RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 4056, Տպվել է` 394, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆԸ ՉԱՐԻՔԻ ՆՈՐ ԱՌԱՆՑՔՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տասնամյակները համարվում են գլոբալ ապագաղութացման ժամանակաշրջան։ Աֆրիկյան, միջինարեւելյան եւ հարավարեւելյան Ասիայի բազմաթիվ երկրներ անկախություն ձեռք բերեցին հենց այդ տարիներին։ Օսմանյան կայսրությունը փլուզվել էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ միայն թուրքերի առաջնորդ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի եւ ռուսների առաջնորդ Վլադիմիր Լենինի միջեւ գոյություն ունեցող բարեկամության շնորհիվ էր, որ Փոքր Ասիան փրկվել էր եւ դարձել արդի ժամանակների Թուրքիայի հանրապետությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին Թուրքիան որպես նացիստական Գերմանիայի թաքուն համագործակիցը դարձյալ մսասեղանի վրա դրվեց, որպեսզի մասնատվի Ստալինի կարմիր բանակի հզոր ձեռքերով։ Սակայն Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետ Ուինստոն Չերչիլն օգնության հասավՙ փրկության օղակը գցելով Ֆուլտոնում (Միսուրի) արտասանած «երկաթյա վարագույրի» վերաբերյալ իր հայտնի ճառով, որն էլ սկիզբ դրեց սառը պատերազմին։

Այսպես, փաստորեն երկու անգամ ոչնչացումից փրկվելուց հետո, Թուրքիան վերջին տարիներին հառնել է որպես ամբարտավան գաղութարար մի պետություն։

«Կարոտախտ կայսրության հանդեպ։ Նեոօսմանիզմի քաղաքականությունը» վերնագրով վերջերս հրատարակված գրքում, պատմաբան Մ. Հաքան Յավուզը նախկին վարչապետ (ապա նախագահ) Թուրգուտ Օզալին է վերագրում նեոօսմանիզմի սկզբնավորումը։ Նրա հետքերով է գնում ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըՙ կառուցելու համար ինչպես պատմաբանն է բնութագրումՙ «Իսլամական գողավարությունը» (Islamic Kleptocracy)։

«London Times Literary Supplement» («Լոնդոն Թայմսի» գրական հավելված) հանդեսում տպագրված վերոնշյալ գրքի գրախոսականում Ջերալդ Մակլինը զարգացնում է թեմանՙ գրելով. «Յավուզը ցույց է տալիս, թե ինչպես է Էրդողանի նվիրվածությունը օսմանյան սուլթան Աբդուլհամիդին մասամբ կապվում Նեջիպ Ֆազիլ Քիսակյուրեքիՙ «քաղաքական իսլամիստ գաղափարախոսության ֆաշիստ ջատագովի» գրությունների հետ։ Վերջինիս հրատարակած «Բույուք Դողու» (Buyuk Dogu) խորագրով ազդեցիկ պարբերականը (1943-1975) խորին զայրույթով էր արտահայտվում Թուրքիայի արեւմտականացման բարեփոխումների մասին։ Օսմանյան իսլամական արժեքներին վերադառնալու կոչ անելով Նեջիպ Ֆազիլը հորդորում էր, որ «ատելությունն ... է լավ հավատացյալի բնորոշ հատկանիշը», որ նաեւ վառ է պահում «քաղաքական կրքոտ աշխուժությունը»։

Կարեւոր է ճիշտ հասկանալ Էրդողանի աշխարհընկալման բուն սկզբնաղբյուրները, եւ նաեւ իմանալ նեոօսմանյան ապագա առաջնորդողի իր որդեգրած քաղաքականության դրդապատճառները։ Հետաքրքրական է նաեւ հայտնաբերել արեւմտյան ոճի ժողովրդավարության հանդեպ նրա ունեցած արհամարհանքի ակունքները։ Միայն դրանից հետո կարող ենք հասկանալ, թե ինչու է նա ատում այդ արժեքները եւ ցանկանում ոչնչացնել դրանք։

