ԱՌԱՔԵԼՈՑԻ ՈՒԽՏԱՎՈՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՔՈՒԿՅԱՆ «Տան տերտերին «Օրհնյա Տեր» չեն ասում»... Ինձ համար այնքա՜ն դժվար է գրել հարազատի մասին: Բայց ականավոր հարազատի: Հայ ժողովրդի ամենաշնորհաշատ բանագետներից մեկիՙ ակադեմիկոս Սարգիս Հարությունյանի մասին: Ի՞նչը գրեմ: Որի՞ց սկսեմ: Ինչպե՞ս անեմ, որ ոչ մի բան բաց չթողնեմ: Ո՞ր տեսանկյունից մոտենամ, որպեսզի ընթերցողս կարողանա լիովին ընկալել Հարությունյան-գիտնականի իրական մեծությունը, Հարությունյան-անձի անհատական ինքնատիպությունը, եւ Հարությունյան-Մարդու մեծատառով գրվելու արժան լինելու պատիվը: Այս թավ բեղերով, արծվենի քթով, ծխամորճը միշտ ատամների արանքում քչախոս ու խոհական տեսքով մարդուն առաջին անգամ հանդիպեցի դիպլոմային աշխատանքս ավարտելուց հետո, երբ ղեկավարս ինձ ուղարկեց Համալսարանի ետեւիՙ Չարենցի փողոցում եղած մի տուֆակերտ գեղեցիկ, սյունազարդ շենք, ուր տեղավորված էր Ակադեմիայի հնագիտության ու ազգագրության ինստիտուտը: Բանասիրական գիտությունների դոկտոր Սարգիս Հարությունյանն ավարտաճառիս պաշտպանությանն իմ ընդիմախոսը պիտի լիներ: Սովորական ձեւական մի բան, որ անում էին հարյուրներով: Մի քանի շաբլոն արտահայտություններ էին գրում, խորհրդակցում ղեկավարի հետ, պայմանավորվում էին, թե ինչ գնահատական է ստանալու: Ընդդիմախոսն ստանում էր իր հոնորարը, ավարտողն իր գնահատականն ու դիպլոմը, եւ պատմությունն ավարտվում էր... Իմ պատմությունն սկսվեց հենց այդ ավարտից: 1975 թվականից Սարգիս Հարությունյանը դարձավ ասպիրանտուրայի իմ գիտական ղեկավարն ու ցայսօր իմ հարազատն է... Իր զավակներն իրեն «Սաքո պապա» են կոչում, քանի որ «պապա» էին անվանել Հարությունյանի հորըՙանկրկնելի մշեցի Բարթուղ պապին, որն իննսունն անց մահացավ... Ես էլ ստացա այդ հաճույքն ու իրավունքն իրեն «Սաքո պապա» անվանելու: Ոչ ձեւականորեն, այլ ողջ սրտով ու ջերմությամբ, քանի որ իր առաջին ասպիրանտը լինելով եղա մի փոքր ավելի քան միայն ասպիրանտ, ինքն էլ եղավ շա՜տ ավելի, քան միայն գիտական ղեկավար... Եվ երբ Վիլյամ Սարոյանը, կարծես մարգարեական խոսքով, հարցրեց. -Դուն Սաքոյին աշկե՞րտն էս, -սա հնչեց ինձ համար ոչ թե իբրեւ հարց, այլ իբրեւ վավերացում, որ ես իր «աշկերտն» էի, այո՛, իսկ ինքն իմ վարպետըՙ այսինքնՙ ՎԱՐԴԱՊԵՏԸ, այսինքնՙ ՈՒՍՈՒՑԻՉԸ... Ես (դարձյալ Սարոյանի խոսքով) «Հանելուկ Սաքոյի» աշակերտն եմ մինչեւ այսօր, արդեն... 38 տարի: Ու այդպիսին կմնամ միշտ: Քանզի դա ոչ միայն պատիվ է ու հպարտություն, այլ նաեւ հոգու ջերմություն է, ամենօրյա պահանջՙ մնալու Սաքո Հարությունյանի «աշկերտը»ՙ թեկուզ... հազարավոր մղոններ հեռու եւ տասնյակ տարիներ հետո... Ոգու կապը մղոնները հաշվի չի առնում... Դիպլոմային աշխատանքս հավանել էր: Ավելի ստույգ, մասնավորապես հավանել էր մի մասըՙ նվիրված Արտավազդի առասպելին ու դարբինների պաշտամունքին: Առաջարկեց դիպլոմայինս աներկբայորեն «գերազանց» գնահատել: Պաշտպանության ավարտին մոտեցա քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնելու: Ոչ ինքն էր ինձ կարգին ճանաչում, ոչ ես իրեն: Ծխամորճը վառեց ու թավ բեղի տակից ջերմ ու ցածր տոնով ասաց. -Էդ գրածդ հատվածը լավն էր, բալա՜, մենակ որ այդքանը գրեիր, արդեն բավական էր... Մենք էս տարի ասպիրանտուրայի տեղ ունենք, ճիշտ է արտադրությունից չկտրված է, սակայն հետո մի բան կմտածենք: Ես ուզում եմ քեզ վերցնել: Մտածիր, թե համաձայն լինեսՙ արի ինստիտուտ, զրուցենք... Պարզ, միանգամից, անբռնազբոս: Դա Սարգիս Հարությունյանն էր: Հետո մոտիկից ճանաչելով իմացա իր բնավորությունը. մշեցի էր. ուղիղ, շիտակ, անմիջական, մտքինըՙ լեզվին էր, առանց ծեքծեքումների ու խուսանավումների... Լենինգրադ գնալու հնարավորություն եւս կար, սակայն անձնական մոտիվներով ընտրեցի այս մի տարբերակը: Պատրաստվում եմ ընդունելության քննություններին: Մասնագիտական քննության հանձնաժողովի նախագահն էր ակադեմիկոս Արամ Ղանալանյանըՙ հայ բանագիտության կենդանի դասականը: Ու մի օր Ղանալանյանը եկավ ինստիտուտՙ ինձ... «տնտղելու»: Ասել էին, որ ասպիրանտուրա ընդունվող թեկնածուներից մեկը (4 հոգի էինք) Գրողների տան նախկին «Ճուտիկն» է: Եկավ: Ես Հարությունյանի առանձնասենյակում խցկվել եմ դիվանի մի անկյունում: Ոտքի ելա. Ղանալանյանից մի գլուխ բարձրահասակ եմ: Հարությունյանը ներկայացրեց : Ղանալանյանը ոտքից գլուխ չափեց ինձ ու հարցրեց Հարությունյանին. - Սաք՞ո՜, էդ որ էդքան «ճուտի՜կ», «ճուտի՜կ» կըսէին, ի՞նքն է: Ջավախքեցու շեշտված ակցենտ ուներ: Հարությունյանը գլխով արեց: - Էսի ի՞նչ «ճուտի՜կ», ըշտէ ղոջա խորոզ (մեծ աքլոր) է,- կատակեց Ղանալանյանը: Սկսեցին ծիծաղել: Ապա դառնալով ինձ մի քանի հարցեր տվեց: Պատասխաններս, թերեւս, բավարարեցին: - Է՜հ, Ճուտո ջան, տեսնինք քննությանն ինչպե՞ս կպատասխանես,- ասաց ու գնաց: Ընդունելության քննություններս հանձնեցի«գերազանցով»: Դարձա Սարգիս Հարությունյանի առաջին ասպիրանտը... Կյանքի մեծ ճանապարհ ելնելու մաքառումների անթիվ փորձություններից շատ հաճախ ելք որոնելու համար ոչ միայն օգտակար խորհուրդներ, այլեւ գործնական օգնություն էի ստանում Սարգիս Հարությունյանից: Իմ հերթին ես էլ աշխատում էի կարեցածիս չափ օգտակար լինել իրեն: Հարությունյանն իսկական Գիտնական է: ...Հիշում եմ, որպես Կուսկոմիտեի քարտուղարՙ Մյասնիկյանի շրջկոմի բյուրոյի անդամ էր ընտրվել նաեւ: Ուրիշները մի հասարակ արհկոմի նախագահ էինՙ տուն ու տեղները լցնում էին բարիքովՙ հազար ու մի տեսակ ունեցած կամ հնարովի արտոնություններից օգտվելով: Ինքն ամաչում էր իր շրջկոմի անդամատոմսն օգտագործել անգամ...