«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021
| | Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00) | Ընթերցված է` 1274, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ ԴԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ Ա. Բ. Լոնդոնի «Սթրադ» երաժշտական ամսաթերթը (նվիրված լարային նվագարաններին եւ ակադեմիական երաժշտությանը) փետրվարի համարում հրատարակել է «Ջութակահարուհի Դիանա Ադամյանը պայմանագիր է ստորագրում «Օպուս 3 արտիստսի» հետ» հոդվածը: Հիշված է, որ հայ երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանը 2018 թ. հաղթել է «Եհուդի Մենուհին» միջազգային մրցույթում եւ առաջին մրցանակակիր դարձել 2020 թ. առցանց կայացած Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների մրցույթներում: «Սթրադը» տեղեկացնում է նաեւ, որ 2000 թվականին Երեւանում ծնված Ադամյանը ներկայումս սովորում է Մյունխենի Կատարողական արվեստի համալսարանում (ուսուցիչՙ Աննա Չումաչենկո): Ադամյանը ելույթներ է ունեցել տարբեր նվագախմբերի հետ, Լոնդոնի Թագավորական ֆիլհամոնիկում եւ Ճապոնիայում անցկացվող Մացումոտոյի միջազգային երաժշտական փառատոնում: Առաջիկայում նախատեսվում են ջութակահարուհու ելույթները Տոկիոյում եւ Ֆրանսիայում, եւ առաջին անգամՙ Գերմանական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ադամյանին իսրայելացի նշանավոր ջութակահար եւ դիրիժոր Պինխաս Ցուկերմանը հրավիրել է մասնակցելու Օտտավայի արվեստի ազգային կենտրոնի ամառային վարպետության դասերին: Հայ ջութակահարուհին վերջերս նաեւ միացել է Ցուկերմանինՙ Լոնդոնի Քադոգան Հոլում կայանալիք համերգինՙ Թագավորական ֆիլհարմոնիայի հետ նվագելու Բախի երկու ջութակի համար գրված կոնցերտը: Համերգը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանությունը: | | | |
|
| |