RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2020-05-22 12:04:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2760, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԻԿՈԼՆ ԷԼ ԱՌԱՋՎԱ ՆԻԿՈԼԸ ՉԻ, ՉԷ՜...

ՆԱԻՐ ՅԱՆ

Կար ժամանակ, երբ մարդիկ միմյանց հարցնում էին. «Էսօր Նիկոլը «լայվ» է մտել, ի՞նչ է ասել: ...Նիկոլը ոնց ասի, էդպես էլ անելու ենք»:

Նիկոլը «լայվ»-ով ասերՙ հաց մի կերեք, չէին ուտի, Նիկոլն ասերՙ երկնքից ինձ համար աստղեր իջեցրեք, կիջեցնեին: Եվ այս անբեկանելի, անուրանալի վստահությունը, հավատը իրական կյանքում էր: Մարդիկ համոզված էին, որ Նիկոլն իրենց կպաշտպանի, կփրկի, Նիկոլը երբեք չի ստում, չի դավաճանում, Նիկոլը կյանքն էլ չի խնայի իրենց համար, որովհետեւ նա իրենց հերոսն էր, իդեալը, անվերապահ կատարելությունը:

Հազար ու մի խնդիրները նամակի մեջ ծրարածՙ մարդիկ կառավարության դուռն էին գալիսՙ համոզված, որ Նիկոլն իր աշխատասենյակի պատուհանից հենց տեսնի իրենց, անմիջապես վերեւ կկանչի, կլսի իրենց պատմությունը, դարդին դարման կանի: Նիկոլը կհրամայի իր աշխատողներինՙ ինչպես կարգն է, բոլորի խանդիրները լուծել: «Նիկոլը ոնց ասի, աշխատողներն էդպես էլ կանեն». համոզված էին հազար ու մի հոգսերի տակ կռացած մարդիկ:

Շատ ժամանակ չանցավՙ ընդամենը մեկ, մեկուկես տարի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լայվ»-երի ակտիվությունն այդ ընթացքում նույնը մնաց, բայց դրանց կենսունակությունն աստիճանաբար նվազեց: Այս իրողությունը ցավալի էր առաջին հերթին նրա «լայվ»-երն ուշիուշով լսող, նրա հրահանգներով ապրող հանրության համար, որովհետեւ տասնամյակներ շարունակ իր ղեկավարների մեջ սրտացավություն, բարի կամք չտեսած ժողովուրդը վերջապես գտել էր մեկին, ում հավատում ու վստահում էր: Հետդարձը ցավոտ է, որովհետեւ հետդարձին վստահությունն ու հավատն է կորչում: Մարդկանց սրտերը բուռ-բուռ լցված հավատը կաթիլ-կաթիլ հուսահատության վերածվեց:

Հիմա Նիկոլն էլի «լայվ» է մտնում, օր է լինումՙ նույնիսկ երկու անգամ: Առաջ էլ, հիմա էլ ասում է. «Դուք եք ինձ վարչապետի աթոռին դրել, ժողովո՛ւրդ ջան, դուք եք որոշողըՙ ես կմնա՞մ վարչապետ, թե ոչ»: Ոչ վաղ անցյալում նրա այդ խոսքերից մարդիկ ոգեւորվում էին, իրենց կարեւորված զգում, հազար սերիալ էլ լիներ, ճաշը կրակի վրա այրվերՙ Նիկոլը «լայվ» է մտել, լսենք, տեսնենք սրանից հետո ոնց ենք ապրելու, առավոտյան ա՞ջ կոշիկն ենք հագնելու, թե՞ ձախ, երեխային ավագ դպրոց տանե՞նք, թե Նկոլի ասածովՙ քոլեջ:

Նիկոլի «լայվ»-երը սովորական ու անկարեւոր դարձան: Դրանում ժողովուրդը չէ մեղավոր. ժողովուրդը նույնն էՙ երկու տարի առաջ էլ, հիմա էլ: Ժողովուրդն ամենաշատը չէր ուզի, որ իր հավատը, վստահությունը, հույսերը մսխվեին: Ժողովուրդն այն ռոմանտիկն է, որն ինքնակամ ուզում է ինչ-որ մեկին հերոսացնել, ֆետիշացնել, հսկայական չափաբաժնով նրա մեջ խտացնել իր հավատն ու վստահությունը, հնդկական սերիալը փոխարինել Նիկոլի «լայվ»-երով, իսկ հուսահատվելուց հետո Նիկոլի «լայվ»-երը փոխարինվում են հնդկական սերիալով: Դարձ ի շրջանս յուր:

Վարչապետ Փաշինյանի ձայնն օրական երկու անգամ լսում ենք, առավոտից երեկո կրկնում էՙ դիմակ ու ձեռնոց դրեք, սոցիալական հեռավորություն պահպանեք, համավարակի կանխումը կախված է յուրաքանչյուրիս անհատական պահվածքից ու գիտակցությունից, սթափությունը մի՛ կորցրեք: Ինքն ասում է, ինքըՙ լսում: Առաջ Նիկոլն ասերՙ կորոնավիրուս կա, ու բոլորը մի մարդու պես չհավատայի՞ն, լսվա՞ծ բան էր: Իսկ հիմա Նիկոլը ստիպված է հանրությանը հազար ու մի եղանակով համոզել, ապացուցել, թեՙ ժողովուրդ ջան, հավատացե՛ք, ազնիվ խոսք, կորոնավիրուսը հորինովի չի, այն իսկապես կա, ես էլ դիմակի բիզնեսի մեջ «փայ» չունեմ:

Եթե կորոնավիրուսը մեկ-մեկուկես տարի առաջ ի հայտ գար, Հայաստանում այն երկրորդ օրն իսկ կանխված կլիներ, որովհետեւ Նիկոլը «լայվ»-երով կհրահանգերՙ ժողովուրդ ջան, մնում ենք տանը, պահպանում ենք բոլոր կանոնները: Հանրությունն անվերապահորեն կկատարեր նրա հրահանգներն, ու ինչպես վարչապետը կասերՙ կորոնավիրուսը պինցետով կհանվեր մեր երկրից: Փաշինյանն այդ մտայնությամբ երեք ամիս առաջ հայտարարեցՙ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մենք նրանից վախենանք: Թերեւս նա վստահ էր իր խոսքի ուժին, վստահ էր, որ ինչ ասի, մարդիկ կլսեն ու կկատարեն: Բայց այսօր, ներկա պահին Նիկոլի «լայվ»-երը ուժը կորցրած են, իրենց սպառած ու հնացած: Վարչապետն ինչքան էլ կոկորդ պատռի, թեՙ իրար քիթ մտածՙ մի զրուցեք, դիմակ-ձեռնոց դրեք, թե չէ կտուգանեմ, չեմ խնայի ոչ մեկին, արդեն ամեն ինչ միեւնույն է դարձել: Հենց այս իրավիճակը պետք է կանխատեսեր Փաշինյանը, կանխատեսեր ու ամեն ինչ աներ, որպեսզի խուսափեր դրանից: Խուսափեր անլուրջ ու ամենօրյա դառնալուց, խուսափեր սովորականի վերածվելուց:

Չէ՛, Նիկոլն էլ առաջվա Նիկոլը չէ: Ու երեւում էՙ ինքն էլ գիտի դրա մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