Երբ պատմաբաններն ու քաղաքական վերլուծաբանները Էրդողանին նկարագրում են որպես Հիտլերի ճանապարհով գնացողի, նրանք բոլորովին էլ չեն ցանկանում նշավակել նրան, այլ պարզապես մատնանշում են նրա ատելությամբ լցված փիլիսոփաությունը, որի սնուցողը Օսմանյան կայսրության կորսված տարածքները վերանվաճելու մարտական իսլամի անզուսպ փութաջանությունն է։

Ղարաբաղյան քառասունչորսօրյա պատերազմից հետո երեւան եկած զեկույցներն ու վերլուծությունները բացահայտում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի մտադրությունները չէին սահմանափակվում սոսկ իրենց վերանվաճած հողային տարածքներով։ Նրանց փառասիրությունը շատ ավելի հեռուն էր գնում, հասնելով գլոբալ չափերի։ Նրանց նպատակն է Կենտրոնական Ասիայում ստեղծել պանթյուրքական մի կայսրություն, ներգրավելով իրենց ծրագրերում նաեւ գերհզոր պետություններին։

Հայաստանը երկար ժամանակ հակամարտությունը դիտարկում էր որպես հայ-ադրբեջանական տարաձայնություն։ Երբ Բայրակդար ԱԹՍ-երը խորտակեցին մեր երկրի օդային պաշտպանությունը պատերազմի առաջին տասնհինգ րոպեների ընթացքում, մենք հասկացանք պատերազմին թուրքական բանակի ներգրավվածության չափը։ Հավատացած էինք, որ հայկական բանակը դիմակայում էր թուրք-ադրբեջանական միացյալ ուժերին, որոնց եկել էին միանալու մոտ 2700 վարձկան ահաբեկիչներ Սիրիայից։ Չէինք գիտակցում, որ մեկ այլ հավելյալ ուժային կառույցՙ Պակիստանն իր պաշտոնական օդային ուժերի համակարգով եւ անկախ ջիհադիստների բանակով ամբողջովին ներգրավված էր պատերազմում։

Մենք կարող ենք հայկական կողմին մեղադրել պատրաստված չլինելու եւ թշնամու ուժերի վերաբերյալ հետախուզական պատշաճ տվյալներ չունենալու համար, բայց չենք կարող նրան մեղադրել երեք պետությունների միացյալ բանակներից պարտվելու մեջ, մանավանդ որ նրանց թիկունքում կռվում էին նաեւ ահաբեկիչների գումարտակներ։

Էրդողանի իշխանության օրոք Թուրքիան օրինականացրել է ահաբեկիչների օգտագործումը բոլոր այն հակամարտություններում, որ ինքն է սանձազերծել (կամ մասնակցել) համաշխարհային հանրության եւ մասնավորապես ՄԱԿ-ի ամենատես հայացքի ներքո։

Պակիստանը ահաբեկիչների որջ է։ Պատճառը, որ աֆղանական պատերազմը ձգձգվում է երկար տասնամյակներ շարունակ այն է, որ Պակիստանը ապաստան է տալիս եւ վարժեցնում թալիբան ահաբեկիչներին, որպեսզի ամերիկյան զորքերին պահի պատերազմներից հյուծված այդ երկրումՙ ձեւացնելով, որ դաշնակից է։

Պակիստանի ահաբեկիչները զբաղված են հատկապես Ջամու եւ Քաշմիր անկլավներում, որոնք 1947 թվից ի վեր Պակիստանին լարել են Հնդկաստանի դեմ։

«Մեմրի» (MEMRI) կայքէջի մարտի 2-ի համարում Թուֆայիլ Ահմադը գրում է. «Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համար միջազգային հարցերը կարեւոր չեն, քանի որ այդ երեք պետություններն էլ առաջնորդվում են միմիայն իսլամի գաղափարախոսությամբ։ 1980-ականների վերջերից Պակիստանը ջիհադիստ ահաբեկիչների է սնուցել Ջամուում եւ Քաշմիրում։ Իր զորքերը Քաշմիրից ետ չքաշելու Պակիստանի որոշումը սոսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում չէ, այլ Քաշմիրից ամբողջովին ձեռք քաշելու մերժում»։

