ԶԱՐԱՔՈԼՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ Հ.Ծ. Գերմանական «Դոյչե վելլե» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի փաստաբանը քրեական հայց-բողոք է ներկայացրել լրագրող Ռագիպ Զարաքոլուի դեմ, այն բանի համար, որ նա իր հոդվածով «զինվորական հեղաշրջման» կոչ է անում: Զարաքոլուի «Անհաջողութունից խուսափում չկա» վերնագրով հոդվածը, որ հրատարակվել է «Էվրենսել» թերթում եւ «Արտի Գերչեք» կայքում, նախագահ Էրդողանին համեմատում էր նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի հետ, որին զինվորական խունդան կախաղան բարձրացրեց 1960-ին: Դատախազին ուղղված խնդրագրում Էրդողանը նշել է, որ Զարաքոլուն բացահայտորեն սպառնում է իրեն զինվորական հեղաշրջմամբ եւ մահապատժով: Նա կոչ է արել սահմանադրական կարգը խախտելու եւ նախագահի անվտանգության դեմ ուղղված հոդվածներով հետաքննություն սկսել ինչպես Զարաքոլուի, այնպես էլ թերթի եւ կայքի դեմ: Իր պատասխան հայտարարության մեջ Զարաքոլուն հակադարձել է, ասելով, որ իր հոդվածն ընդհանրապես դեմ է զինվորական հեղաշրջումներին եւ ինքն ամբողջ կյանքում պայքարել է դրանց դեմ: «Անբացատրելի է, թե ինչպես են սխալ մեկնաբանել հոդվածս», ասել է նա, ավելացնելով, որ նրան ճնշել են եւ սպառնացել ինչպես 1971, այնպես էլ 1980 թվականներին: «Ինձ նաեւ սպառնացին Հրանտ Դինքի հետ միասինՙ 2006-ին: Դրանք այն շրջանակի մարդիկ էին, որոնք այսօր կառավարության սյուներն են համարվում», նշել է մադու իրավունքների պաշտպանը: Ավելացնենք, որ 2008-ին Զարաքոլուին դատապարտեցին 5 ամսվա բանտարկության (որ հետագայում փոխարինվեց տուգանքով) Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Թուրքիան աշխարհում ճանաչված է որպես ամենամեծ թվով լրագրողներ բանտարկող երկիր: Ավելի քան 100 լրագրող ներկայիս գտնվում է բանտում կամ նախադատական կալանքում: «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության 2020-ին հրապարակած «Համաշխարհային լրատվության ազատության ցուցակում» Թուրքիան 180 երկրների շարքում գրավում է 154-րդ հորիզոնականը: |