ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր Ամերիկացի գրող Թորնթոն Ուայլդերի (1897-1975) «Մարտյան իդոսներ» վեպի «Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը» կարծես մեր օրերի նշանաբանն է դարձել: Ամենուրեք ու ամենքի մոտ անհասկանալի վախի, անհայտի սպասումի, խորը հիասթափության ու անորոշության զգացում է: Կարծես քայլում ենք ականապատ դաշտով ու ամեն վայրկյան պայթյունի սպասում, կամՙ կարծես լողում ենք քաղաքական խարդավանքների ավազանում: Սակայն ի տարբերություն ականապատի, քաղաքական դաշտում պայթյունները հազվադեպ են անմիջապես հաջորդում թույլ տված սխալին: Այդ պատճառով էլ դրա հետեւանքները միանգամից նկատելը հաճախ դժվար է լինում: Եթե հետեւանքներն անմիջապես նկատելի դառնային, կկարողանայինք շտկել սխալները եւ առաջ շարժվելՙ սրբագրելով եւ շտկելով մեր ուղղությունը: Սխալներ, որոնց հետեւանքները տեսնում ենք տնտեսական, սոցիալական, մշակութային, բարոյական, քաղաքական եւ այլ ոլորտներում: Դրանք կարծես քիչ էին, հիմա էլ Սյունիքում եւ Գեղարքունիքում ադրբեջանական զգալի թվով զորքերիՙ մեր երկրի ինքնիշխան տարածք մտնելը, որոնք փոթորկել են առանց այդ էլ ալեկոծվող մեր հասարակությանը եւ լուրջ մտահոգությունների տեղիք տվել: Այդ իրադարձություններից մեծ կորուստներ կրած, վախի եւ անվստահության մթնոլորտում ապրող ժողովուրդը լուրջ տարակարծությունների մեջ է ու ենթադրում է, թե հավանաբար գաղտնի պայմանավորվածություն կա, որի համաձայն նոր սահմանզատումը նախատեսում է սահմանից այն կողմ թողնել որոշ տարածքներ: Չի բացառվում, որ հակառակորդը, հաշվի առնելով մեր սահմանին տիրող անտերությունըՙ առաջ է եկել ինքնակամ, առանց քարտեզների: Իսկ թե ինչո՞ւ մերոնք զինված դիմադրություն ցույց չեն տվել, անհասկանալի է: Եթե խախտող կողմն Ադրբեջանն է, մեր զինված դիմադրությունը կդիտարկվեր մեր պետական սահմանը պաշտպանելու միջոց: Սառնասրտությունը պահելն ու Անվտանգության խորհրդում հարցը քննարկելը, մեր խորին համոզմամբ, որեւէ բան չի փոխի: Իսկ գուցե պատերազմից վեց ամիս անց որեւէ քայլ չի կատարվել սահմանի այս մասը եւս ամրապնդելու համար, որովհետեւ նախապես վճռվա՞ծ է եղել նրա ճակատագիրը: Եթե իսկապես կարիք չկա խնդիրը ներքաղաքական շահարկման առարկա դարձնել, ապա պետք է ժողովրդին ասել ճշմարտությունը, որպեսզի փարատվեն բոլոր կասկածները, որոնք կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ մեր խնդիրների լուծման բանալին ուրիշի ձեռքերում կմնա: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը շեղեց հայոց պետականության զարգացման բնականոն ընթացքը, եւ արդեն 22 տարի է անցել, սակայն այդպես էլ չի հաջողվում վերադառնալ բնական հուն: Աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ ճնշում են հայի կամքը իր