ՀՊՄՀ-Ի ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ ՀՊՄՀ ռեկտորատ Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ 60 տարեկան հասակում մահացել է Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Անվանի գիտնականը 1982-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետը, իսկ ասպիրանտական կրթությունը շարունակել հոգեբանության գծով: Այդ ուղղությամբ նրա աշխատանքային գործունեության սկիզբը դրվել է հենց հարազատ բուհումՙ սկզբում որպես գիտաշխատող, ապա դասախոս, իսկ մինչ օրսՙ որպես ամբիոնի վարիչ: Նշանավոր հոգեբանը դասավանդել է ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլեւ մի շարք այլ բուհերում, դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, անցկացրել բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ: Սամվել Խուդոյանը 1980-ականների վերջերից զբաղվում էր նաեւ հոգեթերապիայով, մասնավորապեսՙ հիպնոթերապիայով, իսկ 1990-ականների կեսերից նաեւ հոգեթերապիայի ուսուցողական դասընթացներ եւ թրեյնինգներ է իրականացրել: Ստեղծել է մի շարք հոգեթերապեւտիկ տեխնիկաներ եւ ներշնչման մեխանիզմներին նվիրված կոնցեպցիա: 2006 թվականին հեղինակել եւ կազմակերպել է հայերեն առաջին հոգեթերապեւտիկ (ընկճվածության հոգեվիճակի հաղթահարմանն ուղղված) ձայնասկավառակի արտադրությունը: Նա վարել է նաեւ հոգեբանական հաղորդաշար (Հ1), իսկ Ար հեռուստաալիքում աշխատել է որպես հոգեբան-խորհրդատու: Պրոֆեսոր Խուդոյանը հեղինակ է հոգեբանության եւ հոգեթերապիայի հարցերին նվիրված շուրջ 100 գիտական աշխատությունների, հինգ մենագրության, այդ թվումՙ երկու մեթոդական ձեռնարկների: Արդյունավետորեն համագործակցում էր արտերկրյա գործընկերների հետ եւ նախորդ տարում կազմակերպեց եւ հաջողությամբ իրականացրեց միջազգային աննախադեպ գիտական կոնֆերանս` Հայաստան բերելով ոլորտի անվանի անհատներին: Սամվել Խուդոյանիՙ վաստակաշատ մանկավարժի, անվանի գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների եւ ուսանողների սրտերում: |