օդանավի տոմս գնելու համար... Սովորություն ուներ ամեն Նոր տարուն Թբիլիսի մեկնելու, ուր ծնողներն էին ապրում: Սովորական օրերին էր տոմսավաճառուհիների համար ամեն մի տոմսը հավելյալ եկամուտի աղբյուրՙ ո՜ւր մնաց թե Նոր տարվա նախօրեին... Պետք էր տեսնել, թե ես ինչ չարչարանքով «պոկեցի» իրենից այդ անդամատոմսը, որն իր անձնագրի եւ տոմսի իրական արժեքի գումարի (չլսվա՜ծ փաստ այն օրերին) հետ միասին, իմ «կոմսոմոլիստական» ակտիվությամբ ներկայացնելով դրամարկղՙ անմիջապես գնեցի ուզածս օրվա եւ ուզածս չվերթի տոմսըՙ րոպեների ընթացքում: Հանձնեցի իրեն: Նախ զարմացավ, ապա շատ ուրախացավ, սակայն ասաց. - Ախր, ամոթ էր, է՜, այ Հովո ջան, այս վկայականն ինձ անձնական կարիքների համար հո չե՞ն տվել... Ին՞չ անձնական կարիք, իմ ազնի՜վ Սաքո «պապա»... Ուրիշները նմանատիպ փաստաթուղթ թե կունենայի՜ն... Ա՛յ, այն ժամանակ կերեւար «անձնականը»... Ինքը, սակայն, «ուրիշների հետ» գործ չունի: Իր սկզբունքն ինձ հիշեցնում է Ավետարանական հայտնի առակը, թե «նախ քո աչքի գերանը տես...»: Միշտ նեղվում էր իր նկատմամբ ավելորդ հարգանքից կամ գերուշադրությունից: Մեր ինստիտուտը գիտական կապերի մեջ էր Հունգարիայի Ակադեմիայի համապատասխան ինստիտուտի հետ, եւ բավականին արդյունավետ գիտական համագործակցություն կար: Մշտական փոխայցելություններ, հրատարակված նյութերի փոխառաքումներ... Մի անգամ Սարգիս Հարությունյանին պաշտոնապես հրավիրեցին Բուդապեշտ: Սա, կարծեմ, իր առաջին արտասահմանյան գիտական գործուղումն էր: Բավականին տպավորված վերադարձավՙ եղել էին խիստ օգտավետ գիտական բանավեճեր, զրույցներ, զեկուցումներ ու հանդիպումներ: Ընդունելությունը եւ հյուրընկալությունը նույնպես բարձրագույն մակարդակի էին... Մի օր ասաց. - Հովո բալա (ինձ հաճախ էր այդպես դիմում) քեզանից պիտի ներողություն խնդրեմ: Անսպասելի զարմանքից երեւի բերանս բաց մնաց: Ճիշտը, կարծեցի, որ ես եմ մի վատ բան արել , ու ինքն սկսում է «հակառակ ծայրից». - Ինչի՞, Սաքո պապա,- վախվորած հարցրի,- ես ինչ վատ բա՞ն եմ արել, որ... Սկսեց ծիծաղել. - Չէ՜, չէ՜,- ասաց,- դու վատ բան չես արել: Էդ ես էի քո մասին սխալ մտածել: Ու պատմեց: Հունգարիայում իրեն մոտեցել էին արտակարգ մեծարանքով: Գիտեին Հարությունյանի հրատարակած բոլոր գրքերն ու հոդվածները: Եվրոպական բարձր կուլտուրայով նախապես, թարգմանչի օգնությամբ, գաղափար էին կազմել իրենց հյուրընկալելիք գործընկերոջՙ նույնիսկ հայերեն աշխատությունների մասին: Դիմել էին բացառապես «պրոֆեսոր» տիտղոսով, եւ մոտեցումն էլ եղել է համարժեք: - Այնտեղ քեզ հիշեցի: Մտածում էի, էն էրեխեն (այսինքնՙ ե՞ս... լավ էլ երեխա գտա՜վ...), որ ինձ էդպես մեծարում էր, ասում էի, կարծես, ձեռք էր առնում: Ուրեմն իսկապես սրտանց է եղել: Կներե՜ս, բալա... Մանուկ Աբեղյան, Կարո Մելիք-Օհանջանյան, Արամ Ղանալանյան եռյակը աներկբայորեն քառյակ սարքող գիտնականն ամաչում է, երբ իրեն մեծարում են ըստ արժանիքների... Կյանքիս 6 տասնամյակների ընթացքում վեց անգամ վաթսուն հազար համոզվել եմ, որ բերքատու ծառը որքան առատՙ այնքան խոնարհ է... Հովհաննես Թումանյանը Սարգիս Հարությունյանի կուռքերից է: Սակայն, զարմանալիորեն, իր բավական հարուստ գրադարանում Թումանյան... չուներ: Ինչպե՞ս էր ստացվել, չգիտե՜մ... Թումանյանի հարյուրամյակինՙ 1969 թվականին, հոբելյանական հանդիսությունների շրջանակներումՙ բավականին բարձրորակ հրատարակությամբ լույս տեսավ մի քառահատորՙ նախատեսված հենց հանդիսավոր միջոցառումների մասնակիցներին վաճառելու: Ամեն տեղ խցկվելու բնավորությամբ կարողացել էի այդ կոմպլեկտից մի հատ ունենալ: Սպիտակ երեսպատումովՙ Թումանյանի հարթաքանդակն ու ոսկետառով նմանակված ստորագրությունը շապիկին, տոնական այս քառահատորը, կարծեմ, կազմել էր Լեւոն Հախվերդյանը: Եվ բավականին ճաշակով: 1978 թվականի Սեպտեմբերի 22-ն է: Ինստիտուտ եկա գրքերը թեւատակիս: Նախ բացարձակապես չուզեց վերցնել: Կտրականապես: Երկար համոզեցի, որ նվիրում եմ ի սրտե: - Լա՛վ,- ասաց,- որ էդպես է, վրան գրիր... Ու գրեցի... Այս գրածս անհավատալի պատմություն ունեցավ... ...Միշտ էլ «տառապել եմ» պոետիկական հովերով: Սակայն գրածներս ավելի կիսաթամադայական ու սենտիմենտալ են եղել, քան քիչ թե շատ արժեքավորման արժանի բանաստեղծական տողեր: Պանֆլետներ, մակագրություններ, չափածո կենացներ ու նման մանր-մունր «ռաբիզ» ոտանավորները մոտս լավ էին ստացվում: Ես էլ մտածում էի, թե «վա՜յ, տեսեք, ձեռաց ո՞նց եմ կարողանում ամեն ինչ չափածոյացնե՜լ...»: Հոգի՜դ խոսի, Մոլիե՜ր: «Քաղքենինՙ ազնվական» պիեսի հերոսներ կան բոլոր դարերում... Ինչ որ է... Ավանդական տողըՙ «Իմ շատ-շատ-շատ սիրելի ընկ. Ս.Հարությունյանին» գրելուց հետո այդ «պոետոլոգիկ» հիվանդությունս գլուխ բարձրացրեց ու ավելացրի հետեւյալ չափածո-մաղթանքը. «Գուցե երբեւէ կլինի մի օր Երբ կամքով Աստծու Մենքՙ«փոքր ածու» Քիչ կբազմանանք, Կխելոքանանք թերեւս նաեւՙ Մի կողմ թողնելով «Բոլշեւիկ-դաշնակ» Սփյուռք ու բաժանք, «ախպար-տեղացի»... . . . . . . . . . . . . . . . . . . Եվ երբ հավաքվենք Սրբազան բակում Առաքելոցի Մատաղի բազում պղինձների մոտ Դուք թասով օղին ու գիրքն այս բռնած Կարդաք «Անուշն» ու «Սաքոն Լոռեցի»... Ստորագրեցի ու տվեցի: Կարդաց, ծիծաղեց. -Է՜հ, ապրիս, լավ էլ գրել ես, բայց ո՞՜ւր է...Շա՜տ շնորհակալ եմ: Հրաշա՛լի նվեր էր... Այդ օրը Սարգիս Հարությունյանի հիսունամյակն էր... ԽՆԴՐԻՐ Ի ՍՐՏԵ եւ Աստված կատարում է խնդրանքդ: Ի խորոց սրտի էի խնդրել, որ լիներ վերոհիշյալ «կամքով Աստծու»-ն: Եվ եղավ: Իմ ոտանավորիկի գրվելուց...33 տարիներ հետոՙ 2011 թվականի նոյեմբերին: Ո՞վ կարող էր երեւակայել.... ...Սկայպս զանգահարեց: Մյուս ծայրում Հարությունյանի կրտսեր դուստրն էՙ Անահիտը, որ դպրոցական տարիներին իմ սանն էր գրական խմբակում: Հիմա լուրջ ու ջերմ սրտով մի անուշ տիկին, որ դպրոցում ուսմասվար է: Հոր աղջիկն էՙ հոգով, մտքով, բնավորությամբ ու սովորույթներով: Հուզված է: Անհանգստացա, չնայած զգացվում էր, որ ուրախության հուզմունք է: Եվ անակնկալ է անում ինձ: Զանգահարում է... Մուշի հյուրանոցի իրենց համարից... Հենց նոր վերադարձել են... Առաքելոց վանքի ավերակներին կատարած այց ուխտից... -Հերթո՜վ, սիրելի՜ս, հերթո՜վ պատմիր... Խաղաղվում է, ու սկսում պատմել մի պատմություն, որ 1978-ին ամենազորավոր Դելֆյան գուշակն իսկ չէր կարողանա կռահել... ...