բնօրրանում: Ցավոք, նրանց աջակից ներսի որոշ ուժեր այդպես էլ չհասկացան, որ հայոց պետականության հարատեւությունը անհամեմատելի արժեք է, քան իրենց ներկլանային մրցակցությունը: Մենք հոշոտում ենք միմյանցՙ ոչ մի դաս չքաղելով պատմությունից, թշնամին էլ խելացիորեն օգտվում է մեր այդ անմիաբանությունից: Մենք էլ այլ ելք չտեսնելովՙ աջակցության խնդրանքով դիմեցինք ՀԱՊԿ-ին (այսինքն` ՌԴ-ին), իսկ ՀԱՊԿ-ին դիմում է նա ովՙ 1. ձերբակալեց եւ անդառնալի հեղինակազրկեց նրա գլխավոր քարտուղարին, 2. փորձելով տարածաշրջանում փոփոխել աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունըՙ նսեմացրեց հայ-ռուսական հարաբերությունները, 3. արշավանք սկսեց ռուսական կապիտալով աշխատող հայտնի կազմակերպությունների դեմ, 4. դիտավորյալ քայլերի հետեւանքով զրոյացրեց 88-ից այս կողմ մեր ունեցած բոլոր ձեռքբերումները: Կորցրինք Արցախի Հանրապետության գերակշիռ մասը: Իսկ սովորաբար իրական քաղաքականությունըՙ ռեալ պոլիտիկը, դաժան բան է: Այստեղ չի մոռացվում եւ չի ներվում ոչինչ: Դա միտինգ չէ, որ ղժղժոցով ասես բերանիդ եկածը, այլ հարկավոր է խելքի գալ եւ ձերբազատվել ինքնախաբեության ախտից, որը դրսեւորվում է ինչպես անվերապահ ու կույր հավատի, այնպես էլ համատարած կասկածամտության տեսքով: Չգոհանանք թվացյալ կամ բարոյական հաղթանակով եւ թշնամու Էջմիածին չմտնելով: Ըմբռնենք, որ սահմանադրական իմպրովիզացիաների ժամանակը չէ: Արձանագրված է ագրեսիայի ակնհայտ փաստ: Իսկ այդպիսի իրավիճակում ՀՀ Սահմանադրությունը զինված ուժերի մասին որոշում ընդունելը վերապահում է կառավարությանը (155-րդ հոդվածի 1-ին մաս): Այդ նույնՙ 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը»: Պարզ ու հստակ, իսկ իրականում կատարվում են անհասկանալի քննարկումներ եւ փաստորենՙ ոչինչ: Օր օրի ավելի պարզ է դառնում, որ թուրք-բրիտանական տանդեմն այս վարչախմբին իշխանության է բերել պանթուրքական գերխնդիրը լուծելու, թուրքական աշխարհի միավորմանը խանգարող հայկական սեպիՙ Հայաստանը ոչնչացնելու նպատակով, որը ծրագրված է իրականացնել երեք փուլով 1. Ադրբեջանին Արցախը վերադարձնելով, 2 Հայաստանից Սյունիքը վերցնելով, 3 Հայոց պետականությունը լուծարելով: Այսինքնՙ Սյունիքում եւ Գեղարքունիքում կատարվող իրադարձություններն ազդարարում են երկրորդ փուլի սկիզբը: Մտավախություն ունեմ, որ մինչեւ ընտրությունները վարչախումբը կփորձի թուրքական դաշինքին հանձնել Սյունիքը, որի համար նա ունի արտաքին եւ ներքին բավարար աջակցություն: Արտաքինը նշեցինք, իսկ ներքին դաշնակից ուժերն են 1 Վերջին 20-25 տարում ձեւավորված թուրքասեր-նյութապաշտ զանգվածը: 2 Շուրջ երեքհարյուրհազարանոց աղանդավորական զանգվածը: 3 սորոսական եւ այլ անուններով դրսից ֆինանսավորվող բազմաթիվ գրասենյակներ, 4 Սեռական