ԱԶԳՈՎԻՆ ԹՈՒՆԵԼԸ ՆՈՐ-ՆՈՐ ԵՆՔ ՓՈՐՈՒՄ ՆԱԻՐ ՅԱՆ Ամեն անկյունից քաղաքականություն ու պատերազմ «բուրող» մեր կյանքում մտավորականները լռում են: Ի՞նչ լռություն էՙ հնազանդությա՞ն, զգուշավորությա՞ն, հուսալքությա՞ն, թե՞ վախի: Հայտնի չէ, որովհետեւ յուրաքանչյուրը լռելու իր պատճառը կամ պատճառներն ունիՙ գուցե վերոնշյալներից շատ տարբեր: Եթե անկեղծ, մտավորական բառը հավաքական իմաստով օգտագործելիս անհարմարության զգացումն է պատում: Արժեզրկման, հեղինակազրկման, բարոյազրկման, պատվազրկման ու այլ զրկումների մեր օրերում մտավորական հասկացության բովանդակային էությանը պարտավոր ենք վերապահումով մոտենալ, եթե այդ հասկացության դասական ու կարկառուն օրինակներին երբեւէ ճանաչել ենք կամ նրանց մասին տեղեկություն ունենք: Ինչեւէ, օրերս մտավորականները հավաք էին կազմակերպել (այդպես անվանեցին նրանք այդ հանդիպումը): Մեղք գործած կլինենք, եթե բոլորին մտավորական համարենք կամ ոմանց մտավորական չհամարենք: Ելույթ ունեցան, հիշեցին իրենց անմնացորդ նվիրումը պետության ու մշակույթի զարգացման գործում, իրենց համեմատեցին անճաշակ, գումարի դիմաց սերունդներ փչացնող մարդկանց հետ, եզրակացրին, որ իրենք առնվազն անհամեմատելի են, հռետորական հարցեր հնչեցրինՙ էս ի՜նչ օրն ընկանք, ո՜վ կարող էր սպասել, որ Արցախը կծախեն, որ Հայաստանի պետականության լինել-չլինելու հարցի առջեւ կկանգնեն, որ կհամարվեն պարտված երկրի քաղաքացիներ, երբ իրենք միշտ եղել են հաղթած պետության մտավորականներ, ծափահարեցին հաղթած հայ զինվորին ու իջան բեմից: Վրդովված էին, լցված ու վիրավորված, բորբոքվեցին, նախատեցին, վերլուծեցին ու պահանջեցինՙ վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա, կառավարությունը պետք է ամբողջ կազմով հրաժարական տա ու վե՛րջ: Միակ քաղաքական հայտարարությունըՙ ոչ կուսակցական հավաքին: Իրականում մտավորականները հավաքվել էինՙ մտքեր փոխանակելու եւ իրավիճակից դուրս գալու ելքեր առաջարկելու: Նրանք նաեւ շեշտեցին, որ շա՜տ ուշացած հանդիպում էր, պետք էր ավելի վաղ հավաքվել, ավելի վաղ բողոքել, օրինակՙ երբ մեր պատմությունից, մշակույթից, լեզվից քերվում-հանվում էր հայ բառը, կամ երբ մշակույթի նախարարությունը միացրին ու ընդգրկեցին երկար անունով նախարարության մեջ: Հիշում եմ, ցավոք, հիշում եմ, որ վերոնշյալ երկու դեպքերում էլ հատուկենտ մտավորականներ են բողոքի ձայն բարձրացրել, քաղաքացիական ընդվզող ու ազնիվ կեցվածքով դատապարտել իշխանություններին: Նրանք այնքան քիչ են, որ մատների վրա կարելի է հաշվել անուններըՙ համալսարանականներ Սերժ Սրապիոնյան, Սամվել Մուրադյան, Ռուբեն Մելքոնյան. թող ներեն մյուսները, եթե բարձրաձայնել են իրենց բողոքը, բայց ձայնը չեմ լսել: Ու հիմա, երբ բանը բանից անցել է, մտավորականները խոստովանում են, որ շատ են ուշացել, որ իշխանությունների դավադիր ձեռքը պիտի երկու տարի առաջ բռնեին, բայց կբռնեի՞ն: Նրանցից շատերը եթե բողոքել են, ապա միայն մտքում, եթե հայհոյել են, ապա միայն իրենց տան պատերից ներս, եթե կռիվ են տվել, ապա իրենք իրենց հետ, իսկ դրսում ժպտացել են, գոհունակ հայացք գցել երկար անունով նախարարության շենքին, փոխնախարար-վարչության պետերի ձեռքը հարգալից սեղմել ու ասելՙ «դուխով, ամեն ինչ ճիշտ եք անում»: Ո՞վ գիտեՙ նորերն ինչքան կմնան. ճիշտը ժպտալն ու երջանիկ ձեւացնելն է, մեկ էլ տեսար հաջողվեց պետական մի ծրագրում ընդգրկվել: ...