ՔԱՆԻ ԵՐԿԻՆՔԸ ԿԱ, ԿՓՆՏՐԵՆՔ ՆՐԱՆՑ ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, 3-րդ կուրս լրագրություն Տղաների երկնային լույսը թույլ չի տալիս մրսել ձյունով ծածկված քաղաքում: Նրանց բարձր, դոփյունով քայլերը չենք լսում, բայց օդում թողած ջերմությունը լցնում է մեր ներսը: Նրանք մեզ բարձրից հսկողն ու սեր շշնջացողն են: - Քեզ շատ եմ սիրում, ուշ-ուշ կզանգեմ, չանհանգստանա՛ք... Զոհվելու օրըՙ հոկտեմբերի 9-ին, դեպքից երկու ժամ առաջ, կապիտան Տարոն Նիկողոսյանը դա էր ասել կնոջըՙ Տաթեւին: Տարոնն ու Տաթեւը երկու որդի ունենՙ 4-ամյա Արամը եւ 1-ամյա Վահեն: Փոքրիկ Վահեն պառկած էր, քնի ժամն էր, բայց քնել չէր ուզում, անընդհատ ձեռքը տանում էր հեռախոսի էկրանին եւ տեսնելով հոր նկարըՙ ասում. «Պապ... պապաա...»: Եվ այդ պահին երազում էիր կույր ու խուլ լինել, քանզի փոքրիկի մատների հպումը նկարինՙ հորը դիպչելու միակ հույսն էր: «Տարոնը ինժեներասակրավորական վաշտի հրամանատար էր: Հոկտեմբերի 1-ին ստացել են Արցախ մեկնելու հրամանը եւ մինչեւ հոկտեմբերի 3-ը եղել են Մեխակավանում (Ջաբրայիլ), այնուհետեւ հետ են եկել Իշխանաձոր: Ճանապարհի կեսից ԱԹՍ-ի ձայն են լսել,ցրվել են,սակայն վերադասը առաջ գնալու հրաման է տվել: Նստել են, որ նորից գնան, երկու րոպե անց ԱԹՍ-ի հարվածից մեքենան պայթել է: 19 հոգուց 18-ը զոհվել են»,- մեզ հետ զրույցում պատմում է Տաթեւը , նշելով որ այս գործի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, մեքենան նստելու եւ երթը շարունակելու հրաման տված զորամասի հրամանատարի տեղակալը կալանավորված է: 17 զոհերի հարազատներն արդեն վերցրել են իրենց զավակների մարմինները, սակայն Տարոնի մարմինը մինչեւ օրս չի ճանաչվել: Տաթեւը պատմում է, որ հենց դեպքի օրը բոլոր 18 զոհվածների մարմինները բերել են Գորիս, որտեղից հաջորդ օրը տեղափոխել են Երեւան: Նրա միակ ցանկությունը ամուսնու մարմինը գտնելն էՙ իր համար միակ թանկարժեք մասունքը: «Արամիկից երկու անգամ ԴՆԹ-թեստ էին վերցրել, սակայն համընկում չէր եղել: Դրանից հետո անհետ կորածների ցուցակի մեջ էին ներառել անունը: Հայտ ներկայացրեցի դատարան, քննչական կոմիտե, որ ինչպես հարկն է զբաղվեն հարցով, հիմա եթե ատամնաշարի միջոցով կարողանան ճանաչել, կրկին ԴՆԹ-թեստ կհանձնեն ու եթե այն վերջապես համընկնի, Տարոնիս վերջապես կկարողանանք հողին հանձնել»,- պատմում է Տաթեւըՙ արտասվում, դեմքով շրջվում փոքրիկներին,որ իրեն ապրեցնում են ու հոգում կուտակված հույզերը դուրս թողնում: 4-ամյա Արամը հոր հետ կապված իր պլաններից մեզ չի պատմում,սակայն ուզում է մեծանալ, զինվորական դառնալ ու գնալ հայրիկին տուն բերելու: Երկնքում լույսն առատ է, որովհետեւ աստղերի փոխարեն մեր տղաներն են լույս տալիս: Խոստանում ենք վեր նայել, փնտրել, գտնել նրանց աստղերի մեջ: Ամեն տեղ էլ երկինք կա, մենք կփնտրենք նրանցՙ քանի երկինքը կա... |