ԱՄԵՐԻԿԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Աշխարհում երկրներ կան, որոնք իրենց աշխարհագրական դիրքի պատճառով ազդվում են միջազգային հարաբերությունների բարդ ու խառնաշփոթ իրադարձություններից եւ դրանց հետեւանքում առաջացած անկայունությունից: Հայաստանն այդ երկրներից մեկն է, հատկապես ներկայիս, երբ ինքն իր ճակատագրի տերն է եւ փորձում է նավարկել փոթորկալից ջրերի միջով: Նա պատանդ է դարձել Կովկասում ընթացող զարգացումներին: Դարեր շարունակ տարածաշրջանի գերիշխող ուժերը եղել են Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, նրանց մրցակցությունն էլ սահմանել կամ որոշել է Հայաստանի ճակատագիրը: Այսօր, այդ խառնաշփոթին ավելացել է նաեւ Մ. Նահանգներըՙ իր բավականին ուժեղ ներկայությամբ: Զանգվածային լրատվամիջոցները սոսկ մակերեսայնորեն են լուսաբանում շարունակվող մրցակցությունը, որի ելքը շատ տարիներ անց միայն հայտնի կդառնա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այդ մրցակցությունն օգտագործում է առավելություն ստանալու մտադրությամբ, բայց այդ քաղաքականությունը նորահայտ գյուտ չէ: Օսմանյան թուրքերը կարողացան մի հսկայական կայսրություն կառավարել մոտ վեց դար, որի ընթացքում հղկեցին իրենց դիվանագիտական ունակությունները, որն իր մեջ պարփակում էր ինչպես սայթաքումներ, այնպես էլ պատեհապաշտական տարրերի հսկայական փորձ: Ռուսաստանին գրեթե հաջողվել էր 1878-ին իրականացնել իր բազմամյա երազանքը հասնելու Միջերկրականի գաղջ ջրերըՙ պարտության մատնելով Օսմանյան Թուրքիային: Սակայն նրա հաջողությունները տապալվեցին նույն տարվա հունիսին անցկացվող Բեռլինի Կոնգրեսումՙ Մ. Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրայելիի ջանքերի արդյունքում: Այդ կոնգրեսում Հայաստանի ճակատագրին էլ մեծ վնաս հասցվեց 16-րդ եւ 61-րդ հոդվածների միջոցով: Միեւնույն սցենարը կրկնվեց 1921-ին, այս անգամ արդեն նոր դերակատարներովՙ հանձինս Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի եւ Վլադիմիր Լենինի, որոնք Կարսի պայմանագրով թեւատեցին Հայաստանը: Որոշ շշուկներ լսվում են այն մասին, որ հարյուրամյակի շեմին պայմանագիրը կարող է վերանայվել, բայց դա, իհարկե, կախված է տարածաշրջանի անկայուն կացության զարգացումներից: Այսօր Էրդողանը հանդես է գալիս որպես նոր դերասան հին պիեսում: Բայց նա լավ է յուրացրել մի բան, որ հաջողության հասնելու համար նա պարտավոր է իր երկիրը դարձնել ամուր գրավական միջազգային հարաբերությունների կոնտեքստում: Ի հեճուկս հայերի եւ Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների, այդ երկիրը հզոր է եւ կարող է պայքարի մեջ մտնել աշխարհի գերտերությունների հետ, ու հաղթական դուրս գալ: Հակառակ Էրդողանի ոտնձգությունների, նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է նրան բնութագրել որպես «շատ լավ առաջնորդի» եւ «բարեկամի»: Ռուսական S-400 պաշտպանական հրթիռներ ձեռք բերելը վրդովեցրեց ոչ միայն Մ. Նահանգներին, այլեւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին: Արեւմտյան մի շարք մայրաքաղաքներում պահանջեցին այդ կառույցից վտարել Թուրքիային: Ամերիկան պատժամիջոցներ կիրառեց ընդդեմ Թուրքիայի, իսկ Էրդողանը սպառնաց ամերիկյան զորքերին դուրս մղել Ինջիրլիքի ավիաբազայից, որտեղ ենթադրվում է, որ ամերիկյան 50 միջուկային զենք է պահվում: Ավելին, Մ. Նահանգները մերժեց տեղի տալ թուրք հոգեւորական Ֆեթուլա Գյուլենին արտահանձնելու պահանջին, եւ շարունակում է դաշնակցային հետապնդումներն ընդդեմ «Հալկբանկի» հանցագործների, որոնք շրջանցել էին Իրանի հետ առեւտրային սահմանափակումները: Բայց կարծես պատմության անիվը ետ է շրջվում: Հավասարակշռությունը պահպանելու Էրդողանի քաղաքականությունը կորցրել է թափը, իսկ Մ. Նահանգները կորցրել է արժեքներին չդավաճանելու իր սկզբունքայնությունը: Սովորաբար ամերիկյան քաղաքական շրջանակներում կատարվող փոփոխությունները նախ մամուլի միջոցներով են հայտնի դառնում եւ հետո միայն հաստատվում պաշտոնական աղբյուրների կողմից: Պարզվել է օրինակ, որ Վաշինգտոնն այլեւս չի