«ՄԱՐԴ-ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ». ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄԵԾ ԼԵԶՎԱԲԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆԻՆ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Թուրքիայի պատմության մեջ իր անունը ոսկե տառերով է գրել հայազգի լեզվաբան Հակոբ Մարթայանը, այն մարդը, որը ժամանակակից թուրքական այբուբենի հեղինակն է, ինչպես նաեւ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի «Աթաթուրք» մեկանվան հեղինակը: Վերջինս էլ իր հերթին Մարթայանին անվանել էր Դիլաչար (Dilacar)ՙ լեզու բացող, լեզվի բանալի: Վերջերս թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Աքալընը Ջունեյթը թուրքական «Aydnlk» պարբերականում անդրադարձել էր Հակոբ Մարթայանինՙ «Հակոբ Դիլաչար. մարդ-գլուխգործոց» խորագրով հոդվածով: Հոդվածը մասնակի թարգմանությամբ ներկայացրել է Ermenihaber.am թուրքագիտական կայքը: «Թուրք հեղինակը գրում է, որ Հակոբ Մարթայանը եղել է Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին քարտուղարը, հայերենից եւ թուրքերենից բացի տիրապետել է անգլերեն, հունարեն, իսպաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն եւ բուլղարերեն լեզուներին: 1934թ., երբ Թուրքիայում ընդունվում էր ազգանվան մասին օրենքը, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի առաջարկով Հակոբ Մարթայանը ստանում է «Դիլաչար» ազգանունը եւ հետագայում իր աշխատությունները ստորագրում որպես «A. Dilacar»,- գրում է Ermenihaber.am-ըՙ հղում անելով «Aydnlk»-ին: Իր հոդվածում թուրք պրոֆեսորը ափսոսանք է հայտնում, որ թուրքերը մոռացության են մատնել իրենց այդքան մեծ ծառայություն մատուցած մարդուն. «Ափսոս որ բավականաչափ չենք ճանաչում թուրքերենի մանրանկարիչներից Հակոբ Դիլաչարին, որ նվեր է թուրքական մշակույթին: Օրինակՙ նա է առաջինը, որ Մուստաֆա Քեմալին առաջարկել է ընդունել «Աթաթուրք» ազգանունը»: Աքալաընը մանրամասն պատմում է Աթաթուրքի ու Մարթայանի առաջինՙ Դամասկոսում տեղի ունեցած հանդիպմանըՙ ընգծելով միաժամանակ, որ Դիլաչարն առաջին աշխարհամարտի ժամանակ մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է: Նա նշում է նաեւ, որ Մարթայանը գերմանացի սպաներին թուրքերեն է սովորեցրել: «Աքալընը հայտնում է, որ Հակոբին տխրեցնում է այն փաստը, երբ Մուստաֆա Քեմալի մոտ իրեն որպես «լրտես» են ներկայացնում: Իսկ իրեն մեղադրելու պատճառը լինում է այն, որ Հալեպում մի բանտարկյալ անգլիացի սպայի հետ անգլերենով է շփված լինում: Մարթայանին Մուստաֆա Քեմալը հարցնում է, թե ինչու չի փախչել մյուս սպաների նման, նա պատասխանել է. «Եթե ես չփախա կովկասյան ճակատից, ուրեմն Դամասկոսի փողոցներից էլ չէի փախչի»: Մարթայանի մոտ մի գիրք է եղել, որը հետաքրքրել է Քեմալին, ինչն առիթ է հանդիսացել է երկուսի միջեւ երկարատեւ զրույցի: «Թուրքերենի մասին Հակոբի դիտարկումները եւ այդ գիրքը մեծ ազդեցություն է թողնում Քեմալի վրա: Նա առաջին անգամ է տեսնում լատինատառ թուրքերենով գիր»: Հեղինակը նշում է, որ Աթաթուրքը եւ Մարթայանը երկրորդ անգամ հանդիպում են 1932թ. Թուրքական լեզվագիտական համագումարի ընթացքում, որն էլ դառնում է իրենց բարեկամության սկիզբը: «Մարթայանն այնքան խորն էր տիրապետում թուրքերենին, որ մեզնից շատերը չեն կարող ընկալել»,- եզրակացրել է թուրք պրոֆեսորը: Իդեպ, պրոֆեսորը մեծ բացթողում է համարում այն փաստը, որ մինչեւ օրս Ստամբուլում կամ Անկարայում չի տեղադրվել Հակոբ Դիլաչարի արձանըՙ հաշվի առնելով նրա ունեցած ծանրակշիռ դերը եւ ներդրումը Թուրքիայի մշակութային կյանքում: Ի դեպ, Հակոբ Մարթայանի վերաբերյալ կա հետաքրքրական մի պատմություն: Հայտնի է, որ Մուստաֆա Քեմալը սիրում էր գիշերային կերուխումն ու կիսամերկ երգչուհիներին: Նման մի երեկոյի Քեմալը Հակոբ Մարթայանին առաջարկում է հայկական մի երգ երգել: Եվ հայ լեզվաբանը հանդիսավոր երգում է Անդրանիկին նվիրված «Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ» հայտնի երգը: Քեմալի դեմքը մռայլվում է, սակայն ոչինչ չի ասում: Թուրքերը հարգում են իրենց հաղթողներին... |