Արեւմտյան Հայաստան ուղեւորված ուխտավոր-զբոսաշրջիկների խմբով մեկնել էին նաեւ հայր եւ դուստր Հարությունյաններն ու թոռըՙ Արամը: Սարգիս Հարությունյանը վերադառնում էր իր նախնյաց երկիրը, իր փառավոր Բարդուղ հայրիկի ծննդավայրը, իր պապերի բնօրրանը: Ու թեեւ առողջականն առաջվա առնական Սաքոյինը չէրՙ 83 էր արդեն, տեսողական լուրջ խնդիրներ էլ ուներ, սակայն ոգին էր նույնը, նույն մշեցի «հանելուկ Սաքոն» էՙ մշեցի Վիլի Սարոյանի ընկերը... Եվ ճամբորդական պայուսակն, ի շարս այլ անհրաժեշտ իրերի, դնում է նաեւ... Թումանյանի հատորյակն ու մի շիշ... թթի մաքուր օղի: Տարբեր հոգեհարազատ տեղավայրեր անցնելուց հետո հասնում են Մուշ: Երբ դուրս են գալիս շրջագայության, Հարությունյանն սկսում է պնդել, որ պիտի գնան Առաքելոց վանք: Խմբի մեծամասը մտավորականներ են, գիտեն ու ակնածանքով գնահատում են մեծանուն գիտնականին: Սակայն ճամբան շատ դժվարին էՙ քարքարոտ վերելքներ, նեղ կածաններ... Ինքն իր տարիքո՞վ, այդ տեսողությա՞մբ ու առողջականո՞վ... Նույնիսկ շատ երիտասարդներ ի զորու չեն բարձրանալու: Հարությունյանը բարձրացել էր: Սաքո պապին հիմնական սատարողը Արամ թոռն է եղել, որի մանկուց եկած երազն էրՙ գնալ «Էրգիր»... Ու իրենց օրինակով ոգեւորված շատ երիտասարդներ էլ ետեւից: - Պատկերն անշուշտ շատ անմխիթարական էր, Հովո ջան,- պատմում էր Անահիտը,- ամեն ինչ ավերակ, ոչ մի կանգուն շինություն: Սակայն ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔՈՒՄ ԷԻՆՔ: Ու պապան հանեց քո նվեր տված Թումանյանի հատորյակն ու օղին, որ հետն էր վերցրել, պատմեց նախապատմությունը, կարդաց բանաստեղծությունդ ... Հայաստանյան անարատ օղին խմվեց Մշո պատվական հողումՙ ի կենաց եւ փառաբանություն մեր պատմության ու հավատքի ... Պահն իսկապես հուզիչ է եղել բոլորի համար ու սիմվոլիկ... Ուխտը, որի մասին 33 տարի առաջ խնդրել էինք Տիրոջըՙ կատարվել էր... Աստծուց ընդունելի ուխտ թող լինի, սիրե՜լի Սարգիս Հարությունյան... Անահիտն անջատեց սկայպը: Շատ էին հոգնել, գնաց քնելու: Խոստացավ հետո մանրամասներն ասել: Փորձեցի պատահածը պատմել տանեցիներիս: Չկարողացա: Ես նույնպես պակաս հուզված չէի... Որքա՜ն փոքր բան է անհրաժեշտ մեզ լինելու համար այն, ինչ ի վերուստ տրված է մեզ, որ լինենք: Եվ երբեմն ինչքա՜ն երկար է տեւում այն ճանապարհը, որ տանում է մեզ դեպի այդ Փոքրը... Փոքրը, ոչ թե չնչինը: Փոքրը, ինչպես ադամանդը, փոքրը, ինչպես առաջին նորելուկ ձնծաղիկը, փոքրը, ինչպես քո հենց նոր ծնված առաջնեկ զավակը... Եվ այդ փոքրը, այդ սովորականն արժեւորելն ու կյանքում մեծ դարձնելն էլ հենց, տրված չէ բոլորին: ՀՀ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանին տրված է այդ: Եվ ոչ միայն այդ: Տրվածներն անհաշիվ են: Ու իր վերադարձրածներն էլ են անհաշիվ: Վերադարձրածներն Իր ժողովրդին ու գիտությանը, Իր հարազատներին ու շրջապատին: Բոլորին: Ու շարունակում է արդեն 85 տարի: Ու կշարունակի: Երկար կյանք Քեզ եւ առողջություն, Առաքելոցի անխոնջ ուխտավոր, մեր պատվական Սաքո «պապա»... Մանչեստր, Սեծ Բրիտանիա |