Բազմաթիվ փաստեր կան, որ բացի Պակիստանի պաշտոնական օդային ուժերից, ջիհադիստների մեծաքանակ միավորումներ մասնակցել են ղարաբաղյան պատերազմին։ Պակիստանը այն հազվագյուտ երկրներից է աշխարհում, որ չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը եւ հետեւողականորեն նրա դեմ է քվեարկել ՄԱԿ-ի եւ համաշխարհային այլ ֆորումներում։ Պատերազմից հետո Իլհամ Ալիեւը առատորեն գովեց Պակիստանին «Ադրբեջանին եղբայրական օգնություն ցուցաբերելու համար»։

Այժմ, երբ չարիքի այս առանցքը կազմող երկրները հաղթական են դուրս եկել ղարաբաղյան պատերազմից, սկսել են թիրախավորել աշխարհի այլ աննհանգիստ, թեժ կետերը։ Թուֆայիլ Ահմադը միեւնույն կայքում գրում է, որ «Ադրբեջանի բանակին օգնելուց հետո Պակիստանին Քաշմիրի հարցում զորակցություն է հայտնել Ադրբեջանը։ Այս փոխադարձ սիրալիրությունը, որն ստեղծվել է եռակողմ (Թուրքիայի ներգրավվածությամբ) զինվորական դաշնությունից, այժմ թիրախավորել է Քաշմիրին, որպես զինվորական հաջորդ բախումների օբյեկտի»։

Քաշմիրի հակամարտությանը ներգրավվելով Ադրբեջանը փաստորեն Հնդկաստանի դեմ է դիրքորոշվում, միջուկային հզոր մի երկրի դեմ, որը նաեւ զենքերի ու զինամթերքի արտահանությամբ է ճանաչված աշխարհում։

Մենք հազվադեպ ենք ականատես լինում այն երեւույթին, որ հայկական դիվանագիտությունը նշանակալիորեն զբաղվի Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցերով, մի կարեւոր խնդրի, որ ոչ միայն դիվանագիտական պաշտպանություն կարող է խոստանալ Երեւանին, այլ վստահաբար նաեւ ռազմական եւ տնտեսական օժանդակություն։

Մինչ Հայաստանը դժգոհ է, որ ստիպված զիջումների է գնացել Զանգեզուրի շրջանում միջանցք տրամադրելու հարցում (Ադրբեջանի առաջնորդ Ալիեւը այդ վայրը պատմական ադրբեջանական տարածք անվանեց), իսլամական աշխարհում տոնախմբություն է նկատվումՙ համարելով, որ այդ միջանցքով նախ ուղի է հարթվում դեպի պանթուրանական ծրագրերը եւ երկրորդՙ որ Թուրքիան դրանով հասու է լինում Կասպից ծովի մատույցներում հայտնվելու։

Թուրքական ռազմանավերը արդեն մարտահրավեր են նետում ռուսական նավատորմին Սեւ ծովում։ Կասպից ծովը թուրքական եւ ռուսական նավատորմերի համար դառնալու է բռնկման հաջորդ թեժ կետը։ Թուրքիայի կողմից Ադրբեջանի գաղութացումը այդ երկիրը դարձրել է հարթակՙ ընդարձակելու իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում։ Բաքուն էլ, իր հերթին, օգտվելու է աշխարհի այլ վայրերում Թուրքիայի կատարած շահագործումներից։

Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ միայն շարունակում են օգտվել Պակիստանի ջիհադիստական զորամիավորումների ծառայություններից, այլեւ հպարտանում են, որ նրանց գործընկերության շնորհիվ իրենք դարձել են իսլամական աշխարհի միջուկային կարողության կրողները։

