RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2020-06-26 > #020, 2020-07-03 > #021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 10-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 15:50:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 658, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ. ՎԵՐՋ ՏԱՆՔ ԱՅՍ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԻՆ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվա

Արդեն քանի օր է, ինչ համացանցը բառացիորեն ողողված է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պախարակող եւ անարգող հարյուրավոր մեկնաբանություններով եւ տեսանյութերով: Առանց այդ էլ ոչ ջերմ ու բարիդրացիական կանոններով ապրող, տարբեր ճամբարների բաժանված հասարակության մեջ գլուխ են բարձրացրել թշնամանքը, ատելությունն ու չարությունը, եւ, թվում է, թե հայոց երկնակամարը ուր որ է կպայթի այս համատարած ատելությունից, եւ մարդիկ համացանցի վիրտուալ տիրույթից դուրս գալով իրական կյանքՙ փողոց, կույր ատելությամբ սրախողխող կանեն միմյանց:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում, վերջնական դատավճիռներ արձակելուց առաջ մեր հազարավոր հայրենակիցները խորացե՞լ են խնդրի էության մեջ: Իսկ հարցը չնչին է ու պարզունակ, ինչպեսՙ մի կաթիլ մեղրի պատմությունը:

Ըստ Նաիրա Զոհրաբյանիՙ Սփյուռքում ապրող մի կին իր «մեսենջերին» անձնական վիրավորանքներ է գրել, սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել իր, ընտանիքի եւ աղջկա հասցեինՙ ասելիքը համեմելով չարության եւ անթաքույց ատելության խոսքերով: Վիրավորված ինքնասիրությամբ Զոհրաբյանը ձայնային պատասխան է ուղարկել տիկնոջը, բացառապես եւ միմիայն նրանՙ այդ տիկնոջը, սակայն խախտելով նրա անձնական նամակագրության անձեռնմխելիության իրավունքըՙ ձայնային պատասխանը գողացվել, հանրայնացվել եւ ֆեյսբուքյան տիրույթում ներկայացվել է որպես Սփյուռքի մեր հայրենակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք:

Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի հայրենակիցներին ուղղված իր խոսքում Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով իրողությունըՙ ներողություն է խնդրում բոլորիցՙ վերահաստատելով, որ ինքը շարունակելու է չհանդուրժել թշնամանքն ու հայհոյանքը, հասարակությունը ատելությամբ սնելու յուրաքանչյուր քայլ, ով էլ դա կանի եւ որտեղ էլ այդ անձը կապրի:

Եվ իրոք, մեծ աղմուկ ոչնչից: Իսկ մի՞թե հենց այսօրինակ «մանր ու չնչին» դիպվածները չեն քանդում մեր տունը, հայոց աշխարհը, ինչին սրտատրոփ սպասում է դավադիր հարեւանը: Այո, չարության խոսքը, ատելությունն ու թշնամանքը կազմաքանդում են Հայրենիքը, եւ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում, սփյուռքո՞ւմ, թե՞ հայրենիքում, պետք է վերջ տանք այս եղբայրատյաց ու կործանարար գործելաոճին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 10-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