ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Slate.fr կայքում հրապարակված հոդվածի հեղինակները նշում են, որ հարկավոր է նախապատրաստվել շաբաթներ, ամիսներ անց կամ գուցե ավելի ուշ SARS-CoV-2-ի հնարավոր գրոհի սցենարներին ու ռազմավարություններին: «Արագ եւ լիակատար անհետացման» սցենար: Դա արձանագրվեց 2002-2003 թվականներին SARS-ի դեպքում, որը նույնպես ի հայտ էր եկել Չինաստանում: Ցավոք SARS-CoV-2-ը նախորդից տարբերվում է մասնավորապես համաճարակի դինամիկայի տեսակետից: SARS-ը լուրջ հիվանդություն էր ամեն տեսակետից եւ անխուսափելիորեն հանգեցնում էր հոսպիտալացման: Իսկ ներկայիս կորոնավիրուսի վարակման դեպքերի մեծ մասը անախտանիշ է : Շվեդական մոդելը ենթադրում է էնդեմիկություն, վիրուսի ներքին տարածման ազատություն, որպեսզի բնակչության 70%-ը հիվանդանա եւ ձեռք բերի հավաքական իմունիտետ: Երկրորդ սցենարըՙ «դադար-առաջ», ֆրանսիայի օրինակով կիրառվող կարանտինային սահմանափակումներն են: Օրինակՙ հինգ մարդուց ավելի հավաքվելու արգելք, հասարակական վայրերի եւ դպրոցների փակում եւ այլն: Կարանտինի վերացումից իրադրությունը կարող է կրկին դառնալ տագնապալի: Երրորդ սցենարը «ամառային ընդմիջումն» է: Ամառային արգելակումը լավ հայտնի է մի շարք հիվանդությունների, մասնավորապես սեզոնային գրիպի դեպքում: Սակայն պետք է հիշել, որ SARS-CoV-2- ը շատ ավելի վարակիչ է, եւ ամառային ընդմիջումը կարող է միայն մասնակիորեն կանգնեցնել համաճարակը: Չորրորդ սցենարը «աղետալին» է , այսինքն աղետների սցենարներ, որոնք մշակել են մասնագետների թիմերը: Դա գործունեության է դրդում քաղաքական գործիչներին: Հինգերորդը «էնդեմիկության» սցենարն է , ինչպես սեզոնային գրիպը: Բացառված չէ, որ նոր կորոնավիրուսը կշարունակի գոյատեւել եւ հարուցել նոր համաճարակներ: Էնդեմիկության մասին բացեիբաց խոսել է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Էնդեմիկ սցենարի դրսեւորումներից մեկը հետեւյալն է: Բնակչության մեծ մասը պատվաստման է ենթարկվում, ինչպես կարմրուկի դեպքում, մշակվում է հավաքական իմունիտետ եւ հնարավոր է նույնիսկ վարակի ամբողջական վերացում, ինչպես ժամանակին տեղի ունեցավ տիֆի համաճարակի դեպքում: Էնդեմիկ սցենարի դրսեւորում կարող են լինել այսպես կոչված «ռեզերվուարային կենդանիները», որոնք կարող են հանդես գալ որպես վարակի աղբյուրներ: Համավարակի սկզբից ի վեր անցած հինգ ամիսներից հետո դժվար է կանխատեսումներ անել, թե ինչ կպատահի կորոնավիրուսի հետ: Այս ոլորտում կանխատեսումները, ցավոք, պատրանքային են, Slate.fr-ում գրում են գիտնականներ Ժան-Իվ Լոն եւ Անտուան Ֆլաոն: |