շարունակելու քննարկել Թուրքիայի ռուսական զենք ձեռք բերելու հարցը: «War on the Rocks» (Խնդրահարույց պատերազմ) մեկնաբանության մեջ Ռեյ Ռաունդսը գրում է. «F-35-ի բեռնարգելքը հարկադրելով Անկարային, Մ. Նահանգները փոխանակ ընդհանուր լեզու գտնելու, է՛լ ավելի է քայքայում հարաբերությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ»: Ապա հոդվածի հեղինակը հիշեցնում է 1975-ի դեպքերը, երբ Մ. Նահանգները ստիպել էր Թուրքիային նստել բանակցությունների սեղանին եւ քննարկել Կիպրոսի հարցը: «Այդ հարկադրանքը հակադարձ ազդեցութուն ունեցավ, եւ Թուրքիան դեռեւս գտնվում է Կիպրոսում», եզրափակում է Ռեյ Ռաունդսը, ավելացնելով, որ սահմանափակումները ոչ թե պետք է միտված լինեն պատժելու Թուրքիային, այլ ընդամենը պաշտպանելու ամերիկյան զինանոցի անվտանգությունը: Սա նշանակում է, որ նախատեսվում է ավելի մեղմ քաղաքականություն վարել Թուրքիայի նկատմամբ: Թուրքիան ուշադիր հետեւում է այս փոփոխությանը Վաշինգտոնում եւ իր հերթին բարեհաճո քայլեր ձեռնարկում հերթական անգամ սիրաշահելու համար Մ. Նահանգներին: Այդ նպատակին հասնելու համար Էրդողանը 50 միլիոն արժողությամբ ռազմական օգնություն ցուցաբերեց Ուկրաինային (մի բան, որ Թրամփը ուշացրել էր կատարել) եւ հայտարարեց հանդգնությամբ, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, մի թեմա, որ ողջունելի է պետքարտուղարության քաղաքական շրջանակներում: Այնուհետեւ նա զգուշավորությամբ անդրադարձավ իր քաղաքականությանը Սիրիայում, որտեղ վերջերս թուրքական զորքերը բախումներ են ունեցել ռուսական զորքերի հետ, չնայած երկու կողմերը մեղադրում են իրենց համապատասխան «հովանավորյալներին»: Ամերիկյան զորքերն, իրենց հերթին, հեռանում են սիրիական մարտադաշտիցՙ թողնելով, որ ռուսական զորքերը Ասադի զորքերի հետ շարունակեն իրենց առաջխաղացումները: Ամերիկային հաճոյանալու համար Էրդողանը փորձեց հակահարված տալ Ռուսաստանին, չնայած Թուրքիան Սիրիայում նաեւ այլ նպատակներ է հետապնդում, որոնցից առաջնայինը քուրդերի առաջխաղացումները կասեցնելն է: Իսկ ի՞նչ ազդեցություն են թողնում այս բոլոր քայլերը Հայաստանի եւ ընհդանրապես Կովկասի վրա: Հակառակ իր ռազմամոլական դիրքորոշմանը, Թուրքիան խիստ զգուշավորությամբ է վարում իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, քանի որ «Streamgas» թուրքական գազի խողովակաշարը եւ Ակկույու տարածքում ատոմակայանի շինարարությունը կարեւորագույն ծրագրեր են: Բայց նույնքան կարեւոր են նաեւ Ադրբեջանում Թուրքիայի շահերի պաշտպանությունը: Ադրբեջանում կարծես իշխանության փոխանցում է տեղի ունենում: Կառավարության վերակազմավորումն ու առաջին տիկնոջՙ Մեհրաբան Ալիեւայի հետզհետե ավելի աչքի ընկնող դիրքը ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում, վառ ապացույցներ են, որ Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում փոփոխություններ են ակնկալվում: Այդ փոփոխությունների շրջանակներում, Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն երկու անգամ հայտարարել է, որ հնարավորություն է ստեղծվում կարգավորելու ղարաբաղյան խնդիրը, որում Պուտինի ներգործությունը չափազանց կարեւոր է: Թուրքիան երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի օգտին լուծելու գաղափարից, եւ Պուտինի ներգործությունը կարող է միայն ամրապնդել Թուրքիայի դիրքորոշումը: Մոսկվան հավասարապես է վերաբերվում Երեւանին եւ Բաքվին, չնայած Հայաստանը նրա ռազմավարական դաշնակիցն է: Վարչապետ Փաշինյանը, որ ընդդիմության առաջնորդ եղած ժամանակ անդրդվելիորեն դեմ էր Ռուսաստանի ներկայությանը Հայաստանում, այժմ գիտակցում է, որ Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունները, թեկուզ ոչ այնքան անկեղծ, անհրաժեշտ են: Մյուս կողմից, երկրի երիտասարդ ղեկավարությունը եւ կառավարամետ լրատվամիջոցները թույն են ժայթքում ընդդեմ Ռուսաստանի: Պատմությանն անդրադառնալով մենք պետք է կարողանանք մեր ներկա գործողություններում խուսափել 1878-ի եւ 1921-ի սցենարներից: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) |