RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020



Տեղադրվել է` 2020-11-26 22:44:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1573, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՒՏԻՆԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ ՄԱՍՆԱՏՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Թերեւս միակ մխիթարանքը Արցախի անկախության ճանաչման նախաձեռնություններն են

Բզկտված Արցախի այս քարտեզը, որ ռուսական «Կոմերսանտն» է հրապարակել, ոչ միայն հանրագումարի է բերում արցախահայության դեմ Պուտին-Էրդողան համագործակցությամբ սանձազերծված պատերազմի արդյունքները, այլեւ բացահայտում է Արցախի նկատմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկրտումները, բացահայտելով հանդերձ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի եւ պուտինյան Ռուսաստանի բարեկամության բուն էությունը: Ըստ քարտեզի, Քելբաջարի, Լաչինի շրջաններից զատ հարակից շրջաններով Ադրբեջանին է հանձնվել Հադրութը, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի եւ Շուշիի շրջանների մի մասը եւ Շուշին, ինչպես նաեւ Աղդամը, որպես օկուպացված տարածք: Ի դեպՙ 1991-ին Միխայիլ Գորբաչովի օրոք էլ խորհրդային բանակն օկուպացրել է Գետաշենի ու Շահումյանի շրջանները եւ հանձնել ադրբեջանական հրոսակներին, որ ռուս զինվորների աչքի առջեւ անասանելի դաժանությամբ կոտորեն խաղաղ հայ բնակչությանը, օրինակՙ մոր ներկայությամբ նավթ լցնեն դստեր վրա, ողջակիզեն, ծնողների կամ ամուսնու աչքի առջեւ բռնաբարեն աղջիկներին կամ կնոջը, ապա մորթեն բոլորին: Ակամա հարց է ծագում, ինչո՞ւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռնամուխ լինի ավարտին հասցնել 1915-ին Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի կիսատ թողած գործը Հայաստանում, իսկ Պուտինը, հետեւելով, ինչպես ինքն էր ասել հոկտեմբերի 22-ի «Վալդայ» ակումբում, «իր լավագույն ընկերոջը», Արցախում ավարտին չհասցնի Գորբաչովի անավարտ թողածՙ դաշնակցի համար շա՜տ պատվաբեր գործը:

Ավելին, Պուտինը սոսկ դրանով չի սահմանափակվում. դատելով քարտեզից նա Նախիջեւանից Զանգելան հենց հայ-իրանական սահմանի երկայնքով միջանցք է ուզում տրամադրել Ադրբեջանին, որ իրականանա Թուրքիայի պանթուրքական վաղեմի երազանքը: Արցախի փաստացի հանձնումն Ադրբեջանին հարվածի տակ է դնում Սյունիքի անվտագությունը, Նախիջեւան- Զանգելան միջացքն էլ, որը հավանաբար ունենալու է 5 կմ. լայնություն, ինչպես Արցախ-Հայաստան կապն ապահովող միջանցքն է, դառնալու է սպառնալիք հայ-իրանական սահմանի անխափան գործունեության համար, որովհետեւ Թուրքիան չի հրաժարվում Մեղրին Ադրբեջանին միացնելու վաղեմի հավակնություններից:

«Ազգ»ի նախորդ համարներում, անդրադառնալով թուրք-ադրբեջանական հրոսակի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ահաբեկչական պատերազմին, կարծիք էի հայտնել, որ Պուտինը դեռեւս դրա նախապատրաստման փուլում սերտորեն համագործակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ այդ համագործակցությունը շարունակվել է պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաեւ նոյեմբերի 10-ին հայտարարված եռակողմ հրադարի եւ դրան հաջորդող օրերին: Եթե այդ համագործակցությունը մինչեւ հրադադար հաստատում էր ինքը Պուտինը հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբում, հռչակելով Էրդողանին «լավագույն ընկեր», հրադադարից հետո էլ հաստատեց Էրդողանը, իսկ հոկտեմբերի 29-ին էլ ՎՏԲ կապիտալ ներդրումային ֆորումում Լեռնային Ղարաբաղը համարեց «բնիկ ադրբեջանական տարածք», ընդգծելով, թե Ադրբեջանը իրավունք ունի վերադարձնելու իր տարածքները, ապա հրադադարից անմիջապես հետո, հենց նոյեմբերի 10-ին, INTERFAX.RU-ի վկայությամբ, Էրդողանն էլ իր գոհունակությունը հայտնեց Պուտինին, իբրեւ ճիշտ քայլ բնութագրելով ռազմական գործողությունների դադարեցումը, ահազանգելով. «Միայն թե Հայաստանը պահպանի հրադադարի ռեժիմը»:

Գալով Իլհամ Ալիեւին, Պուտինը նախանձելի հանդուրժողականություն ցուցաբերեց հայատյացության անասնական բնազդով տառապող այս հրոսակի հանդեպ: Դատապարտելը դեռ մի կողմ, նույնիսկ հարկ չհամարեց առարարկել, երբ վերջինը խախտեց իր իսկ նախաձեռնությամբ Մոսկվայում հայտարարված հոկտեմբերի 10-ի մարդասիրական հրադադարը, 44 օր շարունակ ռմբակոծության ենթարկեց եւ ավերեց Արցախի բնակավայրերը, ինչպես նաեւ Հայաստանի, սպանելով խաղաղ բակիչներին: Եթե չես դատապարտում, կնշանակի խրախուսում ես: Պուտինը, որ Էրդողանին խրախուսել էր, խոսելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Թուրքիային ներգրավելու անհրաժեշտության մասին, որքան էլ դրանք միջազգայնորեն ծավալվեին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների իրավասության տակ, Իլհամին էլ խրախուսեց հանդուրժելով ռուսական ուղղաթիռի խոցումը Նախիջեւանիցՙ հենց եռակողմ հայտարության հրապարակման օրը, որի հետեւանքով զոհվել էր 2 ռուս օդաչու:

