ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՙ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ ԱՆԱՀԻՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի գրողների եւ Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ Ռոբերտ Բաղդասարյանի նոր գիրքը - «Հոդվածներ. Հայ-ռուսական գրական-մշակութային առնչություններ» (Երեւան. Լուսաբաց հրատարակչատուն, 2020, 108 էջ) ժողովածուն: Գիրքը ժամանակագրական կարգով ընդգրկում է հայաստանյան պարբերական մամուլում 1980-ական թվականների վերջերից մինչեւ մեր օրերը հրապարակած հոդվածներ, նվիրված հայ-ռուսական գրական-մշակութային առնչություններին, ականավոր հայ եւ ռուս գրողներին: Ռոբերտ Բաղդասարյանը քաջ հայտնի է հայաստանյան գրական-մշակութային շրջանակներին, հայ եւ ռուս ընթերցողներին հայ եւ ռուս գրականությանը, պատմությանը, արվեստին նվիրված իր ուսումնասիրություններով, գրքերով եւ բազմաթիվ հոդվածներով, որոնք լույս են տեսել մի քանի տասնամյակների ընթացքում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում: Դրանց թվում են այնպիսի լուրջ գիտական աշխատանքներ, ինչպիսիք են «Ցեղասպանությունը եւ Ռուսաստանի հայ մտավորականությունը» (2003), «Կարեն Միքայելյան. ստեղծագործությունը եւ ավանդը ռուս-հայկական գրական-մշակութային փոխադարձ կապերում» (2010) եւ այլք: Ռ.Բաղդասարյանի նոր գիրքը ընդգրկում է 12 հոդված, որոնք լուսաբանում են 19-20-րդ դարերի հայ-ռուսական առնչությունների հարուստ եւ բազմազան, գունեղ ներկապնակը - «Պուշկինը եւ Հայաստանը», «Ի.Էրենբուրգ. «Երջանիկ եմ, որ եղա Հայաստանում», «Եվ այդ սերը փոխադարձ էր», «Բուլգակովը եւ հայերը», «Հայաստանի երգիչն ու բարեկամը», «Չարենցը եւ Ռուսաստանը», «Գրողըՙ փշե պսակով», «Հայկական արմատներով ռուս գրողը», «Վոլֆ Էռլիխ. «Այս երկիրն իմ սրտովն է...», «Սայաթ-Նովանՙ ռուսական գրական իրականութան մեջ», «Դու բացեցիր ոգու մեր գանձարանն անհուն...», «Ավետիք Իսահակյանը եւ Ռուսաստանը»: Բոլոր հոդվածները առանձնանում են հեղինակի հյուրահատուկ մոտեցումով, լեզվաոճական լակոնիկ շարադրանքով. դրանք չի կարելի շփոթել նույն թեմաներով գրված այլ հեղինակների գործերի հետ: Ռ.Բաղդասարյանի ոճը ուրույն է, գրավիչ... Այսպես, «Հայաստանի երգիչն ու բարեկամը» հոդվածը նվիրված է Հովհաննես Թումանյանի Ռուսաստանի եւ ռուս գրականության հետ ունեցած ջերմ կապերին; «Հայաստանի երգիչն ու բարեկամը» ներկայացնում է անվանի բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովի ուրույն տեղն ու մեծ դերը սովետական շրջանի հայ-ռուսական կապերում; «Գրողըՙ փշե պսակով» հոդվածը նվիրված է հայտնի մոսկվաբնակ հայ մտավորական եւ գրական-հասարակական գործիչ Կարեն Միքայելյանի բեղմնավոր եւ հայանպաստ գործունեությանը; «Հայկական արմատներով ռուս գրողը» - ծանոթացնում է Նինա Բերբերովայիՙ ռուս էմիգրացիայի անվանի ներկայացուցչի հետ... Բոլոր նշված հոդվածների մեջ շեշտը ակնհայտորեն դրված է 19-20-րդ դարերի հայ եւ ռուս մտավորականության հանճարեղ, ականավոր կամ վառ ներկայացուցիչների սերտ կապերի վրա, ինչի մասին վկայում են հենց ակնարկների «հերոսների» կարծիքները, հիշողությունները, բուն ստեղծագործությունները: Այսպես, օրինակ, Թումանյանի մասին հոդվածում գրավում են հանճարեղ բանաստեղծի հետեւայլ իմաստուն տողերը. «Մենք եկել ու գնում ենք դեպի մեծ Ռուսաստանը, դեպի մեծ ռուս ժողովուրդը, մենք սիրեցինք ու հարգեցինք նրան... որովհետեւ նրա հետ ենք կապում մեր հույսը, մենք նրան ծառայում ենք բոլոր բնագավառներում, որպես մեր հայրենիքի... Ռուսաստանում մենք գտնվում ենք աշխարհի լավագույն ժողովուրդներից մեկի մեջ եւ ենթարկվում ենք լավագույն գրականություններից մեկի ազդեցությանը»: Ռ.