փոքրամասնություններ եւ զանազան այլ թափթփուկներ, որոնց հանդուրժել ենք ու կերակրել: Ցավոք, անգամ իրավիճակի լրջությունը խորությամբ չենք պատկերացնում: Հիշում եմ, երբ ՀՀ ՊՆ-ն «նոր պատերազմ, նոր տարածքներ բանաձեւով» հակադարձեց ադրբեջանցիների Երեւանը գրավելու սպառնալիքին, արմատական ընդդիմությունը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները դրանով պատերազմ հրահրեցին: Հետո էլ, թե սխալ արեցին, որ չդիմեցին ՀԱՊԿ-ին: Հիմա դիմել են, բայց արմատականները նորից նեղսրտել ենՙ թե մեր բանա՛կը պետք է պատժի թշնամուն, ոչ թե ՀԱՊԿ-ը: Այնինչ հարկավոր է, որ բոլորն ըմբռնեն, որ նախ պետք չէ ժողովրդի մեջ վախ ներարկել, այլ ընդհակառակըՙ պետք է հուսադրել, կողքը կանգնել ամեն կերպ, պատրաստել, բացատրել հնարավոր ռիսկերը, միաբանվել թշնամու դեմ, ինքնակազմակերպվել, նեցուկ կանգնել բանակին... Իսկ այդ աշխարհընկալման ձեւափոխումը մեզանում ոչ թե մեկ օրում, այլ աստիճանաբար կատարվեց, այնպես որ հասարակական տրամադրությունների զանազան վիճակների միջեւ սահմանագծերն անզեն աչքով կարող ես եւ չնկատել` «Ոչ միայն հացիվ» ազնիվ կարգախոսից մենք անցանք նախ «Հաց եւ զվարճանք» պահանջին, այնուհետեւՙ «Որտեղ հացՙ այնտեղ հայրենիք» քաղքենիական խորիմաստությանը, որովհետեւ իմ կարծիքով ինչ-որ պահից սխալ նրբանցք ենք թեքվել, հետընթաց կատարել քաղաքացի լինելու զգացումից: Իսկ ի՞նչ է նշանակում լինել քաղաքացի: Դա ընդամենը պատասխանատվության զգացումն է: Բայց ոչ միայն ընտանիքի, մտերիմների, երեխաների եւ սեփական բարեկեցության նկատմամբ: Պատասխանատվությունՙ հայրենիքի նկատմամբ: Արցախյան շարժումը մեզ քաղաքացիական պարտքի զգացումով պարուրեց: Մենք մեզ զգացինք անդամն այն հասարակության, որը գիտակցում է իր պատասխանատվությունը, եւ մտածել անգամ չէինք կարող, որ այդ պատասխանատվությունը դնենք մեզ չենթարկվող կազմակերպությունների կամ հզոր «քեռիների» ուսերին: Այդ պատճառով էլ հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում: Հետո մեզ փոխեցին կամ փոխվեցինք քաղաքական օրակարգ ձեւակերպելու մեր սեփական անկարողությունից: Արցախյան շարժման ընթացքում մենք ձեւավորվեցինք որպես քաղաքացիական հասարակություն, բայց հետո շատ հեռացանք դրանից եւ հրապուրվելով կեղծ, արհեստածին արժեքներով ու նյութապաշտությամբ լողացինք դեպի ոչ մի տեղ, դադարեցինք լինել շարժման հիմնական բաղկացուցիչը, որն առանց մեզ վերածվեց քաղաքական խարդավանքի: Ավելին, սովորեցինք ադրբեջանական լկտի սպառնալիքներինՙ մոռանալով, որ նրանք մեր զսպվածությունն ընկալում են որպես թուլություն եւ վախկոտություն: Այսինքնՙ աստիճանաբար հետ վարժվեցինք պայքարից, չգիտակցելով, որ հանձնում ենք քաղաքացի լինելու վեհ կոչումը: Հեշտությամբ դեն նետեցինք սեփական երկրի համար պատասխանատվության բեռը: Եվ Սփյուռքը, նայելով մեզ, արեց նույն բանըՙ երես թեքեց ու սկսեց զբաղվել իր գործերով: Եվ հիմա, ինչպես ասում էր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը, ՙերբ մենք հոգնած, հիասթափված, երբեմնի բոլոր պատրանքները կորցրած հայտնվել ենք փակուղում, ժամանակն է, որ վարվենք այնպես, ինչպես սովորաբար վարվում են քարանձավում մոլորվածները: Այնինչ հարկավոր է դանդաղ, խարխափելով հետ դառնալՙ մինչեւ գտնենք այն, ինչ կորցրել ենք, մինչեւ գտնենք մեր ուղեցույց թելը, մինչեւ գտնենք ինքներս մեզ: Նույն գետը երկու անգամ չես մտնի, բայց ուրիշ գետ չկա: Մնում է ավելացնել, որ վերջին օրերին ազերիների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի զավթված մասն ամերիկացիները համարեցին ՎԻՃԵԼԻ: Ինչու, որպեսզի առաջիկայում ժամանակավոր պաշտոնակատարների կառավարության կողմից ստանան չեզոք գոտի խաղաղապահների արեւմտյան զորակազմ մտցնելու հրավեր: Ահա այսպիսի ոլորապտույտում ենք: Զարմանալի զուգադիպությամբ ատոմակայանն էլ մոտ կես տարի չի աշխատելու: Իսկապես, վայ քեզ, հայ ժողովուրդ, որ քո հերոսների մի մասը դավաճան է կամ ծախված, որ քո հարուստների մի մասը ամենաաղքատն է մտքով եւ հոգով, որ քո կրթության հիմնարկների մեծ մասը ոչ թե գիտելիք են տալիս ու հմտություն, այլ կեղծ դիպլոմ եւ դատարկ ամբիցիաներ, որ քո ոստիկանների մի մասը ոչ թե քաղաքացուն են պաշտպանում հանցագործից, այլ հակառակը, որ քո լրատվամիջոցների մեծ մասը ոչ թե լուր են բերում, այլ սուտ ու հուր, որ քո դատավորները ոչ թե օրինադատություն են իրագործում, այլ անարդարություն, որ քո զավակների մի մասը քո պետությունը սիրում է սիրել հեռվից, որ քո պատասխանատուներն անպատանասխատու են: Իսկապես, գույները խտացնել պետք չէ, դրանք առանց այն էլ այնքան թանձր են, որ կարմիր գիծ ասվածն էլ արդեն չի երեւում: Իրար է խառնվել ամեն ինչՙ երկրի զգալի մասը կորցրել ենք, ունենք հազարավոր զոհեր ու խեղվածներ, գերեվարվածներ ու անհետ կորածներ, հակառակորդը մտել է մեր տուն ու պահանջում է երկիրը մաս-մաս հանձնել, անհասկանալի է դարձել նաեւՙ վերջապես իշխանություն ունենք, թե՞ ոչ: Իսկ այս քաոսում նախընտրական եռուզեռ է, կարծես ոչ մի արտառոց բան էլ չկա, քաղաքական պայքար է իշխանության համար: Առաջ են քաշվում այնպիսի լոզունգ-կոչեր, որոնք ընթերցելիս մտածում ես, թե Շվեյցարիայում ես կամՙ Լյուքսեմբուրգում: Իսկապես հանճարեղ է ասվածՙ դե եկ վարդապետ ու մի խենթանա: Պատմաբանի մասնագիտական ընկալումներս հուշում են, որ ավելի ծանր իրավիճակներում եղած ժողովրդիս միշտ փրկել է ու կփրկի երեք կարեւորագույն գործոնՙ կրթվելն ու բարեկրթվելը, միասնականությունը եւ անսասան հավատը սեփական ուժերի նկատմամբ: Ուրեմն կրկին սեփականելով դրանքՙ առա՛ջ դեպի ապագայում կերտվելիք հաղթանակները: 13-25.05.2021 |