Պակիստանը ապացուցել է, որ ծավալապաշտական երկիր է, որին բազմաթիվ անգամներ զինվորականությունն է ղեկավարել, իշխել։ Այդ երկիրը 1968-ի միջուկային զենքի տարածումն արգելող պայմանագրի տակ չի ստորագրել։ Այդ պատճառով էլ իրավաբանական տեսակետից պարտավորված չէ Թուրքիայից թաքցնելու իր միջուկային զենքերի տեխնոլոգիական հագեցվածության մանրամասները։ Նախագահ Էրդողանը վաղուց է պնդում, որ Թուրքիայի նման քաղաքական հզոր ուժ ներկայացնող մի երկիր պետք է միջուկային զենք ունենալու հնարավորություն ստանա։ Որպես ծավալապաշտ ղեկավար Էրդողանը կկարողանա իր սեփական միջուկային զինանոցը ունենալ այն բանից հետո, երբ Ռուսաստանը կավարտի երկու ատոմակայանների կառուցումը իր երկրում, սակայն ներկա պահին Պակիստանի պատրաստի ռումբերը շատ ավելի ձեռնտու են եւ գրավիչ։ Միջին Արեւելքում եւ դրանից այն կողմ Թուրքիայի նվաճողական դիրքորոշումը հաշվի առնելով կարելի է ասել, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական կոնֆիգուրացիան բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվելու մոտիկ ապագայում։

«Foreign Policy» (Արտաքին քաղաքականություն) պարբերականի մարտի 2-ի համարում Վալի Նասրի «Փաստարկ» խորագրի ներքո զետեղված հոդվածը նշում է, որ «Հաջորդիվ Միջին Արեւելքում ընթացող հակամարտությունները արաբական պետությունների եւ Իրանի միջեւ չեն լինելու»։ Նա կանխատեսում է, որ այդ տարածաշրջանը Թուրքիայի, Իրանի եւ Իսրայելի կողմից է ղեկավարվելու, չնայած որ երեք երկրներն էլ իրար հետ բախման մեջ են գտնվում եւ շարունակելու են գտնվել։

Իրանը ենթադրաբար ավելի բարեկամական դիրքորոշում ունի Հայաստանի հանդեպ։ Սակայն տնտեսական համագործակցության բոլոր ծրագրերն ու խոստումները շատ բան չեն տվել մինչ օրս։ Իրանի հոգեւորականներն ու արտաքին քաղաքականության աշխատակիցները ոգեւորվել են եւ շնորհավորում են Ադրբեջանին Հայաստանից տարածքներ «ազատագրելու» համար, գիտակցելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են մասնատել իրենց երկիրը։ Բացի այդ, Իրանի ղեկավարությունը տեղյակ է, որ Իսրայելը Ադրբեջանի միջոցով հետախուզական տվյալներ է հավաքում եւ ծրագրում է մի օր հանկարծակի հարձակվել Իրանի վրա։ Զվարճալի չպետք է թվա հարցնել, թե արդյոք Հայաստա՞նն էլ պետք է որդեգրեր Ադրբեջանի քաղաքականությունը, որպեսզի արժանանար նման հարգանքի։ Գուցե այդ դեպքում Իսրայելը հակված չէր լինի ընդարձակելու Ադրբեջանի սահմանները, այլ կգոհանար Հայաստանի ընձեռած հնարավորություններով։

Թուրքիայի գերհզոր պետություն դառնալով տարածաշրջանը թեւակոխում է շատ ավելի վտանգավոր մի ժամանակաշրջան։ Թուրքիան օգտվում է մեծ ու փոքր ուժերի թշնամությունից եւ առաջ է տանում իր սեփական օրակարգը։ Եթե հիմա չկանգնեցնեն, Անկարան չի դադարելու առաջ գնալուց։ Նման սցենար աչքի առաջ ունենալովՙ ղարաբաղյան պատերազմը, դժբախտաբար, վերջին ողբերգությունը չի լինելու Հայաստանի համար։

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