RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2021



Տեղադրվել է` 2021-01-28 21:50:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1159, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԵՂՐԻՆ ՄԻ ՕՐ ՊԱՅԹԵԼՈՒ Է ՀԵՆՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող»:

Երկար ու ձիգ տարիներ են անցել այն օրից, երբ մեր նորագույն պատմության լեգենդար հրամանատարներից մեկը` Վազգեն Սարգսյանը, արտահայտել է այս միտքը:

Այո, այսօր արդեն Մեղրին մեր դուռն է բերել աշխարհի հզորներին, բայց, վախենամ հետո էլ դուռ չունենանք` ոչ դրսից, ոչ ներսից փակելու, մի քիչ առանձին, մի քիչ մենք մեզանով լինելու համար:

«...երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմՙ ներսից, չգիտեմՙ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ»:

Այսպես էր կարծում Վազգենը եւ հակառակ` երկրորդ կարծիք լինել չի կարող, պարզապես նկատենք, որ հիմա բանալի էլ չունենք, որովհետեւ ինչպես նշեցի, դուռ չունենք: Մեր դուռը խորտակեցին, հիմա արդեն օսմանի թոռները հանգիստ կարող են Թուրքիայից Նախիջեւանով ավելի արագ ու ավելի շատ զենք տեղափոխել Ադրբեջան, որ կարողանան ավելի պինդ սեղմել մեր ճիտը, որպեսզի կարողանան ավելի ավելի կոտորեն մեզ:

Բա Մեղրիում ապրողն ի՞նչ անի, բա մարդուն մրելու, անպատվելու էլ ուրիշ տարբերակ չկա՞ր, մարդը, որի տղան սահմանին կանգնած է, տեսնի` ինչպես է թուրքի մեքենան անցնում` իր տղայի մահը տանում ու ձեռքերը ծալած նստի՞, չմբոստանա՞, լսա՞ծ բան է:

Մեղրիի միջանցք կոչված աղետը հավասարազոր է Շուշիի անկմանը, որովհետեւ Մեղրին օսմանի թոռների համար ոչ թե տնտեսական միջանցք է, այլ` Մեծ Թուրանի երազանքի սկզբնական` կարեւորագույն արարներից մեկը միայն, իսկ վերջին արարում, վայ մեզ, Հայաստան չկա, հայ չկա. սուլթանի անուն փոխվեց, հո օսմանցու պլան չփոխվե~ց:

Մեզ խաբել են` մաստակով խաբվող երեխայի պես խաբել են: Եկել են ամբողջ քաշով կանգնել մեր ողնաշարի վրա ու հույս են տալիս, թե յուղ կտանք, մեղր կտանք: Հենց նման հույսերով կորցրեցինք Կարսն ու Շուշին, հիմա էլ` Մեղրին:

Մեղրիի միջանցքը թուրքերի ու ադրբեջանցիների համար նոր շնչառություն է, մեզ համար` շնչահեղձություն, նոր Դեր Զոր ու նոր ամոթանք:

Մեղրին բարոյապես ու տնտեսապես թուրք-ադրբեջանական հաղթանակի արգասիք է, իսկ մեզ համա՞ր, ի՞նչ է այն մեզ համար:

Բարոյականություն չկա. ինչի՞ համար զոհվեցին մեր լավագույն տղաները, երբ պիտի թուրքն իր ապականությամբ անցնի մեր հացի սեղանի մոտով:

Տնտեսություն: Ամոթ չլինի հարցնելը` էդ ի՞նչ ենք տանելու «ապաշրջափակված» ճանապարհներով, հայկական արտադրության ԱԹՍ-նե՞րը, թե՞ հաստոցները, ժամանակակից մեքենանե՞րը, թե՞ վաճառվող սպառազինությունը:

Տղե՛րք, մեր ունեցածն ախր մի քանի արկղ ծիրան է, հանուն դրա արժե՞ թույլ տալ, որ թուրքը մեր տան կողքով գազատար անցկացնի, նավթատար անցկացնի ու էլ ավելի զարգանա:

Վազգենն զգուշացրել է.

«Ես զգուշանում եմՙ պատմությունը նաեւ ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը: Ես զգուշացնում եմՙ Մեղրին մի օր պայթելու է հենց Երեւանի կենտրոնում»:

Ցավոք` մենք արդեն մոտենում ենք այդ օրվան, մեկը շանտղություն է արել ու դրա պատճառով արյամբ կառուցած պետությունը շան փայ է դառնում... եթե խելքի չգանք ու չհասկանանք, որ թուրքերի հետ բանակցելու, հաշտվելու եւ հարեւանությամբ ապրելու լավագույն տարբերակը հզորանալն է:

Հազար տարի փորձեցինք լավը լինել, բարի լինել, կամեցող հարեւան լինել, ի՞նչ շահեցինք: Եկեք հիմա էլ, գոնե մի երկու տասնամյակ, իրենց հետ իրենց լեզվով խոսենք, մի հարվածին տասը հարվածով պատասխանենք ու թքած ունենանք այն բանի վրա, որ մի եվրոպացի հաստագլուխ մեզ վանդալ ու բռնարար, ագրեսոր ազգ կկոչի:

Գուցե այդ ժամանակ մի բան փոխվի եւ թուրքերն ու աշխարհի մեծերը հասկանան, որ մենք էլ իրավունք ունենք այս մոլորակի վրա ապրելու, զարգանալու, թե չէ «ջութակ-մութակ լարելով» ո՞ւր ենք հասնելու:

Իդեպ, ռմբակոծված Ղազանչեցոցում, որի ռմբահարման պատասխանը թավջութակի մեղեդիներ արձակելը եղավ միայն, այսօր ադրբեջանական դրոշ է կախված:

Եթե թավջութակի փոխարեն «Սմերչը» նվագեր», գուցե հիմա ամեն բան մի փոքր այլ լիներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