«ԱՍՏՎԱԾ, ՄԻ՛ ԼՔԻՐ ԼԻԲԱՆԱՆԸ ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ Ավերված ու թալանված տան պահարանի սպիտակ դռանը, սեւ ֆլոմաստերով, արաբերեն գրված էր «Հիշատակ Լիբանանի պատերազմից»: Ո՞վ էր գրել, արդյոք հրեա՞ն, սիրիացի՞ն, պաղեստինցի՞ն, լիբանանցի՞ն, ո՞ր մեկը: Չէ՞ որ երկրում կռվողները շատ են: Իսկ չկռվողները որքա՞ն են, չգիտեմ, սակայն նրանք էլ քաղաքի կենտրոնում, մեծ-մեծ տառերով, այժմ չգործող, երկաթուղային վարչության պատին, ֆրանսերենով, գրել են. «Օ, Աստված, մի լքիր Լիբանանի երկինքը»: Իսկ Աստված խլացել է, թե՞ միշտ խուլ է եղել, ես չգիտեմ: 1915-ին խուլ չէ՞ր, Վիետնամում խուլ չէ՞ր, Կամբոջայում խուլ չէ՞ր, երկու Համաշխարհայինների ժամանակ խուլ չէ՞ր, Խաչակրաց արշավանքների ժամանակ խուլ չէ՞ր... Եթե հանդիպեի իմ տունը «խարանած պատմաբանին», կապացուցեի, որ առանց իր գրության էլ ես շատ բան ունեմ հիշելու Լիբանանի պատերազմից: Քիչ էին Հայրենականի դառը հիշողությունները, որոնք խլեցին մեր մանկությունն ու պատանեկությունը, այն քսան միլիոնը, որն աշխարհ եկավ 50 տարում եւ ոչնչացավ 5 տարում: Եվ հիմա նոր հիշողություն ջարդերի, նոր վայրերի անուններՙ Սաբրա, Շաթիլա, Բհամդուն, Քֆարմաթա... Ի՞նչ եմ տանելու բնության կողմից շփացած եւ իր իսկ զավակների ձեռքով մորթոտված այս երկրից: Խաչը ճակատից թռած քրիստոնյա մի ժողովրդի ազգայնամոլ պայքարի հո՞ւշ, ֆաշացած ֆանատիզմով ապրող աղջիկների կերպարնե՞ր, որոնք ամեն միՙ իրենց ձեռքով մորթած մուսուլման կնոջ արյունն են համտեսել ու իրենց ալբոմներում սիրով պահում են կտրված կրծքերով կանանց նկարնե՞ր... Այո, եթե, նույնիսկ, այդ գրությունը չլիներ անգամ, ես չէի կարող մոռանալ այն հայ մայրերի ողբը, որոնց կրտսեր զավակներին հավաքել էին կռվի տանելու ու պայման դրել, որ բաց կթողնեն միայն այն ժամանակ, երբ ներկայանան նրանց ավագ եղբայրները: Ի՞նչ անի այս դեպքում ծնողը, կարո՞ղ է նա ընտրություն անել զավակների միջեւ այն դեպքում, երբ երկու պարագայում էլ մահվան հավանականություն կա: Որքան էլ կատարյալ է մարդու երեւակայությունը, այնուհանդերձ, դժվար է հասկանալ հրեշտակային տեսքով, մանկամարդ իսլամ աղջիկներին, որոնք նստում են պայթուցիկով լցված բեռնատարը եւ մահ սփռում մեծ շառավիղով: Նրանք համոզված են, որ դրախտ կգնան Ալլահի մոտ, քանի որ «Սուրբ գործ են կատարել», հատկապես, երբ հավատարիմ Ալլահին, գլխաշոր են կրում, թե ուր կգնան իրենց ոճիրի զոհերն առանց գլխաշորի, նրանց հոգը չէ: Եվ ինչ անըմբռնելի, անընդունելի ու անմարդկային է այն փաստը, որ այդ «հերոսների» նկարները, որպես սրբերի, փակցվում է քաղաքի այս կամ այն պատին: Ահա այսպիսի՛ «հիշատակներ» Լիբանանի պատերազմից: 1982թ. Բեյրութ |