RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2021-07-30 15:05:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 5402, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ «ՇՈՇԱՓԵԼԻ ԲԱՆ» ԷՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Panorama.am-ում հետաքրքրությամբ կարդացի California Courier շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանի «Պետդեպի գաղտնի հեռագիրը բացահայտում է ԱՄՆ-ի ամոթալի ճնշումը Հայաստանի ղեկավարների վրա» վերնագրով թարգմանաբար տրված հոդվածը 2000 թ.ին Հայաստանի իշխանությունների վրա պետքարտուղարության բանեցրած ճնշումների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է այն ճնշումներին, որ ամերիկյան կառավարությունը, պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ նրա տեղակալ Ստրոբ Թալբոթի, ի գործ էին դնում տապալելու կամ, առնվազն, հետաձգելու համար Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրակարգ բերված հերթական բանաձեւի ընդունումը։ Ի հակակշիռ հայկական լոբբիի եւ հայամետ կոնգրեսականների անդուլ ջանքերին, ամերիկյան իշխանությունները, ինչպես բացատրում է Սասունյանը, որպես ճնշման լծակ ցանկանում էին օգտագործել հայկական իշխանությունների «ըմբռնողականությունը», ի դեմս նախագահ Ռ. Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, վերջիններին բացատրելով, թե բանաձեւի ընդունումը ինչպիսի վտանգներ է պարունակում` քաղաքականից մինչեւ տնտեսական եւ, նույնիսկ, «բռնության»... Ի պատասխան, շարունակում է ընդգծել Սասունյանը, արտգործնախարար Օսկանյանը Ստրոբ Թալբոթին, որն այդ օրերին մաքոքային դիվանագիտություն էր վարում Երեւանի ու Անկարայի միջեւ, հայտնում է, որ բանաձեւի ընդունման օգտին աճող թափը զսպելու համար թուրքերից պահանջվում է ընդառաջ «շոշափելի բան» կատարել։ Այլապես, ասում է Օսկանյանը, Կոնգրեսում բանաձեւի ընդունմանը խոչընդոտելը Հայաստանի իշխանության համար կլինի քաղաքական ինքնասպանություն։

Հ. Սասունյանը դժբախտաբար ոչինչ չի ասում հայկական կողմից ակնկալվող կամ ակնարկվող այդ «նվազագույն քայլի», բառացի` «շոշափելի բանի» մասին. գուցե իր հայտնաբերած արխիվային այդ փաստաթղթում բացակայում է նման բան։ Սակայն, կարծում եմ, անհրաժեշտ է կրկին պրպտել ամերիկյան արխիվները ոչ միայն պատմության, այլեւ` Թուրքիա-Հայաստան-Մ. Նահանգներ հարաբերությունների խորքը հասկանալու համար։

Եվ ահա այս տեսակետից օգտակար կլինի հուշել անձնական մի դրվագ Վ. Օսկանյանի հետ իմ զրույցից, տեղի ունեցած հենց այդ օրերին` խորհրդարապահական պայմանավորվածությամբ, որը խախտում եմ հանուն ճշմարտության բացահայտման։ Իմ բարեկամ Վ. Օսկանյանը պատմում էր, որ Ստրոբ Թալբոթը Անկարայից Երեւան վերադարձին պատմել է իրեն, որ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է, որպես բարի կամքի արտահայտություն, հօգուտ Հայաստանի զիջել Արարատ լեռն ու Անին։ Առաջարկը բառացիորեն դիմավորվել է սվիններով եւ քիչ է մնացել հենց արտգործնախարարության գրասենյակներից մեկում ծեծեն իրեն... Այսինքն` կտրականապես մերժվել է ԱՄՆ պետքարտուղարության զուտ խորհրդանշական այդ առաջարկությունը։ Համենայնդեպս, իմ բարեկամ Վարդան Օսկանյանը մեր զրույցի վերջում մխիթարական էր համարում, որ պետքարտուղարության արխիվներում արձանագրված կմնա փաստը, որ Մ. Նահանգների կառավարությունը երբեւիցե առաջարկել է Թուրքիային`Հայաստանին վերադարձնել որեւէ տարածք։

Այստեղ, բնավ չկասկածելով անբասիր բարեկամիս` չեմ բացառում, որ Ստրոբ Թալբոթն է բլեֆ արել` ցույց տալու համար հայկական կողմի ներկայացուցչին, թե ինքը եւ իրենք ինչպիսի՜ ջանքեր են ի գործ դրել Թուրքիայից «շոշափելի զիջումներ» պոկելու համար հօգուտ Հայաստանի, որպեսզի ապահովեն վերջինիս օժանդակությունը բանաձեւի տապալման գործում։

Ստրոբ Թալբոթ` որքան հաջողակ լրագրողի եւ վերլուծաբանի իր ասպարեզում իբրեւ Newsweek շաբաթահանդեսի նախկին խմբագիր, նույնքան ձախող ու ձախավեր եղավ դիվանագետի իր պաշտոնում։

Արժե շարունակել արխիվային պրպտումները ոչ միայն այս, այլեւ վերոհիշյալ` Հայաստանի նկատմամբ սպառնացող «բռնությունների» բացահայտման շուրջ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