ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐՏԱՀՈՍՔԸ ՀԱԿԱԿՇՌՎՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկրից Հայաստան եւ Հայաստանից արտերկիր կատարված դրամական փոխանցումների ցուցանիշները: Դատելով դրանցից, 2018 թ.-ից սկսված Հայաստանից ֆինանսական արտահոսքը շարունակում է ավելանալ: Այսինքն, նվազում է Հայաստան մտնող եւ երկրից դուրս եկող գումարների տարբերությունըՙ զուտ ներհոսքը: Զուհագեռաբար ավելանում է մեր երկրի արտաքին պարտքը եւ նվազումՙ օտարերկրյա ներդրումները: Այս ամենի մասին` հերթականությամբ: Ո՞րն է ֆինանսական արտահոսքի պատճառը Այսպիսով, 2019 թ.-ի հունվար-դեկտեմբերին մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստանից դուրս է եկել 1 մլրդ 454 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018 թ.-ին այդ ցուցանիշը 1 մլրդ 118 մլն դոլար էր, իսկ 2017 թ.ին ավելի քիչՙ 989 մլն դոլար: Այսինքն, ակնհայտ է, որ «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանից ֆինանսների արտահոսքը մեծացել է: Ինչպե՞ս է փոխվել գումարների ներհոսքը դեպի Հայաստան: Պետք է նշել, որ այդ նույն ժամանակահատվածում արտերկրից Հայաստան գումարների ներհոսքը նույնպես ավելացել է: 2019 թ.-ին Հայաստան իրենց հարազատներին արտերկրից ուղարկել են 1 մլրդ 958 մլն, այն դեպքում, երբ 2017 թ.-ինՙ 1 մլրդ 756 մլն դոլար, իսկ 2018 թ.-ինՙ 1 մլրդ 784 մլն: Սա փաստում է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը վերջին մեկուկես տարվա ընթացքում վատթարանում է, ինչն էլ դրդում է արտերկրում բնակվողներին ու աշխատողներին ավելի շատ գումար ուղարկել Հայաստանում բնակվող իրենց հարազատներին: Արտահոսք-ներհոսքի տարբերությունըՙ զուտ ներհոսքը, ինչպես արդեն նշվեց վերեւում, այս ամենի արդյունքում փոքրացել է: Եթե 2017 թ.-ին Հայաստանում մնացող «մաքուր» գումարը 766 մլն դոլար էր, 2018 թ.-ինՙ 596 մլն դոլար, ապա 2019 թ.ինՙՙ 504 մլն: Այսինքն, անցած տարի 2018 թ.-ի համեմատ 92 մլն դոլարով ավելի քիչ գումար է մնացել երկրում, իսկ 2017 թ.-ի համեմատՙ 262 մլն դոլարով: Հայաստանից գումարների արտահոսքի ավելացումը եւ զուտ ներհոսքի նվազումը, ըստ Կենտրոնական բանկի, ավտոմեքենաների ծավալների ներմուծման «աննախադեպ շարունակական» աճի արդյունք է եղել: Սակայն ԿԲ այս բացատրությունը քննադատության չի դիմանում: Եթե զանգվածաբար Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները բերվել են ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ Եվրոպայից, ապա ինչո՞ւ է դեպի Ռուսաստան գումարների արտահոսքն ավելանում: Այդպես է եղել, մասնավորապես, ավտոմեքենաների ամենամեծաթիվ ներմուծմանՙ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: Եվ ընդհակառակըՙ դեպի ԱՄՆ վերջին չորս ամիսներին գումարների արտահոսքը նվազում է: Չէ՞ որ Ռուսաստանից չեն բերվում այդ մենքենաները, այլ ընդհակառակը, դրանց մի մասը վաճառվում է հենց Ռուսաստանում, իսկ այդ դեպքում պետք է որ Հայաստանից Ռուսաստան ուղարկվող գումարները չավելանային: Հետեւաբար, Հայաստանից ֆինանսների «փախուստի» պատճառը մեկն էՙ քաղաքական ցնցումները մեր երկրում, որոնք անուսափելիորեն ազդում են տնտեսական կացության վրա: Նման մթնոլորտում մարդիկ գերադասում են իրենց գումարները հանել երկրից: Սա ֆիզիկական անձանց կողմից գումարները դուրս հանելու տվյալներն են: Նույնն է պատկերը նաեւ գործարարների մոտ, իսկ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը արդեն ոչ վստահելի երկրի համբավ է ձեռք բերել եւ ոչ մի միջազգային վարկանիշային կամ այլ կառույցի գնահատական նրանց այլեւս հակառակի մեջ չի համոզի: Օտարերկրյա ներդրումները մեր երկրից «փախչող» կապիտալի եւս մեկ օղակ Հիշեցնենք, որ, ըստ այս պահին ԿԲ կողմից հրապարակված 2019 թ.