ՆՈՒԲԱՐ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԱԾ «ՌՈԼԶ-ՌՈՅՍԸ»ՙ ԱՃՈՒՐԴԻ Հ.Ծ. Լոնդոնյան «Դեյլի Մեյլ» օրաթերթը տեղեկացնում է, որ արդյունաբերական մագնատ Նուբար Գյուլբենկյանի նախագծով 1947-ին պատրաստված ավտոմեքենան, որն իր «Ռոլզ-ռոյսի» շարժիչով եւ արծաթազօծ հիմնակմախքով ստացել է «Rolls Royce Silver Wraith» հորջորջումը, աճուրդի է դրվելու «Հիստորիքս» ֆիրմայի կողմից առաջիկա մարտի 7-ին եւ ակնկալվում է, որ կվաճառվի 30 հազար ֆունտ ստերլինգով: Ինժեներ, ավտոդիզայներ Նուբար Գյուլբենկյանը (1896-1972) որդին է Գալուստ Գյուլբենկյանի: Ծնվել է Օսմանյան Թուրքիայում եւ փոխադրվել Անգլիա, երբ ընդամենը մի քանի շաբաթական է եղել: Ուսումը ստացել է «Հարոու սքուլում», «Քեմբրիջ» համալսարանում եւ Գերմանիայում: Ձգտել է ապրել որպես անգլիացի պճնամոլ ջենտլմենի, վարելով թանկարժեք ավտոմեքենաներ, ըմպելով ընտիր գինիներՙ բարձրորակ ռեստորաններում: Սկզբնական շրջանում առանց վարձատրության աշխատել է իր հոր արհեստանոցներից մեկում, սակայն հետագայում լուրջ տարաձայնություններ է ունեցել հոր հետ իր ցոփ կյանք վարելու հետեւանքով եւ արդյունքում հայրը իր հարստությունը նվիրել է Լիսաբոնինՙ «Գ. Գյուլբենկյան հիմնարկություն» իրավաբանական անձի տեսքով: Որդին մի քանի անգամ դատի է տվել հորը եւ կարողացել 2,5 միլիոն դոլար ձեռք գցել նրանից, որին հետագայումՙ նավթաբիզնեսով զբաղվելու միջոցով ավելացրել է իր եկամուտները եւ դարձել մուլտիմիլիոնատեր: Ամուսնացել է օտարազգի 3 կանանց հետ, սակայն զավակ չի ունեցել: Լինելով «Ռոլզ-ռոյս եւ բենտլի» ծածկակառքերի հայտնի «Հուպերս» ֆիրմայի կանոնավոր հաճախորդներից, նա հաճախ իր նախագծած ավտոմեքենաներն է ներկայացրել արտադրության, մրցակցության մեջ մտնելով այդ գործարանի մասնագետների հետ: ԱՃուրդի ներկայացված վերոնշյալ մեքենան այդ շարքից է եւ անշուշտ ենթարկվել է որոշակի վերանորոգումների, որոնց արժեքը գնահատվում է մոտ 200 հազար ֆունտ-ստերլինգ: Ավտոմեքենայի ոճը տարօրինակ է ներկա չափանիշների համեմատությամբ, բայց տիպական է Գյուլբենկյանին, որի «ստեղծագործությունները» միշտ եղել են խիստ պահանջված: Այն հիշեցնում է անցած ժամանակների լոնդոնյան հայտնի տաքսիները: Աճուրդում մեքենայի հետ տրվելու են նաեւ պատմական փաստթաղթերով եւ նամակներով հարուստ երեք ֆիրմային թղթապանակներ: |