RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2701, Տպվել է` 167, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՉԱԿԵՐՏԱՎՈՐ ՓԱՍՏԵՐԻ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ասուլիսն այս անգամ եւս աչքի ընկավ ապատեղեկատվության առատությամբ: Անգամ «վարչապետին ճիշտ չեն զեկուցում» արդարացմամբ հանդես եկողները ոչինչ չունեցան ասելու: Բացի ակնհայտ կեղծ տեղեկատվությունից, նրա ներկայացրած փաստերի մեջ քիչ չէին «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի աշխատասենյակում հարցաքննվել» կամ «վերջին ամիսներին Հայաստանում ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլիզացման ակտիվ աշխատանքներ» տիպի, մեղմ ասած, ծիծաղելի «փաստեր», ինչպես նաեւ փաստեր, որոնք մշտապես արձանագրվել են բոլոր իշխանությունների ժամանակ եւ ոչ ոք այդՙ ընթացիկ հարցերը որպես նվաճում չի ներկայացրել: Ներկայացնենք վարչապետի մի քանի առավել ուշագրավ «փաստերը», որոնք իրականության հետ առնչություն չունեն:

Պետբյուջեի եկամուտների ու ծախսերի խեղաթյուրումը

Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2018 եւ 2019 թվականների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացել են 505,4 միլիարդ դրամով, որի մի մասըՙ 200 մլրդ դրամն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասովՙ 305,4 մլրդ դրամով ավելացել են պետական բյուջեի եկամուտները: Նրա հավաստմամբ, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43,6 տոկոս, իսկ տնտեսավարողներին ժամկետանց պարտք այլեւս չունենք:

Այստեղ գործ ունենք, Նիկոլ Փաշինայնի բնորոշմամբՙ հիբրիդային խաբեության հետ.

Նախՙ 2017 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1 տրլն 237 մլրդ դրամ: Եթե հիմք ընդունենք Նիկոլ Փաշինյանի նախորդ ելույթում հայտարարած 2019 թ.-ի բյուջեի 89 մլրդ դրամով գերակատարումը, ապա բյուջեի տարեկան եկամուտները կկազմեն 1 տրլն 490 մլրդ դրամ: Հետեւաբար, 2017 թ.-ի համեմատ, երկու տարի հետո աճը կկազմի ոչ թե 43,6 տոկոս, այլ 20 տոկոս, բացարձակ թվով էլՙ ոչ 505,4 մլրդ դրամ, ոչ էլ 305,4 մլրդ դրամ, այլ 253 մլրդ դրամ: Իսկ բյուջեի եկամուտների 10 տոկոս եւ շատ ավելի աճ ունեցել ենք նաեւ նախկինումՙ 2001-2003 թթ., 2005-2007 թթ., 2010 թ., 2011 թ., 2013 թ.-երին:

Ինչ վերաբերում է 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ տնտեսվարողներին ունեցած պարտքին, ապա հիշեցնենք, որ տնտեսվարողներին 55 մլրդ դրամ պարտքը հետ է վերադարձվել Կարեն Կարապետյանի կառավարության կողմիցՙ հունվար-փետրվար ամիսներին: 2019 թվականի ընթացքում որպես անցումային գերավճար էլ վիճկոմի կողմից նշված է 136 մլրդ դրամը, այլ ոչ թե 200 մլրդ դրամը: Ընդ որում, 136 մլրդ դրամը առաջին եռամսյակի ցուցանիշների մեջ հայտնվել է հանկարծ, իսկ հունվար,փետրվար եւ մարտ ամիսներին տվյալների մեջ առանձին-առանձին այդ գումարըՙ մաս մաս կամ ամբողջությամբ, ուղղակի չկա:

Պետական բյուջեի ծախսերի մասին վարչապետը հայտարարեց, թե 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը, սոցիալական նշանակության եւ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծախսերը որքան ավելի են լինելու 2017, 2018 եւ 2019 թվականների համեմատ: Այնուհետեւ հայտարարեց, որ 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր: Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ:

Նախՙ 2020 թ.-ին նախատեսվածը ներկայացնել որպես 2019 թ.-ին իրականացված «փաստ», նշանակում է մարդկանց հիմարի տեղ դնել: Երկրորդՙ պետական բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվել են շուրջ 223 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերըՙ ավելի քան 60 տոկոսով:

Նոր վարկ վերցնելու անհրաժեշությունն անցյալ տարի չպետք է լիներ, եթե բյուջեի եկամուտների աճը իսկապես ցնցող լիներ: Սակայն 2019 թ.-ին ՀՀ պետական պարտքը Նիկոլ Փաշինյանն ավելացրել է շուրջ 400 մլն դոլարով, որի մեծ մասը հենց բյուջեի ֆինանսավորմանն է ուղղված: Արդյունքում, ՀՀ պետական պարտքն արդեն հատել է 7 մլրդ դոլարի սահմանը :

ՀՆԱ աճի ցուցանիշըՙ ի վնաս կառավարության

Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7,5 տոկոս, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը եւ 1,3 տոկոսային կետովՙ 2018 թվականինը:

