ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի Ղարաբաղյան պատերազմի սրընթացությունն ու ուժգնությունը ցնցել էր ողջ աշխարհը։ Թուրքիան հարված հասցնելու համար ընտրել էր ճիշտ հոգեբանական պահը։ Ռուսաստանը պակաս հետաքրքրված չէր պատերազմով, որը հնարավոր կդարձներ իր խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածքում։ Պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն հայտնվել էր ամենավիճահարույց ընտրությունների բովում եւ այնպես չէ, որ եթե այդ ընտրությունները չլինեինՙ այն մտահոգվելու էր Հայաստանում ու Արցախում կատարվողի մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղարաբաղյան պատերազմի մասին հեգնանքով նշել է,- «Հուսով ենք, որ հայերը կարող են իրենք իրենց պաշտպանել»։ Ժամանակաշրջանը կարեւոր էր նաեւ Մոսկվայի եւ Անկարայի համար, քանզի երկուսն էլ հետաքրքրված էին Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության կազմակերպության հարցերով Մինսկի Խմբի (ԵԱՀԿ) ձեւաչափը շրջանցելու մեջ, որը շուրջ երեք տասնամյակ զբաղվում էր Ղարաբաղյան սառեցված հակամարտության կարգավորմամբ։ Այժմ, երբ ավարտվել են ընտրությունները, ԱՄՆ-ն վերադասավորում է իր ներքին եւ արտաքին օրակարգերը։ Այս պահին դիվանագիտական աշխարհը հետանդրադարձ է կատարում այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Կովկասում պատերազմի ընթացքում եւ այդ գործընթացը Երեւանին հնարավորություն կընձեռի ներկայացնելու իր բողոքները եւ առաջ տանելու իր օրակարգը, որը անտեսվել էր պատերազմի բոլոր շահագրգիռ մասնակիցների կողմից։ Այժմ դրական, հայամետ հայտարարություններ են հնչում Վաշինգտոնում եւ Եվրոպայի մայրաքաղաքներում։ Բայդենի նոր վարչակազմի քաղաքական խնդիրների «գավաթը» լիքն է։ Չնայած այդ փաստին, այն արդեն անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմին եւ վերահաստատել է Ցեղասպանությունը ճանաչելու իր ստանձնած խոստումը։ Իհարկե, նմանօրինակ հայտարարությունները ավելի շուտ Անկարային ուղղված նախազգուշական ազդանշաններ են, քան Հայաստանին խրախուսող միջոցներ։ Այս հարցում Եվրոպական Միության բռնած դիրքորոշումը շատ նման է Վաշինգտոնի դիրքորոշմանը։ Ներկայումս Հայաստանի դիվանագետները պարտավոր են օրուգիշեր աշխատելՙ հնարավորությունների այս պատուհանից օգտվելու համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիՙ նախկինում քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացները ուսումնասիրած պետական գործիչները դյուրությամբ կարող են կանխատեսել նոր իրավիճակներին հարմարվելու եւ Մերձավոր Արեւելքում ու Կովկասում Ջո Բայդենի վարած քաղաքականության մեջ իր քաղաքական դերի կարեւորությունը բարձրացնելուՙ Թուրքիայի ունակությունը։ Նույնիսկ եթե Հայաստանը կարողանա նույնպիսի ճկունություն դրսեւորել, այն իր արժեքով ու ազդեցիկությամբ չի կարող հավասարվել Թուրքիային, եթե հաշվի առնենք վերջինիս ռազմական ներուժը եւ քաղաքական հեղինակությունը։ Սենատիՙ վերջին լսումների ընթացքումՙ սենատոր Էդ Մարքիի հարցին ի պատասխան, պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքեն վերահաստատեց Բայդենիՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պարտավորության ստանձնումը։ Նա նաեւ խոստացավ «վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին անվտանգության մասով աջակցության տրամադրումը»։ Ազատության աջակցության օրենքի 907-րդ հոդվածի կատարման հարկադրումը, որը շրջանցել են 1992 թվականից սկսած բոլոր նախագահները, ողջունելի նորություն է Հայաստանի համար։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերահաստատել է Բլինքենի հայտարարությունները հունվարի 20-ին հրապարակված հոդվածում, ասելովՙ «Միացյալ Նահանգները շարունակում է Ադրբեջանի կողմից պահվող անձանց արագ եւ անվտանգ վերադարձի կոչ անել։ Մենք դատապարտում ենք հակամարտության ընթացքում տեղի ունեցած վայրագ գործողությունները»։ Եվրոպական խորհրդարանը որոշում է ընդունել, որում իր հստակ դիրքորոշումն է արտահայտել Ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Որոշման 24-րդ հոդվածում նշված էՙ «[Խորհրդարանը] ափսոսանք է հայտնում առ այն, որ ստատուս քվոյի փոփոխությունները կատարվել են ոչ թե խաղաղ բանակցությունների, այլ ռազմական ուժի կիրառմամբ, խիստ դատապարտում է քաղաքացիական անձանց սպանությունները եւ քաղաքական ենթակառուցվածքների ու պաշտամունքի վայրերի ոչնչացումը, դատապարտում է հակամարտության ընթացքում կասետային ռումբերի օգտագործումը, որոնց մասին բազմիցս հաղորդվել է․ կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին առանց հետագա ուշացման վավերացնել Կասետային զինամթերքի կիրառման մասին կոնվենցիան, որով համապարփակորեն արգելվում է դրանց կիրառումը, եւ ընդգծում է, որ դեռեւս հարկավոր է գտնել կարգավորման տեւական լուծում եւ որ խաղաղության հասնելու ու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է ղեկավարվի Մինսկի խմբի համանախագահների կողմից»։ Նույն որոշման 38-րդ հոդվածով դատապարտվում է հակամարտության մեջ Թուրքիայի ապակայունացնող դերը, դրա ռազմական աջակցությունը Ադրբեջանին եւ ահաբեկիչների ներմուծումը ռազմի դաշտ։ ԱՄՆ-ն եւ Եվրոպան դուրս են մնացել Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից վերահսկվող խաղից։ Երկու մյուս համանախագահները պահանջում են, որ իրենց ձայնը լսելի լինիՙ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները վերսկսելու միջոցով։ Հենց որ հարցը վերադարձվի Մինսկի խմբի ձեւաչափին, Հայաստանը պետք է ընդունի ներկայիս մարտահրավերըՙ իր օրակարգը հետեւողականորեն ու հստակ առաջ մղելու համար։ Առաջին հերթին, այն պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի առանցքային սկզբունքների բռնաբարմանը։ Սկզբունքներից առաջինը հակամարտության ոչ ռազմական կարգավորումն էր։ Ուստի Բաքուն պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիվ պահվածքի համար։ Բացի դրանից, ագրեսիայի հետեւանքով ակամա եւ ինքնաբերաբար իրագործվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Հաջորդը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքն է, որ դեռեւս լուծված չէ։ Համանախագահների հաջորդ հանդիպման ժամանակ կիզակետում պետք է լինի հենց այդ սկզբունքը եւ դա չի կարող տեղի ունենալ ինքն իրեն։ Ռուսաստանըՙ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով արդեն բազմիցս պնդել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, քանի որ Մոսկվան մտադիր է այս հարցի լուծումը ղարաբաղցիներին ռուսական քաղաքացիություն տալու մեջ, որի նպատակն է Ռուսաստանի հաստատումը Ադրբեջանի տարածքում։ Իր հնգամյա խաղաղապահ առաքելության մանդատի ավարտից հետո, քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով Ռուսաստանը կարող է իրեն ենթարկել տարածքը։ Այն, որ Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասն է, ընդամենը քաղաքական հայտարարություն է, որը ոչ միջազգային իրավունքով եւ ոչ էլ պատմականորեն հիմնավորված չէ։ 1989 թվականին Ղարաբաղի ինքնավար մարզի ընդգրկումը Ադրբեջանի կազմումՙ Բաքվի կողմից անօրինական գործողություն էր։ Նույնիսկ, երբ Ստալինը անկլավը բռնակցեց Ադրբեջանին, նա ընդունում էր Ղարաբաղի տարածաշրջանային ինքնավարությունը։ Ղարաբաղի ժողովուրդը կատարում էր ԽՍՀՄ սահմանադրության դրույթներըՙ Ադրբեջանից, ինչպես նաեւ Խորհրդային Միությունից անկախանալու համար։ Սակայն անկախության ձգտելու ամենալուրջ պատճառը Բաքվի կողմից իր ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնության վերաբերմունքն էր եւ հայերի նկատմամբ սկսված «պոգրոմները»։ Հայերը այլ ընտրություն չունեին, եթե ոչՙ ինքնորոշման հասնել եւ բռնակալի ճիրաններից ազատվել։ Բազմաթիվ տարակարծությունների առկայության պայմաններում հսկայական ջանքեր եւ դիվանագիտական հմտություններ կպահանջվեն Ղարաբաղյան հարցի վրա կրկին ուշադրություն հրավիրելու համար։ Արդյո՞ք հայերը պատրաստ են դրան։ Հայաստանը եւ Թուրքիան մրցելու են Եվրոպական Միության եւ ԱՄՆ-ի բարեհաճությունը շահելու համար։ Թուրքիան արդեն իսկ մեղմացրել է իր հայտարարությունների տոնը, բանակցություններ է վարում Հունաստանի հետ եւ ծրագրում է նաեւ համագործակցել Կիպրոսի հետ։ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն վերջերս Բրյուսելում էրՙ վերականգնելու ՆԱՏՕ-ի հետ խարխլված հարաբերությունները։ Շատ շուտով Թուրքիան մտադիր է Վաշինգտոն ուղարկել իր մի խումբ իրավաբանների, լոբբիստների եւ դիվանագետներիՙ հարաբերությունները բարելավելու համար։ Թուրքիայի տնտեսությունը անկում է ապրում, եւ եթե ԱՄՆ-ն շարունակի պատժամիջոցների կիրառումըՙ այդ երկրի տնտեսությունը կփլուզվի։ «Ալ-Մոնիտոր» ամսագրի ավագ թղթակից Ամբերին Զաման կանխատեսում է, որ․ «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները ավելի կսրվեն», քանի որ կողմերին բաժանում են հաշտության եզրեր չունեցող այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թուրքիայի կողմից այլախոհ կրոնական Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման պահանջը, Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը, ԱՄՆ աջակցությունը Սիրիայի քրդերին (քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներինՙ ԺԻՋ) եւ, հատկապես, Բայդենի առաջնահերթ վերաբերմունքը մարդու իրավունքներին առնչվող հարցերին։ Նախագահ Թրամփն իր թողտվությամբ հրահրում էր բռնակալների կողմից իրենց քաղաքացիների իրավունքների ոտնահարումը։ Նախագահ Բայդենը փոխում է իր մոտեցումը, մինչ Էրդողանը քայլեր է ձեռնարկում Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ․ նրան այստեղ եւս դժվարություններ են սպասվում, քանի որ մարդու իրավունքներին առնչվող հարցերը Եվրոպական Միության համար անառարկելի են։ Էրդողանը եվրոպացիներին խաբելու համար խոստացել է մարդու իրավունքների նոր փաթեթ ներկայացնել, սակայն նա չի կարող կտրուկ շեղվել իր բռնած ուղուց, քանի որ դա կարող է խախտել իր իսլամական հենքը իր երկրում։ Թուրքիան նաեւ մոտենում է Իսրայելին հաճոյանալու համար Վաշինգտոնին, սակայն նրա հորդորները դեռեւս անպատասխան են մնում, քանի որ Իսրայելը կանգնած է նոր ընտրությունների շեմին։ Բացի դրանից, այն նոր բարեկամներ է ձեռք բերել տարածաշրջանում, մինչդեռ տակավին վերջերս Թուրքիան Իսրայելի բարեկամ միակ իսլամական պետությունն էր։ Ներկայումս, Աբրահամի համաձայնագրերի միջոցով, Իսրայելը հարաբերություններ է հաստատել Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի, Սուդանի հետ, իսկ Սաուդյան Արաբիան հաջորդն է սրանց շարքում։ Բացի դրանից, Թուրքիայի աջակցությունը Գազայում Համասի միավորումներինՙ չեն նպաստում Բենջամին Նեթանյահուի վարչակազմի հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի հետ հաշտության փորձերի մեկ այլ բաղադրիչ է Թուրքիայի պատրաստակամությունը զբաղվելու Իրանի կամ Ռուսաստանի հարցերով, եթե Վաշինգտոնը որոշի երկուսի նկատմամբ էլ սաստկացնել ճնշումը եւ տարածաշրջանում դաշնակցի կարիք ունենա։ Այդ է պատճառը, որ Թուրքիան, Ադրբեջանի բանակի հետ համատեղ զորավարժությունների միջոցով իր ուժն է ցուցադրում Կարսումՙ անմիջապես Գյումրիում գտնվող ռուսական բազայի դիմաց։ Քաղաքական խնդիրների այս բարդ սարդոստայնի մեջ Հայաստանը պետք է հնարավորություններ գտնի պաշտպանելու իր շահերը Վաշինգտոնում եւ Եվրոպայի մայրաքաղաքներում։ Այնուհանդերձ, Երեւանը, կարծես, մարտահրավերը սխալ ոտքից է ընդունել։ Թեեւ փորձություններով լի այս ժամանակաշրջանում Վաշինգտոնում պահանջվում է ունենալ ամենից ավելի փորձառու դիվանագետ, Փաշինյանի վարչակազմը մտածում է Լիլիթ Մակունցին (քաղաքական պաշտոնի նշանակված մի անձ, որը չունի դիվանագիտական փորձ) ուղարկել Վաշինգտոն։ Մակունցը Փաշինյանի «Իմ Քայլը» խմբակցության ղեկավարն է եւ փորձ ունի միայն որպես Մշակույթի նախարար։ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Վարուժան Ներսեսյանը արհեստավարժ դիվանագետ է։ Աշխարհի փաստացի մայրաքաղաքում դիվանագիտական առաքելության հեղինակազրկումը սխալ ժամանակ արված սխալ քայլ է։ Ցավոք, Փաշինյանի համար կադրերի նման ընտրությունը այլ նախարարություններում եւս սովորական երեւույթ է դարձել։ Չնայած Մակունցի նշանակման դեմ խորհրդարանում որոշ անձանց կողմից արդեն հնչել են մտահոգիչ կարծիքներ, իմաստուն քաղաքական գործիչները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերըՙ հայկական դիվանագիտությանը իր իսկ կողմից հասցվող վնասը կանխելու համար։ Ամերիկայի հայերի իրավապաշտպան խմբերը անշուշտ դեր կխաղան Բայդենի վարչակազմի հետ կապերի սերտացման հարցում։ Նրանք կարող են ծառայել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակություն, սակայն Հայաստանը առաջին հերթին ի՛նքը պետք է օգնի իրեն, նախքան սփյուռքը օգնության ձեռք կմեկնի։ Անգլ.ից թարգմանեց ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator |