ԴԻՐՔԵՐԸ ԱՅՍՕՐ ԷԼ ԱՄՈՒՐ ԵՆ ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս Առաջնագծում ամեն դիրքը մի պատմություն է, մի նվաճում եւ մի հաղթանակ: Հրամանատարը մեծ ոգեւորությամբ եւ հպարտությամբ է խոսում զինվորների մասին... «Կարեւոր ու պակաս կարեւոր դիրքեր չեն լինում, դիրքը դիրք է ու թեկուզ կյանքի գնով պետք է պահել, որովհետեւ ամեն մի դիրք ապրելու տենչով է դրվում: Մի բարձունքը նվաճում է հազար բարձունքիՙ բարձրում մնալու համար. Ամեն զոհողության պետք է պատրաստ լինենք. բարձունքն իսկապես անգին է»,- ասում է N զորամաի հրամանատարը: Ամեն անգամ դիրք բարձրանալիս հրամանատարը լրացուցիչ անգամ հրահանգավորում է, շրջում խրամատներով, դիտակետում հսկող զինվորին ցուցումներ տալիս, հորդորում զգոն լինել եւ ոչ մի դեպքում չտրվել հակառակորդի սադրանքներին: «Զինվորները ավելի զգոն են, հերթապահությունները ավելի աչալուրջ են տանումՙ մինչեւ խորքը դիտարկվում է թշնամու ամեն մի շարժը»,- իր հերթին նշում է հրամանատարի տեղակալը: Փոխգնդապետը վստահեցնում էՙ առանձնահատուկ կարեւոր են անձնակազմի ու հրամանատարի անկեղծ շփումները: Կարեւոր է, որ զորքն իսկապես ճանաչի իր հրամանատարին, զորքն ու հրամանատարը մեկ գաղափարի շուրջ պետք է համախմբված լինեն, եւ հաճախ միմյանց հանդեպ այդ հավատն է լինում վճռորոշը: Այո, մարտերը թեժ են եղել, բայց զինվորները մինչեւ վերջ պայքարել են... Այս պահին հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց մի փոքր խախտման դեպքում հայկական կողմը պատրաստ է տալ համարժեք պատասխան: Մեր զինվորները իսկական հերոսներ են... |