ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ ՀՊՄՀ ռեկտորատ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատից ստացել ենք հետեւյալ մահախոսականները, որոնք հրատարակում ենքՙ կցելով «Ազգ»ի խմբագրության վշտակցությունը ՀՊՄՀ ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը, հանգուցյալների հարազատներին եւ ընկերներին: Տեղեկացնենք, որ արժեքավոր կրթական երկու գործիչների մահվան պատճառը եղել է covid-19 վարակը: Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արմեն Թամազյանը Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը: Արմեն Թամազյանը ծնվել է 1959 թվականին, 1980-ին գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը եւ ստացել տնտեսագետի որակավորում: 1985-ից, ավարտելով ասպիրանտական կրթությունը, զբաղվել է ինչպես գիտական գործունեությամբ, այնպես էլ զբաղեցրել տարբեր պաշտոններ տնտեսական ոլորտի տարբեր կազմակերպություններում: 2011 թվականից մինչ օրս Մանկավարժական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորն էր: Իր անմիջական ղեկավարմամբ այդ տարիներին իրագործվել են բարեկարգման, վերանորոգման եւ բազմաթիվ այլ ծրագրեր: Նախաձեռնող ու վճռականորեն իր ծրագրերն իրականացնող ղեկավար էր, բուհի նվիրյալ աշխատակից: Դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններումՙ Երեւանի պետական տնտեսագիտական, Հայաստանի Ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում, Ֆինանսաբանկային քոլեջում եւ այլն: Հեղինակել է հարկային քաղաքականության եւ հարկային վարչարարության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ մի շարք հոդվածներ եւ գիտական զեկույցների թեզիսներ, ինչպես նաեւ «Հարկային օրենսդրության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը: Արմեն Թամազյանիՙ վաստակաշատ մանկավարժի, արհեստավարժ ղեկավարի, ընտանիքի հոգատար հոր հիշատակը վառ կմնա իր գործընկերների եւ ուսանողների սրտերում: Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Թամազյանների ընտանիքինՙ Արեմն Թամազյանի անժամանակ մահվան կապակցությամբ: |