Բանն այն է, որ 2018 թ.-ին ՀՆԱ աճը 2017 թ.-ի համեմատ տարվա առաջին եռամսյակում 10 տոկոս էր, որը տարեվերջին նվազելով դարձել էր 5,2 տոկոս: Այնուհետեւ, 2019 թ.-ին 7,5 տոկոս ՀՆԱ աճը մեծապես պայմանավորվել է երկու ճյուղերովՙ ավտոմեքենաների ներմուծման ծավալների աննախադեպ աճով, որը պայմանավորված էր մեր երկրին ԵԱՏՄ մտնելիս տրված արտոնյալ ժամկետով եւ այս կառավարության հետ ոչ մի կապ չուներ, եւ բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքների աճով, որը հավելյալ արժեք չի ստեղծում: Սրան էլ ավելացնենք այն փաստը, որ 2017 թ.-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել էր 7,5 տոկոս, պարզ է դառնում, որ 1,3 եւ 1,6 տոկոսային կետով ՀՆԱ աճը գերազանցելու փաստերն իրականում ի վնաս ներկա կառավարության են:

Օտարեկրյա ներդրումները նվազել են, ոչ թե աճել

Վարչապետ Փաշինյանի խոսքով, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն դոլարով կամ 27,6 տոկոսով, 2017-ի համեմատՙ 635 միլիոն դոլարով, կամ 41 տոկոսով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453,8 մլն դոլար, ինչը 68,7 մլն դոլարով կամ 17,8 տոկոսով ավել է, քան 2018-ի ցուցանիշը:

Իրականում Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ՀՀ վճարային հաշվեկշռի համաձայն, 2018 թ.-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումները կազմել են 186,4 մլն դոլար, իսկ 2019 թ.-ի ինը ամիսներինըՙ 185,7 մլն դոլար: Այսինքն, օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են 456 մլն դոլարով, այլ նվազել ավելի քան 700 հազար դոլարով: Երկրորդ, էապես 31 տոկոսով, նվազել է օտարեկրյա ներդրողների կողմից եկամուտի վերաներդրումըՙ անցած տարվա ինը ամիսներին վերաներդրվել է 73,5 մլն դոլարՙ նախորդ 2018 թ.-ի 106,2 մլն դոլարի համեմատ:

Գյուղատնտեսությունում անկումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերի շարքում 22-30-րդ փաստերը առնչվում էին գյուղատնտեսությանը: Եթե հաշվի առնենք իր կառավարման ժամանակ սկսված եւ հիմա էլ խորացող գյուղատնտեսության անկումը, ապա ակնհայտ է, որ անլուրջ է խոսել վերոնշյալ փաստերի լուրջ կամ առարկայական լինելու մասին:

Զբաղվածություն եւ գործազուրկներ

Եվս մեկ գլխիվայր ներկայացվող ասուլիսային «փաստ»ՙ 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջին ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ, զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչեւ 49,3 տոկոս` 2018 թվականի 46,8-ի փոխարեն:

Իրականում, ըստ վիճկոմի, 2019 թ.-ի երրորդ եռամսյակում գործազուրկ է եղել 217 հազար մարդ երկրորդ եռամսյակի 207 հազարի փոխարեն, գործազրկության մակարդակն էլ կազմել է 18 տոկոսՙ 17,7 տոկոսի փոխարեն: Այսինքն, գործազուրկների թիվը երեք ամսվա ընթացքում ավելացել է մոտ 10 հազարով կամ 0,3 տոկոսով: Զբաղվածության պետական գործակալության տվյալներով էլ աշխատանք փնտրողների թիվը նոյեմբերին ավելացել է 3,5 տոկոսով:

Զբոսաշրջային այցելությունների աճի գաղտնիքը

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թվական հունվար-սեպտեմբերին ներգնա զբոսաշրջային այցելությունները նախորդ տարվա համեմատ աճել են 14, 4 տոկոսով եւ ներկայացրել տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների աճի ցուցանիշները: Ո՞րն է իրականությունը եւ ի՞նչ է տեղի ունեցել այս ոլորտում:

Նախՙ 2018 թ.-ի հունվար-սեպտեմբերին զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը նվազել էր եւ կազմել 8,8 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Գաղտնիք չէ, որ դրա համար «պարտական» էինք 2018 թ.-ի «թավշյա հեղափոխություն» կոչվող իրադարձություններին, որոնց պատճառով տարվա երկրորդ եռամսյակումՙ ապրիլ-հունիսին զբոսաշրջային այցելություններն անգամ նվազել էին: Այսինքն, 2018 թ.-ին, վերոնշյալ «հեղափոխության» հետեւանքով զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի կտրուկ անկման ֆոնին է 2019 թ.-ին արձանագրվել 14,4 տոկոս աճը: Համեմատության համար նշենք, որ օրինակ 2017 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը անհամեմատ ավելի բարձր էրՙ 21 տոկոս:

Բացի վերոնշյալից, ընդգծենք, որ երկու հիմնական երկրներից մեկիցՙ Ռուսաստանից զբոսաշրջիկների ավելի քան 76 տոկոս աճը մեծապես պայմանավորված է նախորդ կառավարության կողմից Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների այցելությունները առանց արտասահմանյան անձնագրի թույլ տալու որոշմամբ: Որոշում, որ որոշ հարթուղեղներ պիտակավորեցին որպես Ռուսաստանի «գաղութ» լինելու վկայություն եւ որը քննադատվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում, բայց հիմա դրա արդյունքները նա քաղում է եւ հպարտանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