RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020



Տեղադրվել է` 2020-11-26 22:44:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 4069, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՐՆ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Ինչպիսին կլինեն Ռուսաստանի հեռահար նպատակներն Արցախում

Արցախյան պատերազմն ավարտվեց մեզ համար առանց չափազանցության ողբերգական կորուստներով: Ահռելիՙ մոտ 9 հազար քկմ տարածք եւ հինգ հազարի հասնող հերոսաբար զոհված զինծառայողներ: Եվ դա հակառակ 44 օր շարունակ մեր զինվորների ու սպաների, կամավորականների ու պահեստազորայինների ցուցաբերած զանգվածային հերոսության: Ակնհայտ է, որ պատերազմի նման ցավալի ավարտը պայմանավորված էր բացառապես Հայաստանի եւ Արցախի քաղաքական ղեկավարությունների ոչ համարժեք եւ սխալ գործողություններով: Եթե հայկական երկու պետություններում լինեին հմուտ եւ ռազմաքաղաքական իրավիճակին տիրապետող ղեկավարներ, ամեն ինչ այլ ելք կունենար: Ի՞նչ ունենք ներկա իրավիճակում, ի՞նչ է լինելու Արցախի հետ հիմա եւ հետագայում, կշարունակի՞ այն մնալ հայկական, ի՞նչ սահմաններումՙ այս եւ բազմաթիվ այլ հարցեր են առաջացել այս օրերին:

Միանշանակ է, որ այսօր Արցախի հայկական մնացած անվտանգության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն է եւ ռուսական խաղաղապահ զորքերը: Վերջիններս կոչված են ապահովել խաղաղությունը պատերազմի հետեւանքում ձեւավորված առաջնագծի երկայնքով: Ցավոք, ներկայիս Արցախից դուրս են մնացել ոչ միայն հարակից ազատագրված 7 շրջանները, այեւ նախկին ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանը, Շուշիի, Մարտունու շրջանների մի մասը: Հայաստանի հետ կապն էլ ապահովվում է Լաչինի միջանցքով: Այս սահմաններով Արցախի հայկական մնալը մեծ կասկածներ է առաջացնում: Ի՞նչ կլինի հետո, երբ ավարտվի ռուսական խաղաղապահների Արցախում մնալու հնգամյա ժամկետը, եթե Արցախը չունենա կարգավիճակ եւ բնակչության անվտանգ ապրելու համար պայմաններ եւ ավելի բարենապաստ տարածք, քան այն, ինչ մնացել է:

Ցավոք, ներկա պահին Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Հեռանկարում դա դեռեւս չի նշմարվում: Հետեւաբար, Արցախը այս կամ այն տարածքով հայկական կարող է մնալ միայն եթե դառնա Ռուսաստանի ազեդցության գոտի: Ներկա պահին, բացի խաղաղապահներ տեղակայելուց, Ռուսաստանի Դաշնությունը սկսել է այդ տարածքում իրականացնել բազմաթիվ հումանիտար ծրագրեր, իր պետական միջոցներն է հատկացնում այդ նպատակով եւ անգամ ստեղծել է միջգերատեսչական մարմին: Այդ մարմնի կատարած աշխատանքները զեկուցվում են ուղղակիորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այն դեպքում, երբ զինադադարի մասին համաձայնագրում կամ որեւէ այլ փաստաթղթով Ռուսաստանը նման պարտավորություններ չի ստանձնել: Սա հուշում է Ռուսաստանի հեռահար նպատակների մասին Արցախի նկատմամբ: Ինչպիսի՞ն կլինեն դրանքՙ ռազմաբազայի տեղակայում եւ անվտանգության ապահովման ստանձնո՞ւմ, Արցախը Ռուսաստանի մաս դարձնել, արցախցիներին ՌԴ քաղաքացիություն շնորհել, թե՞ մեկ այլ բան, դժվար է ասել: Հստակ կարելի է ասել, որ Ռուսաստանը փորձելու է ամրապնդվել այնտեղ: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Արցախը լինի հայաբնակ, երաշխավորված անվտանգությամբ, ունենա իր բանակըՙ ինչպես հիմա: Եթե Ռուսաստանի համար սա չդառնա անկյունաքարային սկզբունք, ապա Արցախը կհայաթափվի եւ ռուսական ներկայությունն այնտեղ այլեւս կկորցնի իր իմաստը: Այս գաղափարը պետք է ամեն կերպ Ռուսաստանի հետ մեր շփումների ընթացքում առաջ մղի Հայաստանի Հանրապետությունը: Ներկա իշխանությունը, ցավոք չունի նման հմտություններ, ունակություններ, կորցրել է իր հեղինակությունը եւ ավելի անլուրջ է ընկալվում մեր դաշնակցի կողմից, քան նախկինում էր: Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության ազդեցությունը բանակցային գործընթացի վրա ցավալիորեն նվազել է:

