի ներկայացնում Իսրայելի անվտանգության համար: Նախագահն ավելացրել է, որ Իսրայելի հետ համախումբ կկազմվի տվյալ նախաձեռնությունների իրականացման նպատակով: Ենթադրվում է, որ Իսրայելը եւ Պաղեստինը առաջիկա չորս տարիներին կկարողանան համաձայնեցնել ծրագրի մանրամասնությունները:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «դարի ծրագիրն» անվանել է դեպի խաղաղություն տանող իրատեսական ճանապարհ: Ըստ որում, նրա խոսքերով, Պաղեստինի որոշումից անկախ, Իսրայելը կընթանա ընտրված ճանապարհով, բայց եթե Պաղեստինը ճանաչի հրեական պետությունը, ապա Իսրայելը անհապաղ պատրաստ կլինի բանակցությունների:

«Ես ուզում եմ Թրամփին եւ Նաթանյահուին ասել, որ Երուսաղեմը չի վաճառվում: Մեր իրավունքները չեն վաճառվում եւ սակարկության առարկա չեն: Ձեր գործարքը դավադրություն է, եւ այն չի գործում», Reuters գործակալությունը մեջբերում է պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասի Ռամալլահ քաղաքում մամլո ասուլիսում ասած խոսքերը: Աբբասը նաեւ ընդգծել է, որ Պաղեստինը ծնկի չի գա եւ անձնատուր չի լինի: Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Գեյթը հայտարարել է, որ «դարի գործարքը» կարող է հաջող լինել ազնիվ միջնորդությամբ եւ առանց թելադրանքի փորձերիՙ պաղեստինցիների եւ իսրայելցիների բանակցությունների անցկացման դեպքում:

ՌԴ Աշխարհաքաղաքան հիմնահարցերի ակադեմիայի նախագահության անդամ Արայիկ Ստեփանյանը Russia Today թղթակցի հետ զրուցելիս հայտարարել է, որ «դարի գործարքում» բավական շատ են հակասությունները: «Օրինակՙ Արեւելյան Երուսաղեմը եւ Երուսաղեմը չեն կարող լինել միաժամանակ Պաղեստինի եւ Իսրայելի մայրաքաղաքները: Նաեւ ապագա պաղեստինյան պետության 50 մլրդ դոլար հատկացնելու Թրամփի առաջարկությունը ոչնչով հիմնավորված չէ: Դա խայծ էՙ պաղեստինցիներին կաշառելու նպատակով», հայտարարել է փորձագետը:

Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն հայտարարել է, որ ինքը չի ընդունի Սպիտակ տան ծրագիրը:

Նա համաշխահային հանրությանը կոչ է արել մերժել Թրամփի առաջարկությունը: «Այդ ծրագիրն անհրաժեշտ է Թրամփին պաշտոնանկությունից պաշտպանելու եւ Նաթանյահուին բանտից փրկելու, այլ ոչ թե խաղաղության համար», ընդգծել է նա:

Մոսկվայի Պետհամալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Վավիլովը նշում է, որ Թրամփի ծրագիրը նրա «սովորական քաղաքական խաղն է: Նա այդ ծրագիրը նախապատրաստում է առանց պաղեստինյան կողմի եւ Ռուսաստանի հետ խորհրդակցելու: Վերջինս տվյալ հարցով զբաղվել է վերջին հիսուն տարիներին: Թրամփի ծրագիրը ենթադրում է, որ Իսրայելի մայրաքաղաք պետք է լինի Երուսաղեմը եւ չի ընդունում երկմիասնական պետության հայեցակարգը: Բայց նրա առաջարկություններն անիրատեսական են: Ըստ այդմ, Պաղեստինը չի համաձայնի նրա պայմաններին, նշել է ռուս փորձագետը RT-ին տված հարցազրույցում:

Արաբական երկրների հետ բարեկամության եւ գործարար համագործակցության ընկերության նախագահ Վյաչեսլավ Մատուզովի խոսքերովՙ «Թրամփի ծրագիրն ուղղված է ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը եւ Նաթանյահուի աջակցմանը, որն Իսրայելում հայտնվել է ծանր վիճակում... Ամերիկացիները չեն հասկանում, որ տվյալ խնդիրը չի լուծվի առանց պաղեստինցիների համաձայնության: Պաղեստինի ղեկավարությունը իր հերթին դիմել է Արաբական լիգայինՙ կոչ անելով համերաշխություն դրսեւորել տվյալ հարցում: Թրամփի այդ ծրագիրը չի կարող իրականացվել հենց միայն Իսրայելի հանդեպ համակրանքի շնորհիվ, քանի որ հարկավոր է հաշվի առնել նաեւ պաղեստինցի ժողովրդի շահերը», եզրակացնում է փորձագետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