ՀՊՄՀ-Ը ԱՆՄԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍԽՐԱՆՔԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԿՍՏԵՂԾԻ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մանկավարժական համալսարանը նախաձեռնել է հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ուսանողների եւ շրջանավարտների հիշատակը հավերժացնող հուշակոթող ստեղծել: Հուշակոթողը խորհրդանշելու է Հայոց բանակի զինվորին, որը ընկավ մարտի դաշտումՙ հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի: Հուշաքարի մտահղացման մասին խոսեցի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Ուս. խորհրդի նախագահ Պարույր Գալստյանի հետ. «Մտահաղացումը եւ առաջարկությունը բուհի ղեկավարությանը խաչքարի վերաբերյալ եղել է Ուսխորհրդի կողմից, երբ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ հանդիպման ժամանակ քննարկում էինք, թե ինչ միջոցառումներ, ծրագրեր պետք է իրականացնի Մանկավարժական համալսարանը մեր զինվոր-ուսանող հերոսների հիշատակը վառ պահելու համար: Ու քննարկման ժամանակ հուշակոթողի գաղափարը դրական արձագանքի արժանցավ ե՛ւ ղեկավարության, ե՛ւ ուսանողների կողմից : Այս հիշատակի քայլին նվիրված ասեմ, որ ուսանողական խորհուրդը համագործակցելով դեկանատների հետ, կազմել են խմբեր եւ իրականացնում են այցեր մեր զոհված հերոսների բնակարաններ, ծանոթանում ընտանիքի անդամներին եւ ունենում զրույցներ:Պետք է նշեմ, որ այս կապը մենք պահելու ենք եւ այն միշտ լինելու է շարունակական»,- ասաց Պարույր Գալստյանը: Կարեւորելով յուրաքանչյուրի կարծիքը` բուհը բաց քննարկման է ներկայացնում ուսանողների եւ հասարակության առաջ հուշաքարերի նախագծերն ու դրանց տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը: «Հուշակոթողի հետ կապված աշխատանքները համակարգում է Գեղարվեստական կրթության ֆակուլտետը ի դեմս դեկան Արա Հակոբյանի: Եվ, այո, հուշակոթողի ընտրությունը առաջարկված է ուսանողների, դասախոսների եւ բոլոր-բոլոր նրանց համար, ովքեր կապ ունեն Մանկավարժական համալսարանի հետ, քանի որ իրենք պետք է որոշենՙ ի՞նչ ձեւի, ինչ ճարտարապետական եւ խորհրդանշական լուծումների հուշակոթող են ուզում լինի համալսարանի տարածքում : Ասեմ, որ դեռ վերջնական տարբերակը ընտրված չէ, տարբեր հարթակներում լինում են քննարկումներ, եւ այդ քննարկումներից ելնելով, ուսանողական խորհուրդը մոտ օրերս կազմակերպելու է ուսանողական մեծ հանդիպում-քննարկում, որի ժամանակ ներկա կլինեն նաեւ հուշաքարերի հեղինակները».- նշեց Պարույր Գալստյանը: «Նաեւ նշեմ, որ մոտակա ժամանակահատվածում համալսարանի կողմից հրատարակվելու է մի գիրքՙ նվիրված համալսարանի զոհված զինվոր-ուսանողներին եւ այն ուսանողներին, ովքեր կամավոր մասնակցել են պատերազմին եւ, փառք աստծու, վերադարձել են անվնաս: Այս աշխատանքները մեր ամենօրյա գրաֆիկում առաջնայինն են»,- հավելեց ուս. նախագահը: Մեր զինվորները հերոս ենՙ բոլորն անխտիր: Հավերժ փառք նրանց: Նրանց հոգու հանգստությունը մեր երկրի հզորացման մեջ է լինելու, իսկ հզորացումըՙ կրթության արդյունքը: |