Արցախի կարգավիճակի առումով միակ հուսալի պահն այն է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը հայտարարել է, որ կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա առաջիկայում եւ ստորագրված եռակողմ համաձայնությունն առնչվում է պատերազմի դադարեցմանը միայն: Եթե նախկինում մենք հայտարարում էինք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմումՙ ունենալով 7 ազատագրված շրջան եւ բանակցություններում ուժեղ դիրքեր, իսկ Ադրբեջանը դրա հետ չէր համաձայնվում, ապա հիմա առավել եւս չի համաձայնվի: Այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է այդ երկրի նախագահը: Հետեւաբար, առանց Ռուսաստանի Դաշնության աջակցության, գործնականում անհնար կլինի հասնել անգամ ԼՂԻՄ-ի նախկին սահմանների վերակագնմանը եւ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Սակայն բարդ է կանխագուշակել, թե ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի՛ դիրքորոշումը առաջիկայում: Եթե միջանկյալ կամ փոխզիջումային լուծում համարվի Արցախի որեւէ կարգավիճակը Ռուսաստանի կազմում, ապա դա կլինի փրկություն արցախահայերի եւ Արցախի համար: Հակառակ դեպքում, Արցախի վերջնական հայաթափումից չենք խուսափելու: Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ պատերազմը չի ավարտվել: Այս հակամարտության մեջ ներգրավված կողմերից եւ ոչ ոք, անգամ Ադրբեջանը, որ հաղթանակ է տոնում, գոհ չէ արձանագրված արդյունքից:

Այսպես, Ադրբեջանը ցանկանում էր գրավել ամբողջ Արցախը, բայց Ռուսաստանը դա թույլ չտվեց: Բացի դրանից, Ադրբեջանը ստացավ նաեւ ռուսական ռազմական ներկայություն իրենը համարող տարածքում: Հայաստանը եւ Արցախը, որքան էլ որ ցավալի է այս պահին, պարտված կողմ են եւ միանգամայն բնական է, որ այս արդյունքի հետ չենք հաշտվելու: Ռուսաստանը դժգոհ է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումից եւ տարբեր քայլեր է անելու այն նվազեցնելու եւ իր դերակատարումը մեծացնելու ուղղությամբ: Թուրքիան նույնպես դժգոհ է: Նա ավելի մեծ ակնկալիքներ ուներ ավելացնելու իր ներկայությունը Հարավային Կովկասում, հատկապես Սիրիայում դիրքերի որոշակի զիջումից հետո: Թուրքիան համառորեն ձգտում է ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ մասնակցել խաղաղապահ առաքելությանը Արցախում: Ռուսաստանը դրան դեմ է ու համաձայնվել է միայն ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի առկայությանը Արցախի տարածքից դուրս:

Մեր խնդիրն այսօր Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների վերակագնումն է եւ մեր դերակատարման մեծացումը, որն, ինչպես արդեն նշեցինք, այսօր մոտեցել է զրոյի: Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա Ռուսաստանի ազնիվ դաշնակիցը եւ մոռանա Արեւմուտքի հետ կապվող անօգուտ հույսերի մասին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի այս պատերազմում կորցրածից ինչ-որ բան բան հետ բերելՙ գուցե նաեւ առանց պատերազմի: Սակայն դրա համար ՀՀ ներկայիս բարոյազրկված իշխանությունը պետք է հեռանա, հակառակ դեպքում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից ոչ միայն օգուտներ չենք կարող կորզել, այլ նաեւ կարող ենք նոր կորուստներ ունենալ :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