ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐԸ, ԿԱՄՙ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Երկուշաբթիՙ ինչ-որ առումով շփոթված, որ գնում եմ Սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված երեկո-համերգին (ինքս ինձ մեղադրելով, որ մի՞թե կյանքը իր հունի մեջ է մտելՙ ամեն օր նոր հայտնաբերվող մեր հերոս տղաների մարմինների, անհայտ կորածների, էլ չասենքՙ գերիների պարագայում), բայց ունեի հրավիրատոմս... Երկմտանքով էի գնում, ինչ-որ առումովՙ ամաչելով: Եվ ուզում էի, նույնիսկ հարազատ մարդկանց հետ խոսելիս հույս հայտնեցի, գոնե քիչ ժամանակով փորձել կտրվել իրականությունից.... «Կտրվելը» չստացվեց. ընկալումները փոխված էին, ամեն ինչ շատ ողբերգական էր թվում: Ամեն մի խոսք, ամեն մի կատարում... Հասմիկ Պապյանը միակն էր երեկոյի ընթացքում, որ կենդանի խոսեց հայերեն լեզվով (իմ սրտից էլ, հուսամՙ շատերի), որ չենք կարողանում ապրել, ուր մնացՙ երգել: Կոմիտասի «Չինար ես»ի հրաշալի կատարումը պարզապես անհատակ ցավի զգացողություն էր: Ճիշտ որՙ կորցրել ենք ապրել-վայելելու հաճույքը... Նույնքան հուզիչ էր Սիմֆոնիկի (գլխ. դիրիժոր Սերգեյ Սմբատյան) կատարած Բաբաջանյանի «Նոկտյուրն»ը, տաղանդավոր դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու կատարումը, իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Պրոկոֆեւի «Ромео и Джульетта. Монтекки и Каппулети» մեկնաբանությունը, եւլն..... Նայելով հարազատ Սիմֆոնիկի 15-ամյա գործունեությանըՙ ավելի քան գիտակցում էիր, որ անդառնալի են «հին, բարի ժամանակները». այն ժամանակ չէինք գիտակցումՙ որքա՜ն երջանիկ ենք եղել: Գնահատելիՙ մերօրյա տագնապալի օրերին Սիմֆոնիկի նվիրյալ մոտեցումներըՙ 4-օրյա բարեգործական համերգներՙ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ի նպաստ, Ստեփանակերտում հունվարի 6-ի բարեգործական համերգ եւ ամենօրյա զարկերակով ապրող երաժիշտների գործունեություն: Բայց մի բան էլ չգիտեիՙ որ «քթիցս գալու է» իմ (ոչ միայն իմ) մշակութային երեկոն: Դրսում նկատեցի հայտնի հասարակական բազմաթիվ գործիչների, հոգեւոր հայրերի, լրագրողների, նախկին-ներկա տնօրեն-ռեկտորների, մի խոսքովՙ մի հաճելի տաք զգացում կար: Տեսա նաեւ իմ եւ շատերի կողմից սիրված Լիլիթ (Լիկա) Թումանյանին. ուզում էի մոտենալ եւ շնորհակալություն հայտնել նրա տեսակի, վարած հաղորդումների, մեկնաբանությունների համար: Բայց.... ամֆիթատրոնում նստած, նկատեցիՙ Լիլիթ Թումանյանը ինձ զուգահեռ էր նստած, մտածեցիՙ լավ, նույն շարքում ենք նստած, համերգի ավարտից հետո կհայտնեմ նոր նախագծի լավ մտահղացումըՙ Դավիթ Սարգսյանի եւ իր վարած հաղորդաշարի: Համերգն ավարտվեց: Շշուկ-շրշյուններ եմ լսումՙ էդ ի՞նչ անինքնասեր էր... էդ ո՞նց էր ռիսկ արել գալ... Երաժիշտներըՙ մի կերպ ցասումով-կատաղությամբ էին լցված... Եկան երեխաներսՙ նվագողները, եւ զարմացած իմ «հանգիստ» կեցվածքիցՙ հարցնում ենՙ հը՞, ո՞նց էր առաջին տիկնոջ զուգահեռությամբ համերգ լսելը.... Մի պահ սառեցիՙ ի՞նչ առաջին տիկին, ասում եմՙ Արմեն Սարգսյանի՞ տիկնոջ..... Ծիծաղեցին.... Ո՞վ.... Այդ ե՞րբ եւ ո՞նց է անցել համերգասրահ: Այ քեզ ծաղր..... Իհարկեՙ Էրատոյի Աննա Հակոբյանն էր: Չէի ուզում հավատալ, որ զուգահեռաբար նստած ենք եղել: Նկատել էինք ձախ կողմի օթյակում նստած Տիգրան Մանսուրյանին, աջ կողմում երիտասարդներիՙ ձիգ կանգնած: (Դա նման էր վարչապետի այցին Եռաբլուր.... Կարեւորըՙ իրենք իրենց համար ներկա գտնվեն, թքած ժողովրդի զգացումների վրա): Հիշեցի Սերժ Սարգսյանի նախագահության օրոք համերգներից առաջ ոստիկանական շներ էին բերում, երեխաներին ու մեզ հոտոտում եւ ապա միայն թողնում էին մտնել համերգասրահ: Ո՜նց էինք վիրավորվումՙ էդ ումի՞ց են պաշտպանվում: Իսկ սրանց ի՞նչ ասես.... Ջայլամ լինեինՙ ավելի լավ էր, գլուխները կոխած կլինեին ավազի մեջ... Բայց շատ բարձր են պահում գլուխներըՙ երեւի ինքնապաշտպանական բնազդի՞ց է....: Գալիս եմ տունՙ կիսամանթրաժ-չհասկացած.... Մեկ էլ զանգով իմանում եմ, որ քաղաքացիները լքել են «Արամ Խաչատրյան» դահլիճը... Ո՞նց... Ես էդքան արթուն-ներկա.... ու չեմ իմացե՞լ: Ֆեյսբուքից նայում եմ Լիլիթ Թումանյանի, մյուսների լքել-հեռանալը դահլիճից: Գոռում եմՙ բա ե՞ս... Չեմ հասկանում լռելյայն հեռանալը մի քանի հոգու... Հարց 1- Ինչո՞ւ չի բարձրաձայնվել այդ մի քանի հոգու հեռանալը, այլապես վստահաբար հեռացողների քանակը անհամեմատ մեծ կլիներ (հանձին ինձ) եւ նկատելիՙ «վերնախավի» համար: Հարց 2- Էրատոյի դժխուհին ինչո՞ւ չի հրավիրվել դուրս (անգամ եթե դա անհնարին էր, գոնե պետք է ասվեր), այլ փոխարենը պարկեշտ, արվեստասեր մարդիկ են դահլիճից հեռացել: Վստահ եմ, անբաղձալի այդ արարածը չի էլ իմացելՙ ինչու են հեռանում մարդիկ: Հատկապես, որ նրան ոչ մեկը չէր հրավիրել. Սիմֆոնիկ նվագախումբը պաշտոնապես հերքեց տեղեկությունը: Այդ տիկինն ու իր ամուսինը պղտորում են մեր ամեն մի օրը: Է, հա, հո կրակը չե՞նք ընկել... Մենք ենք թույլ տվել, որ թելադրող լինեն: Կշտկե՛նք, մի՛ կասկածեք: Կուզենայի, որ Սիմֆոնիկը այդ գիշեր (ծափողջույնները չէին դադարում), «на бис» նվագեր «Անունս Արցախ է»... |