ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԻՐԱՎԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Մնում է հուսալ, որ ֆրանսիական օրինակին հետեւի ԱՄՆ Կոնգրեսը Նոյեմբերի 25-ին, Քարվաճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած եռակողմ համաձայնագրով Ադրբեջանին հանձնելու օրը, Ֆրանսիայի Սենատը 305 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Արցախի ճանաչման բանաձեւը: Այս բանաձեւը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունըՙ տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու համար, դատապարտում է Ադրբեջանիՙ Թուրքիային եւ օտարերկրյա ահաբեկիչ վարձկաններին ներգրավելու միջոցով իրականացրած ռազմական ագրեսիան, պահանջում է, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը եւ նրանց աջակիցներն Արցախի այն տարածքներից, որոնց ադրբեջանցի հրոսակը գրավել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Բանաձեւը, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի առնելով Ադրբեջանի գերիշխանության տակ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բազմիցս ենթարկումը պետականորեն կազմակերպված կոտորածների, մասնավորապես 1988 թ. փետրվարի 25-27-ին Սումգայիթում, 1988 թ. նոյեմբերի 23-ին Կիրովաբադում, 1990 թ. հունվարի 12-19-ին Բաքվում եւ 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում, ինչպես նաեւ Արցախում խաղաղ բնակչության դեմ միջազգայնորեն արգելված զենք եւ զինատեսակներ օգտագործելու միջոցով կատարած հանցագործությունները, առաջարկում է կառավարությանը պահանջել միջազգային հետաքննության անցկացումը Արցախում եւ ապահովել 1994 թ. սահմանների վերականգնումը, ինչպես նաեւ հայ բնակչության անվտանգությունն ու տեղահանվածների վերադարձի իրավունքը բնակության նախկին վայրեր, ընդգծելով, որ կարելի է առանց հապաղելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահն է Ֆրանսիան: Ֆրանսիայի Սենատի բանաձեւում առանձնակի նշանակությամբ պետք է կարեւորել 1994 թ. սահմանների վերականգման եւ տեղահանված հայ բնակչության անվտագությանն ու վերադարձի իրավունքի ապահովման կառավարությանն ուղղված դրույթները: Որքան էլ բանաձեւը խորհրդատվական բնույթ ունենա, այսինքն պարտավորեցնող չլինի կառավարության համար եւ բանաձեւի քննարկմանը Ժան-Բատիստ Լեմուան , որը պետքարտուղարն է Եվրոպայի եւ արտաքին հարաբերությունների գծով Ֆրանսիայի նախարարի, հայտարարի, թե Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն օգուտ չի բերի ոՙչ Հայաստանին, ոՙչ Ղարաբաղի բնակչությանը, ոՙչ էլ Ֆրանսիային, այնուամենայնիվ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դեռեւս նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ հակամարտության կարգավորման շուրջ կողմերի միջեւ բանակցությունների վերսկսումը հրադադարից հետո, մնում է անհրաժեշտ, ավելացնելով. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահՙ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված մարդկանց եւ սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»: Փարիզն այս դիրքորոշումը արտահայտել էր նաեւ դեռ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ նոյեմբերի 10-ի Ելիսեյան պալատը հայտարարել , որ պետք է նկատի առնվեն արցախահայերի իրավունքները: Ավելինՙ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նույն օրն ընդգծել էին, որ ի գիտություն են ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը եւ շահագրգռված են ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների, հետեւանքների եւ ծրագրերի մասին: Թեեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առարկել է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, չթաքցնելով հայտարարության առթիվ իր տարակուսանքը, սակայն նոյեմբերի 17-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց, որ Մոսկվան պատրաստ է բացատրություն տալ Մինսկի խմբի գործընկերներին, եթե նրանք դրա կարիքն են զգում: Այսինքն նա հետքայլ կատարեց: Ֆրանսիայի արտգործնախար Ժան-Իվ Լը Դրիանի եւ Ելիսեյան պալատի, այսինքն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերոհիշյալ հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ֆրանսիական գործադիր իշխանությունները կհարգեն օրենսդիրի որոշումը եւ կհաստատեն Սենատի ընդունած Արցախի Հանրապետության ճանաչմանն առնչվող բանաձեւը: Եթե այս բանաձեւն ոչինչ էլ չտա Հայաստանին. գոնե կնպաստի Արցախի Հանրապետության ճանաչման նախաձեռնությունների ծավալմանը տարբեր երկրներում, նախադրյալներ կստեղծի դրաՙ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոտագա ճանաչման համար, Պուտինի պարագայում զսպաշապիկի դեր կկատարի, որ իր իսկ ձեռքով բզկտված Արցախի մյուս շրջանները կամ եռակողմ համաձայնագրում չընդգրկված մյուս գյուղերը եւս շռայլորեն չհանձնի Ադրբեջանին, ի վերջո հայկական կողմի առջեւ կբացի կորսված տարածքների համար պայքարելու թեկուզ մշուշապատ հեռանկար: Թերեւս, այս ամենի առումով պատահական չէր Բաքվի նոյեմբերի 26-ի հիվանդագին արձագանքը Ֆրասիայի Սենատի ընդունած բանաձեւին: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւ կոչված հայատյաց տականքը, INTERFAX.RU-ի վկայությամբ, որակելով բանաձեւը թղթի կտոր, դրա հաստատումը համարել է սադրիչ գործողություն, ընդգծելով, որ դա ոչ թե «ինքնակոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ճանաչելու կոչ է երկրի կառավարությանը, այլ քաղաքական նեղ շահերից բխող եւ միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն ոտնահարող ինչ-որ մի փաստաթուղթ» Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձի բազմակողմանի վերլուծության համար, թերեւս, պետք է սպասել Պուտինի. Լավրովի, Եվրոմիության մյուս երկրների եւ հատկապես ԱՄՆ-ի արձագանքին: Համենայն դեպս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ -ն արդեն արձագանքել եւ ողջունել է «Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւի որդեգրումը», բնութագրելով դա «կարեւոր եւ անհրաժեշտ մարդասիրական քայլ Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաձեի ընդունման առնչությամբ հայտարարել է. «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է: Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ: Բանաձեւը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը եւ կիրառել դա իբրեւ բանակցությունների գործիք տեւական խաղաղություն հաստատելու համար»: Այս բանաձեւն որքանով կնպաստի տեւական խաղաղություն հաստատմանը, դժվար է ասելը: Բայց որ նախադեպ է ստեղծել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համար, կասկած չի հարուցում: Մնում է սպասել: |