ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱԳԱՆ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է... ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մեր ժողովուրդը, ինչպես բոլոր ժողովուրդները, ունի դրական կողմեր եւ նաեւ թերություններ: Մենք համաձայն չէինք լինել այն երկիրը, որի վրա կապրեր օտար մշակույթն ու մեր նկատմամբ թշնամաբար դիրքորոշված ազգությունները: Մեր ժողովուրդը պատրաստ է եղել դիմանալ դժվարություններին, պատրաստ է եղել կռվել իր լավագույն որդիների զոհողության գնով: Եվ այսօրՙ ընկնելով էթնիկական տարածքային իրողությունների ճիրանները ՙմենք ընտրեցինք պայքարի ուղին, ճակատամարտի՛ ուղին.Կռվեցինք հանուն հողի եւ ապրելու իրավունքի,մեր հերոս տղաները մինչեւ վերջին շունչը պայքարեցին եւ ընկան զենքը ձեռքինՙ սրտում պահելով հաղթանակի բերկրանքը: Պատերազմում թշնամին հաղթեց ու հիմա տոնում է իր հաղթանակը: Եվ սա, ցավալի է ասել, նրա իրավունքն է: Իսկ հայի ապրելու իրավունքը մնաց աննկատ աշխարհի կողմից: Այսօր չպետք է քննարկել նախկիններին ու ներկաներին, սեւերին ու սպիտակներին, կաշառակերներին ու էլիտայի ներկայացուցիչներին ու չպետք է Հայաստանը բաժանել դավաճանների ու «զոմբիների» միջեւ: Հայաստանի բնակչության մի շատ փոքրիկ հատվածի ընտրված ուղին եղել է դավաճանությունը: Այո՛, դավաճանությունը, որի հետեւում թաքնված է եղել իշխանության թուլությունը, անկարողությունը: Մեր ժողովուրդը այսօր հիվանդ է: Նա թունավորվեց միանգամից եւ մի քանի կողմիցՙ պարտության, դավաճանության, անտեսվածության, անկարողության եւ անհամերաշխության հիվանդություններով, ու ցավալի է գիտակցել, որ շատերն այժմ պարզապես մտածում են որքան արագ հեռանան այստեղիցՙ լքելով հայրենիքը: Այո՛, կորցնում ենք նաեւ հայրենասիրության զգացումը, չնայած ինչպե՞ս պիտի սիրենք մի հայրենիք, որտեղ հայրը թողնում է իր ընտանիքը եւ ամիսներ շարունակ արտագնա աշխատանք կատարում այլ երկրում, որպեսզի կարողանա ապահովել իր ընտանիքի ապրուստը, որտեղ կրթություն ստանալը օր-օրի անհասանելի է դառնում աղքատ եւ միջին խավի ընտանիքներին եւ որտեղ հայրենիքի գոյությունն ու պաշտպանությունը վտանգված է: Դժվար ժամանակները ուժեղ մարդկանց են ծնում: Դժվար ժամանակներ են:Վստահ եմ, որ մոտիկ ապագայում շատ ուժեղ մարդիկ կծնենք: Հուսով եմ, որ այս պարտությունը, այս ամոթը կլինի վերջին ու ամենադաժան դասը մեր ժողովրդի համար: Այլ տարբերակ չկա: Մեր հայրենիքի ապագան մեր ձեռքերում է: |