ՄԵԾ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՀՈԳՈՒ ՀԱՅԵԼԻՆ ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Եգիպտոսում ծնված եւ Փարիզում ուսանած, բարձր մրցանակի արժանացած Հակոբ Հակոբյանը հայրենիք ներգաղթեց քառասուն տարեկան հասակում: Իր ստեղծագործության առաջին քայլերով նա խոր սիրո հիմնուղի կանխագծեց, մղվեց ստեղծելու Եղեռնից փրկված, թշվառ, տառապող, ճակատագրի դեմ անզոր մարդկանց կերպարներ: Հիշենք այդ գործերից, որոնք 1961-ին նա նվեր էր ուղարկել Հայաստան... ... Աթոռին նստած է մարդը` գլուխն առած ափի մեջ («Վիշտ», 1961): Նա պատկերված է այնպես, որ առաջին հայացքից թվում է, թե գլուխն անջատված է ուսերից: Երկար դիտում ես ու մտածում, իրավ, միտքն անկարող է օգնել մարդուն ելք գտնելու անելանելի վիճակից: Հակոբյանի կտավների գունագծային ինքնատիպ կառուցվածքի մեջ խտացած տխրությունը որքան սեփական, նույնքան իր սերնդի ներաշխարհը հյուծող Մեծ եղեռնի արձագանքն է, հայրենազուրկ մարդու դառնաշունչ երգը: Սակայն Հակոբյանի այդօրինակ գործերից մեկը ներթափանցված է այլ մտքով: Անապատի ավազի վրա կքած, դողդոջուն ձեռքերով նորածիլ բույսը գրկած անհատը («Մարդը եւ բույսը», 1962), Հակոբյանի սփյուռքյան հոգեվիճակի ընդհանրացումն է, չմարող հույսի պատգամը: Նկարում, մայր երկրի հանդեպ իր սերն աղոթքանման արծարծողին կարելի է ընկալել նաեւ իբրեւ ինքնանկար: 1962-ին հայրենիք ներգաղթած Հակոբյանն իր երազանքն իրականացրեցՙ որոնելով մայր երկրի այնպիսի տեսարաններ, որոնցով կարողացավ լիապես շեշտել ե՛ւ իր սերը, ե՛ւ ժամանակից բխող տխրաշունչ, ցավալի ապրումները: Այդպես սկսեց ծնունդ առնել լայն ճանաչման արժանացած իր ինքնօրինակ, մեզ համար անսովոր, իր հրաշք բնանկարների շարքը, որոնց մեջ մարդկային կերպարը փոխարինվել է բնությամբ եւ նախկին` մենակյաց անհատներին պատկերող գործերի ուղղահայաց, անշարժ ծավալը, դեպի հորիզոն ձգվելով, փոխակերպվել է շնչող, անսահման տարածականության: Մռայլոտ երկնքի հեռուներն ընթացող էլէկտրասյուների հետ նկարների առաջին պլանում հայտնվող մենակյաց ծառերն ու թփերը, դեպի վեր գալարվող ջղաձիգ որթատունկերը խորհրդանշում են անհանգիստ, լարված հոգեվիճակ: Նման տեսարաններ է քաղում Հակոբյանը Արարատյան դաշտում, Եղեգնաձորում, Աղավնաձորում, Արագածի լանջերում եւ այլ վայրերում: Նույնատիպ են նաեւ դեռ խորհրդային շրջանում ծնունդ առած նրա սեւանյան տեսարանները: «Սպիտակած քարեր» բնանկարում, օրինակ, ջրածավալի վտանգավոր, ահաբեկիչ պակասեցմամբ, ջրի ափին ի հայտ եկած ու ավազի վրա կմախքանման փռված քարերը, խաղաղ մթնոլորտի ու դիտորդի հայացքի առջեւ շնչում են իբրեւ արցունքածոր տարածք: Հակոբյանի տասնյակ կտավների ուշ աշնան կամ վաղ գարնան մոխրաարծաթավուն երանգներով հյուսված գունաշարն ու խորհրդավոր լռություն ստեղծող գծային կառույցները դիտվում են որպես թախծոտ ու խոր մտորումների արտացոլում: Միաժամանակ դրանց զուգահեռ` դալուկ լույսի, գետնի, ծառերի, ջրի, քարերի, այգիների կերպավորման նրբահույս ձեւերի մեջ դիտողին առինքնում է Հակոբյանի գորովալի վերաբերմունքը հարազատ երկրի, նրա ամեն մասունքի հանդեպ: Թվում է, թե հուզիչ երաժշտոթյուն ես լսում, եւ զգում, որ այստեղ տրոփում են անցողիկ կյանքում ինչ-որ շատ թանկ բան կորցնելու մտավախությունից ծնված հոգեխռով զգացումներ: Չարի դեմ ընդվզող արվեստագետի հոգու ձայնն է դա, մայր երկիրը մաքուր ու անաղարտ տեսնելու ու խոր սիրո ապրումները: Հակոբյանի պարզ, հայրենի բնության դիտարկման նոր տեսանկյուն հաստատող բնանկարներին զուգահեռ ստեղծվում են այլ բնույթի գործեր: Նկարչի նատյուրմորտներում