Ու դարձյալ այդ փողը, ապրելու, ուտելու, կենցաղ վարելու դարավոր խնդիրը, որ միշտ ունեցել է հայ մտավորականըՙ չակերտավոր, թե անչակերտ, միջակ թե հանճարեղ: Փողը, որը միշտ այնքան քիչ ու սուղ է եղել, որ մտավորականը ստիպված քաղաքականացվել ու կուսակցականացվել է, ստիպված պտտվել է քաղաքական ուժի կամ մեծահարուստի շուրջբոլորը, որ գիրքը տպագրի, որ նկարը վաճառի, որ ներկայացումը բեմադրի, որ ֆիլմը նկարվի: Ու ստացվել է միջակ գիրք, միջակ նկար, միջակ ներկայացում, միջակ ֆիլմ, որովհետեւ որպես կանոնՙ տաղանդավորներն այդպես էլ լեզու չեն գտնում կուսակցությունների ու մեծահարուստների հետ, լեզու գտնելու փորձ չեն անում: Եվ ուրեմն, մեր մտավորականները առաջին ու առայժմ միակ հավաքի ժամանակ նախ եւ առաջ առաջարկեցին պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. երկրորդՙ առաջարկեցին իրավական ակտեր ձեւակերպել ու մշակել, որոնցով այսուհետեւ պաշտպանված կլինի մեր մշակույթը, որպեսզի ով էլ գա, չհամարձակվի մշակույթի նախարարությունը միացնել մեկ այլ կառույցի: Ուրեմն առաջարկեցին մշակույթի նախարարությունը շտապ առանձնացնել մյուս նախարարություններից, պահանջեցին ներկայիս նախարարի հրաժարականը: Այսքանն, իհարկե, բանավոր պահանջեցին, բայց հայտարարեցին, որ շուտով գրավոր շարադրելու են իրենց ասելիքն ու ներկայացնեն կառավարությանը: ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը չխոսեց պատերազմյան ու հետպատերազմյան արհավիրքից, հոգեբանական անկումներից ու մեզ պատուհասած խայտառակ կապիտուլյացիայից: Նա հստակ առաջարկ արեցՙ մշակութային ագրեսիա, այն էՙ վտանգված Սյունիքում հենց վաղվանից անց կացնել ազգային մշակույթի փառատոն: Թող այն տեւի երկար, ամբողջ ձմեռվա ընթացքում, թող ներկայացվեն արվեստի բոլոր ճյուղերը: Թող որ Սյունիքում կանգնած լինեն ռուս խաղաղապահները, թեկուզ հենց ադրբեջանցիները, մանավանդ որ հստակ տեղեկություն ունենք, որ նրանք նույնիսկ արդեն ճաշում են սյունյաց ռեստորաններում: Թող նրանք ճաշեն, հարիսա ու լավաշ-հաց ուտեն, իսկ մենք մշակութային ագրեսիվությամբ պարտադրենք, որ Սյունիքը մերն է ու մերն է մնալուՙ նրանց քթի տակՙ հենց փողոցում ու հրապարակում, հայ ազգային երգի, պարի, գորգագործության, կերպարվեստի բացօթյա փառատոն անելով, սյունյաց լեռները մեր «Յարխուշտայի» հարվածներից թնդացնելով: Գաղափարն իրագործելի է, բայց մեկ վայրկյան անգամ կասկած չկա, որ առաջին խոչընդոտողը իշխանություններն են լինելու, հենց միայն կորոնավիրուսի տարածման վտանգը պատճառ կբռնեն ու «Մշակութային ագրեսիան Սյունիքում» գաղտնի խորագրով ազգապահպան ծրագիրը կարգելեն: Ելքեր, առաջարկներ, գաղափարներ. ո՞վ կառաջարկի, ո՞ր կողմից սպասենք: Ասում ենՙ թունելի վերջում միշտ լույս է երեւում: Այս թունելը նոր ենք սկսել փորել, մյուս կողմից փորող դեռ չկա, որ լույսը թեկուզ ուշ, բայց տեսնենք: Իշխանություններն առաջարկելու ոչինչ չունենՙ բացի մեզ քոռ դանակով մորթելուց ու արնաքամ անելուց, ընդդիմության հստակ, նպատակային, ազգի ու պետության փրկության ծրագիրը նույնպես սեղանին դրված չէ. առայժմ չկա առաջարկ, կա միայն պահանջՙ Փաշինյանի հրաժարականը: Դիցուքՙ հենց վաղը նա հրաժարական տվեց, ի՞նչ է անելու ընդդիմության միասնական թեկնածուն հաջորդ վայրկյանին, ո՞ր ծրագրով է առաջնորդվելու: |