-ի ինը ամիսների ցուցանիշների, Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 185,7 մլն դոլար: 2018 թ.-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել էր 186,4 մլն դոլար: Ներդրումների ծավալի նվազումը ավելի քան 700 հազար դոլար է կազմել առանց այն էլ նվազած 2018 թ.-ի ցուցանիշների համեմատ: Բացի դրանից, էապես նվազել է օտարերկրյա ներդրողների կողմից եկամուտների վերաներդրումը Հայաստանում: Անցյալ տարվա ինը ամիսներին օտարերկրյա ներդրողների կողմից վերաներդրված եկամուտը կազմել է 73,5 մլն դոլարՙ 2018 թ.-ի ինը ամիսների 106,2 մլն դոլարի դիմաց: Այսինքն, վերաներդրվող եկամուտը նվազել է մոտ 31 տոկոսով: Այս ցուցանիշը թերեւս ամբողջական է դարձնում Հայաստանից «փախչող» կապիտալի պատկերը: Այս ամենով հանդերձ, շատերի համար զարմանալի կարող է թվալ, թե ինչո՞ւ հայկական դրամը չի արժեզրկվում, իսկ ֆինանսական շուկանՙ գոնե առայժմ կայուն է: Պատճառը շատ պարզ էՙ Հայաստանից դուրս եկող ֆիզիկական անձանց գումարներն եւ օտարերկրյա ներդրումները ՀՀ կառավարությունը հակակշռում է արտաքին պարտքն անշեղորեն ավելացնելով: Այսինքն, ավելացնում է երկրի պարտքային բեռըՙ առանց հավելյալ արդյունք ստեղծելու եւ մաշեցնելով մեր տնտեսությունը : 295 մլն դոլարով ավելացել է արտաքին պարտքը Հիշեցնենք վարչապետի 2019 թ.-ի սեպտեմբերին կատարած գրառումը. «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»: Սակայն դրան հաջորդող ժամանակահատվածում առ այսօր նա չի անդրադարձել այս թեմային: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ: Պատասխանը պարզ էՙ նախկին իշխանություններին մեղադրելով երկրի արտաքին պարտքի ավելացման մեջ, ակտիվորեն շահարկելով այս թեման, հիմա վարչապետն ինքն է արագընթաց տեմպերով ավելացնում այն: Դիտարկենք, թե ինչպե՞ս է փոխվել ՀՀ արտաքին պարտքը գործող կառավարության ներկա ժամանակահատվածում: ՀՀ արտաքին պարտքը 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 789 մլն դոլար: 2018 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ, երբ իշխանությունն արդեն անցել էր «թավշյա հեղափոխականներին», ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 494 մլն դոլար էր: Սա նշանակում է, որ մեկ տարի եւ յոթ ամսվա ներկայիս իշխանության օրոք արտաքին պարտքն ավելացել է 295 մլն դոլարով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը երբեք այնքան բարձր չի եղել, որքան հիմա: Նախորդ տարվա վերջին, միայն մեկ ամսվա ընթացքում արտաքին պարտքն աճել է 163 մլն դոլարով, իսկ կնքված վարկային պայմանագրերի գումարների մի մասը շարունակվելու է ստացվել այս տարի: Դա նշանակում է, որ արտաքին պարտքը շարունակելու է աճել: Ինչ վերաբերում է ՀՀ պետական պարտքինՙ արտաքին եւ ներքին պարտքինՙ մի մասին վերցրած, ապա եթե 2018 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ այն 6 մլրդ 754 մլն դոլար էր, ապա 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբՙ արդեն 7 մլրդ 324 մլն դոլար: Այսինքն, ՀՀ պետական պարտքն էլ ավելացել է 570 մլն դոլարով: Այստեղ մեկ այլ հարց էլ է առաջանումՙ եթե բյուջեի եկամուտները իսկապես «աննախադեպ» ծավալներով կատարվում եւ գերակատարվում են, ապա ինչո՞ւ ենք նոր պարտքեր վերցնում բյուջեի ֆինանսավորման համար: |