«ՄԵԾ ՄՌՈՎԻՑ ՄԻՆՉ ՀՈՐԱԴԻԶ». Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՊԵՏՈՅԻ ՓԱՌՔԻ ՃԱՄՓԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Դաժան պարտությունը կոտրեց բոլորիս, համենայն դեպս նրանց, ովքեր հասկանում են` ինչ ենք կորցրել... Դավադիր պատերազմը հայրենիքից բացի մեզանից խլեց նաեւ մեր ազատագրական երգերից շատերի բովանդակությունը: Անբովանդակ դարձան Ջրականի, Հադրութի, Ամուրի ու Շուշիի մասին երգերը: Անշոշափելի մի կարոտով մենք այսօր երգում ենք Շուշիի մասին այնպես, ինչպես հարյուր տարի երգել ենք Արարատ լեռան, Վանա լճի, Մուշի, Էրզրումի ու Ստամբուլն արյան ծով դարձնելու մասին: Այդ երգերն Արցախյան փառապանծ ազատամարտի աննվաճ անձնագրերն էին, մեր ազգի լավագույն երազների խտացումն ու անկախության վաղեմի երազանք-նպատակների դրական պատասխանները. «...Դեռ ճամփա ունենք, Պիտ հասնենք Սասուն...»: Ազատագրական-ֆիդայական այդ երգերի ցանկում կա մեկը, որը միշտ երգել եմ, բայց արդեն ամիսներ շարունակ ոչ միայն անկարող եմ երգել այն, այլեւ մնացել է կոկորդիս` որպես եղբորից գողացած մի կտոր հաց եւ ծանր քարի պես կուլ չի գնում: Խոսքն Արցախյան ազատամարտի մասնակից-խորհրդանիշներից մեկի Պետոյի` Պետրոս Արշալույսի Ղեւոնդյանի մասին հյուսված մի գեղեցիկ երգի («Պետոյի հիշատակին») մասին է, որն սկսվում է հետեւյալ բառերով. «Մեծ Մռովից մինչ Հորադիզ Փառքի ճամփա ես անցել...»: Իր կյանքը դնելով հայրենիքի փրկության զոհասեղանին` Պետոն զոհվեց` մեզ կտակելով ազատ ու անկախ հայրենիք, պատիվ ու հաղթողի կեցվածք: Նա մարտական փառքի ճամփա անցավ` հյուսիսից մինչեւ հարավ` Մռովից մինչ Հորադիզ: Այսօր ես չեմ կարողանում երգել այդ երգը, լսել այդ երգը, որն իմ կյանքում ամենաշատ երգված ու լսված երգն է եղել, որովհետեւ... որովհետեւ հասկանում եմ, թե ո՞ւր մնացին Մռովն ու Հորադիզը եւ ովքե՞ր են հիմա ոհմակներով վխտում Մռովի ու Հորադիզի արանքում ընկած` Պետոյի փառքի ճամփին: Չեմ կարողանում, ամաչում եմ երգել այդ երգը, որովհետեւ թուրքերն անալի անասունի նման նման լիզում են Պետոյի փառքի ճամփին ընկած` մեր պապերի շիրմաքարերը: Երգել չի լինում, որովհետեւ այն գյուղը, որտեղ ընկել է Պետոն եւ իր արյունը որպես սրբազան ուխտ խառնել այդ հողին, օսմանի թոռները յաթաղանն օդում ճոճելով` խեղպար են բռնել եւ Մռովի տխուր հայացքի ներքո ոտնատակ են տալիս այն դրոշը, նաեւ որի իմաստավորման համար ընկավ Պետոն: Ինչպե՞ս երգեմ այդ երգը, երբ Պետոյի փառքի ուղու ամբողջ երկայնքով ոռնալով վխտում են թուրքերը` կարծես վերահաստատելով այն հին-հին առածը` «ձորը` դատարկ, աղվեսը` տեր»: Երգե՞մ: Երգե՞մ, ուրեմն: Մռովի ծերպերերին տապալված են մեր հավատի բոլոր խաչերը, պղծված են մեր Աստծուն աղոթելու բոլոր մատուռները եւ այնտեղ անարգել, առանց որեւէ անհանգստության, եւ առանց որեւէ երկյուղի նամազ են կաղկանձում արդեն հազար տարի մեր լեռների վրա գրոհող շնագայլերը` իրենց ողջ գարշահոտությունը տարածելով Պետոյի փառքի ուղու վրա: Դավադրության ու անտարբերության հետեւանքում` մենք պարտվեցինք այս պատերազմում եւ կորցրեցինք մեր հայրենիքը: Շուշիից հետո Նախիջեւանի մասին էինք մտածում, բայց հիմա Զանգեզուրը պաշտպանելու, ավելի ճիշտ` փրկելու խնդիր ունենք: Այո՛, մենք պարտվել ենք, ամենադաժան եւ ամենաողբերգական ռազմաքաղաքական պարտությունն ենք կրել 21-րդ դարում: Թող արդարացումներ ու ազգային սփոփանքի խոսքեր չլինեն, հայրենիքի կորստի ցավի դարման չէ դա, մենք պարտվել ենք, հակառակը պնդողներին առաջարկում եմ գնալ Պռոշյան, կանգնել Պետոյի հուշարձանի առաջ եւ պնդել, որ չենք պարտվել եւ հստակ պատասխանել` ուր մնաց Մեծ Մռովից մինչեւ Հորադիզ ընկած ճամփան` Պետոյի փառքի ուղին: |