ամենապարզ առարկաները` աքցաններ, ձեռնոցներ, մանեկեն, զամբյուղ, չորացող ծաղիկներ եւ այլն, խոսում են մարդկային սրված փոխհարաբերությունների, սիրո ու պայքարի, կյանքի ու մահվան մասին: Հակոբյանի բոլոր ժանրերի գործերն իրենց լեզվաոճով ու մտածելակերպով արդիական են, արձագանքում են ժամանակի թելադրած ձգտումներին ու իդեալներին: Այսպեսՙ արվեստի մթնոլորտն սկսեց ողողվել վերազարթոնքի ու ճշմարտության ոգով: Մինասն իր հնչեղ, հրաբորբ գույներին հաղորդեց դրամատիկական, մինչեւ իսկ ողբերգական հնչողություն: Հակոբյանը ներքին ալեկոծություն խորհրդանշող իր հողեղեն գունաշխարհին տվեց գերիրապաշտությանը հարող ենթաիմաստային, խոհափիլիսոփայական նկարագիր: Այսպեսՙ հայ նկարչության 1960-ականների սերունդը իր երկու առաջնեկներով, հավատարիմ մնալով մայր արվեստի ավանդույթներին, քայլեց ճշմարիտ, անկեղծ ուղիով` արձանագրելով նոր, արդիական առաջընթաց: Շնորհիվ իր արվեստի լայնահայաց, համամարդկային բնույթի` Հակոբյանը շուտով ճանաչում գտավ նաեւ Հայաստանից դուրսՙ օտար շրջանակներում: Անհատական ցուցահանդեսներով նրան հրավիրեցին Մոսկվա, Լենինգրադ, Ռիգա, Տալլին, Վիլնյուս, Կիեւ, Օդեսա, Լվով, Ռոստով, Թբիլիսի, Ալմա Աթա, ինչպես նաեւ արտասահմանյան երկրներ: Նա արժանացավ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման, ԽՍՀՄ պետական մրցանակի, ընտրվեց Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիայի անդամ: «Ժամանակի շունչը դարձի՛ր ու մի՛ դավիր քո քնարին» չարենցյան խորհրդին հավատարիմ` Հակոբյանը քայլեց առաջ ու չքողարկեց փոփոխվող իրականության ներշնչած իր մորմոքուն, սրտացավ ապրումները: Հիշենք այստեղ, որ նրա ստեղծագործությունը չսահմանափակվեց իրենով եւ ակնառու ազդեցություն ունեցավ խորհրդային եւ հետխորհրդային արվեստի վրա` գնահատվելով որպես «խստաշունչ ոճի» առաջնեկներից մեկը, որպես մաքուր արվեստի մունետիկ: Այսօրվա իր ապրումների ճշմարիտ ղողանջն եղավ նաեւ շատերի համար անսպասելի, ազնիվ մտավորականի ներքին այրումով գրած «Ու մերթ լացավ ու մերթ խնդաց իմ հոգիս» գիրքը: Իր ծննդյան 90-ամյակին մոտեցող մեր սիրելի նկարչի մտաշխարհը արթուն էր եւ շարունակում էր իր ստեղծագործական ուղին: Բայց ինչպե՞ս... Վերջերս իր աշխատանոցում երկաթյա այլազան գործիքներ հավաքելով երկար դիտում էր, ապա անջատել տալիս իր ընտրած մասերը եւ դրանց միահյուսվող ձուլմամբ ստեղծում կենդանիների ու մարդկանց ուշագրավ մարմիններ հիշեցնող սիմվոլիկ քանդակներ, որոնք նաեւ ներդնում էր իր անվանած «Սիրո պարտեզ» բնության պատկերաշարքում: Այդ վերջին պատկերներում Հակոբյանի սիրո աշխարհն ընդգրկում է մարդկության հեռավոր անցյալը եւ այն շաղկապվում է ներկա սերնդին համակած ե՛ւ հոգետանջ, ե՛ւ բարետենչ կենսակերպին: Այստեղ անցյալի խորհրդանիշ են հունական անտիկ քանդակները, որոնց շրջապատում են թռչնակներ, նրբագեղ մանեկեններ ու զանազան նկարագիր կրող մետաղյա գործիքների մասերով «կենդանացած» տիպարներ: Այդ բոլորը միասնաբար հայտնվում են հակոբյանական խաղաղ, պարտեզային բնանկարներում` երբեմն չար, ոճրալից շարժումներով, երբեմն էլ հնչում ներդաշնակ, միմյանց նեցուկ, տոնական բարի տրամադրությամբ: Աշխարհը հեռատես բարձունքից դիտարկող նկարչի այս գործերը խորիմաստ են եւ արդիականությամբ ինքնատիպ: Նկարների նորակերտ կառուցվածքում այլազան ձեւերի խոսուն զուգորդումները ժամանակների համանման հայելի են եւ ընկալվում են իբրեւ կյանքի ճշմարիտ արտացոլանք... Այս պատկերաշարը եղավ մեծ արվեստագետի 90-ամյակը չբոլորած հրաժեշտի մշտախոս պարգեւը: Նկար 2. «Սպիտակած քարեր» Նկար 3. «Պան. Սիրո պարտեզ» |