Բաղդասարյանը մեկնաբանում է այս տողերը, գրելով. «Հասկանալի է, որ ե՛ւ Թումանյանի ժամանակ, ե՛ւ այժմ կային եւ կան մարդիկ, որոնք գտնում են, որ Ռուսաստանը հայերին հովանավորում էր միայն Կովկասում եւ ամբողջությամբ վերցրած Արեւելքում իր ունեցած շահերի պատճառով: Որոշ ազգային գործիչների այդօրինակ ելույթներին մեծ բանաստեղծը պատասխանել է դեռեւս 1912 թվականին. «Ավելի լավ, եթե հզոր Ռուսաստանի շահերը համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ: Հենց դա էլ հայ ժողովրդին ռուսական օգնության պատճառն է, նրա հետեւողականության պատճառը: Ահա ինչու եւ ինչ կերպ եմ ես իմ հույսերը կապում Ռուսաստանի հետ»: Թումանյանն ազգի հեռանկարը հստակորեն կապում էր Ռուսաստանի հետ. «Մեր ապագան(...) կապված է Ռուսաստանին, եւ որքան Ռուսաստանն ազատ լինի, այնքան ավելի լավ կլինի ինչպես մեր, այնպես էլ ողջ աշխարհի համար»: Անշուշտ, ընթերցողին կգրավի մեծն Իսահակյանին նվիրված հոդվածը, ուր գտնում ենք հայ պոեզիայի պատրիարքի խոր մտքերը հայ-ռուսական առնչությունների վերաբերյալ: Բաղդասարյանը գրում է. «Երիտասարդ Ավետիքը 1894 թ. գրում էր, որ ռուսների հովանու ներքո հայերը կզարգանան եւ կկազմեն մի ամբողջություն... Նա երազում էր թափել իր արյունը հզոր Ռուսաստանի դրոշի ներքո եւ փրկել Հայաստանը կրակից, կոտորածներից, քաղցից: Իսահակյանը համոզված էր, որ պետք է քարոզել այդ ուղին եւ, հետեւաբար, աջակցել հենց ռուսներին: Նրա գաղափարն էր Հայաստանի եւ Ռուսաստանի կամավոր ու բարեկամական միությունըՙ հանուն հարազատ ժողովրդի փրկության օսմանյան դաժան լծից: Իսահակյանը, իհարկե, ինչպես հայ գրականության մյուս նշանավոր գործիչները, քաջատեղյակ էր հսկայական տարբերությանըՙ բուն ռուս ժողովուրդի, նրա առաջադեմ մտավորականության եւ ռուս ցարական վարչակազմի գաղութային, երբեմն հայատյաց, քաղաքականության միջեւ... Շատ լավ հասկանալով այդ ամենը, արդյունքում հայ բանաստեղծի սրտում հաղթանակ տարան «հոգեւոր Ռուսաստանը», նրա առաջադեմ, հայամետ մտավորականությունը»: Ռ.Բաղդասարյանի գրքում հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Իլյա Էրենբուրգի կապերը Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Իր հիշողություններում 20-րդ դարի ականավոր ռուս գրողը մասնավորապես նշել է. «...Ես հասկացա, որ հայերի մեջ կրքոտությունն ու անմիջականությունը զուգորդվում է հոգեկան զսպվածության հետ»: Այնուհետեւ Էրենբուրգը հիշեցնում է 20-րդ դարասկզբին հայերի ողբերգական ճակատագրի մասին եւ գալիս է այն եզրակացության, որ դա ցեղասպանության առաջին փորձն էր, եւ հետագայում նացիստները հաշվի առան թուրքական բարբարոսների այդ փորձը: «Մեր ժամանակներում նացիոնալիզմն ամենուրեք գլուխ է բարձրացրել, - շարունակում է գրողը, - սակայն պետք է կարողանալ տարբերել սպանվածների մասին հիշողությունը մարդասպանների հիշողությունից: Հայերի զգացմունքները ինձ հասկանալի են: Խլվել է Արեւմտահայաստանը, ոչնչացվել են հնադարյան ճարտարապետության հրաշալի հուշարձանները: Ողջ մնացածները ցրվել են աշխարհով մեկ... Ամեն մի հայի համար Արարատը, որ կախված է Երեւանի վրա, բզկտված Արեւմտյան Հայաստանի ստվերն է... Հայերի հայրենասիրությունը սրված է, հաճախ այն կարող է թվալ չափազանցված, բայց ոչ ոք այն չի կարող շփոթել շովինիզմի հետ, որը ժխտում է ուրիշի մշակույթը, եւ ոչ ոք չի կարող այն համարել հետամնացություն: Թվում է, հայերի մեջ ես չեմ հանդիպել ինտերնացիոնալիզմի գաղափարներին խորթ մարդկանց... Հիշաչար չլինելով, նրանք ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել հիշողությունից, դրա մեջ տեսնելով մարդու առանձնաշնորհը»: Ժողովածուի մեջ առանձնակի տեղ է գրավում «Բուլգակովը եւ հայերը» ծավալուն ակնարկը, քանզի Բաղդասարյանը փաստորեն առաջիններից է հայ ուսումնասիրողներից, որը Հայաստանի գրական շրջանակների եւ լայն հասարակության ուշադրությունն է հրավիրել 20-րդ դարի նշանավոր ռուս գրողի եւ հայ մտավորականության փայլուն ներկայացուցիչների կապերի վրա: Հոդվածի հեղինակը գրում է. «Միխայիլ Բուլգակովի անունը նույնքան հանրածանոթ է Հայաստանում, որքան գրողի հայրենիքում: Հայ մտավորականությանը ավանդաբար հասու էր անցյալ ու ժամանակակից ռուս մեծ գրականության բոլոր նվաճումներին ոչ միայն հայերենով, այլեւ բնագրով: Անշնորհակալ, եթե չասենքՙ միամիտ զբաղմունք կլիներ, եթե այս հոդվածում մեկ անգամ եւս ներկայացնեինք Մ.Բուլգակովի կյանքն ու ստեղծագործական ուղին, նրա «աստեղային ժամերը» եւ «կորուստների ծանրությունը», այդ ամենը հանրահայտ է: Սակայն մեզ համար ուշագրավ է այն հանգամանքը, որ գրողն ունեցել է ծանոթության բավական մտերիմ շրջանակ մեր հայրենակիցների հետ, ինչը քիչ է հայտնի ու կարող է ինչ-որ տեղ անգամ անսպասելի լինել հայ ընթերցողի համար: Իսկ նրանց մեջ կային արտասովոր մարդիկ, որ իրավամբ համարվում են հայ ժողովրդի փառքն ու հպարտությունըՙ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյան, դիրիժոր Ալեքսանդր Մելիկ-Փաշաեւ, դերասան եւ ռեժիսոր Ռուբեն Սիմոնով, նկարիչ Գեորգի Յակուլով»... Բուլգակովի հարուստ եւ բազմազան կյանքի «հայկական էջը» Ռ.Բաղդասարյանի ակնարկում իրոք որ հայտնություն եղավ հայաստանցի մտավորականների, ընթերցողական լայն շրջանակի համար... «Չարենցը եւ Ռուսաստանը» հոդվածում ժողովածուի հեղինակը, մասնավորապես, գրում է. «Չարենցի ամենասիրելի ռուս պոետներից է Պուշկինը: Հայ բանաստեղծն իր օրագրերում խոստովանում էր, որ չկա նրա համար ավելի մեծ հաճույք, քան կարդալ ռուս մեծ դասականի յուրաքանչյուր ստեղծագործությունը, նամանավանդ, երբ հոգնած է եւ տխուր... Ռուս ժամանակակից գրողների եւ բանաստեղծների մեջ, որոնցից ոմանց նա գիտեր անձամբ, Չարենցը գնահատում էր Նիկոլայ Տիխոնովին, Վլադիմիր Մայակովսկուն, Բորիս Պաստեռնակին, Իլյա Սելվինսկուն... Նա խոստովանում էր, որ ռուս բանաստեղծները հարստացրել են իր սեփական ստեղծագործությունները, լայնացրել իր մտահորիզոնը, երկերի թեմատիկան: Չարենցը բարձր էր գնահատում Մաքսիմ Գորկուն, որին համարում էր հանճար եւ գրականության աստղ, աշխարհի մեծագույն քաղաքացի, հայ ազգի բարեկամ»: Կարելի է շարունակել բերել հատվածներ եւ խորիմաստ մտքեր Բաղդասարյանի նաեւ այլ հոդվածներից, սակայն ավելի ճիշտ կլինի, որ հայ ընթերցողը ինքը կարդա այս, անշուշտ, բովանդակալից ու հետաքրքրական ժողովածունՙ նամանավանդ մեր ժամանակակից իրադարձությունների եւ իրողությունների լույսի ներքո գնահատելով հայ-ռուսական կապերը, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները 21-րդ դարասկզբին... Բանասիրության դոկտոր Ռոբերտ Բաղդասարյանի նոր գիրքը, հիմնականում նախատեսված լինելով հումանիտար բնագավառով հետաքրքրվողներիՙ բանասերների, մշակութաբանների համար, կգրավի նաեւ համապատասխան բուհերի ուսանողների եւ դասախոսների, հայ հասարակության ամենալայն շրջանակների ուշադրությունը: 20.01.2021 |