Ի դեպ, հանդուրժողականությունն էլ պայմանավորվածություն է ենթադրում, որը հայտարարելու դեպքում միանգամայն խոցելի է դարձնում կողմերից մեկին: Դրանից խուսափելու համար Պուտինը հանդուրժեց նաեւ Իլհամի կամակորությունները, որը նոյեմբերի 10-ին ռուսական ուղղաթիռը խոցելու օրը տեսակապի միջոցով Պուտինին նախ ասաց, որ խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ պետք է իրականացնի նաեւ Թուրքիան եւ դա նոր ձեւաչափ է, ապա հայտարարեց. «Խոսք անգամ չի կարող լինել Ղարաբաղի առանձնակի կարգավիճակի մասին, Ադրբեջանը բազմազգ պետություն է, հայերն այնտեղ ապրելու են նույն պայմաններում, ինչպես բոլորը»:

Նոյեմբերի 18-ին Իլհամի պահանջով Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Ջրաբերդ գյուղերը եւս անցան Ադրբեջանի վերահսկողությանը, թեեւ դրանք գտնվում են Աղդամի շրջանում: Մինչդեռ Պուտինը, վերածելով թուրք-ադրբեջանական հրոսակի պարտությունը հաղթանակի, իր հայեցողությամբ արդեն Ադրբեջանին էր հանձնվել Արցախի բազմաթիվ շրջաններ, Շուշին ներառյալ: Քանի որ Պուտինն արդեն Լեռնային Ղարաբաղը հայտարարել է բնիկ ադրբեջանական տարածք, ուստի ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցություններում պիտի հանդուրժի նաեւ փոխզիջումային ամեն մի տարբերակի մերժումն Իլհամի կողմից, փաստի առաջ կանգնեցնելով Մինսկի խմբի մյուս նախագահներին:

Իլհամը դա փորձեց անել խախտելով հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, իսկ 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հրադադարի հաստատման նախաձեռնությունները: Դրանք ամենայն հավանականությամբ Պուտին-Ալիեւ պայմանավորվածության արդյունքն էին, որ չափազանց ոգեւորեցին պաշտոնական Մոսկվային:Ամերիկյան կողմը, սակայն, հետեւողական գտնվեց, հրավիրելով հոկտեմբերի 29-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ներկայությամբ: Ռազմաճակատի շփման գծում սկանդինավյան խաղաղապահ ուժեր տեղակայելու համանախագահների Ժնեւում ընդունած որոշումը հիասթափության վերածեց Մոսկվայի ոգեւորությունը, այն առումով, որ դա ոչ միայն ի չիք էր դարձնում խաղաղ կարգավորման բանակցություններից ԱՄՆ-ին ու Ֆրանսիային դուրս մղելու Պուտինի հաշվարկները, այլեւ նրան կագնեցնում էր նախաձեռնությունը վերջիններին զիջելու փաստի առջեւ: Թերեւս դրանով պետք է բացատրել սկանդինավյան խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում կանխարգելելու առաջադրանքով Պուտինի նախաձեռնությամբ ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնագրի հապճեպ ընդունումն ու ռուս խաղաղապահների շուտափույթ տեղակայումը մասնատված Արցախում:

Այս համաձայնագրին նոյեմբերի11-ին, ի դեմս արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի, բուռն հակազդեցությամբ արձագանքեց Ֆրանսիան, դնելով փաստորեն Հադրութի եւ Ադրբեջանին հանձնված մյուս բնակավայրերի հարցը Մոսկվայի առջեւ: Ավելինՙ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարել էին, որ ի գիտություն են ընդունել նախորդ օրը Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունը, պետք է նկատի առնվեն հայերի իրավունքները եւ շահագրգռված են ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների, հետեւանքների եւ ծրագրերի մասին:

Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հակազղեցությունը ստիպեց ռուսական կողմին տեղի տալ: Նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հավաստիացրեց, որ եթե ԱՄՆ-ին ու Ֆրանսիային պետք լինի որեւէ պարզաբանում Թուրքիայի եւ Արցախի վերաբերյալ, ապա դրանք կտրամադրվեն իրենց: Հաջորդ օրը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի եւ Էնդրյու Շաֆերի ու ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկեց Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Քննարկումների մասին Լավրովի անբովանդակ հայտարարությունը դրանց բովանդակության առնչությամբ որեւէ պատկերացում չի տալիս: Բայց որ Փարիզի քաղաքային խորհրդի կոչը քաղաքապետին, որպեսզի վերջինս Ֆրանսիայի առջեւ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու խնդիր դնի, որին իսկույն արձագանքելով Ֆրանսիայի Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւը, իսկ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բալյարքիսը, Ջեքի Սփեյերն ու Ադամ Շիֆը դիմել են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, ակնհայտ է դարձնում Մոսկովյան հանդիպմանը կողմերի միջեւ առաջացած տարաձայնությունները: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան շարունակելու են հակազդել ռուսական կողմին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