RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2013-08-31 > #016, 2013-09-14 > #017, 2013-09-28 > #018, 2013-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 28-09-2013



Մոռացված անուններ

Տեղադրվել է` 2013-09-28 00:07:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1181, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ. ԱՐԱՄ ԹԱԹՈՒԼՅԱՆ

ՇՈՒՇԱՆԻԿ ԱՓՈՅԱՆ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

2015 թվականին լրանում է անցյալ հարյուրամյակի 30-ական թթ. վերջերին իր փայլուն, տաղանդավոր նվագով երեւանցի ունկնդիրներին նվաճած եւ նրանց վրա անջնջելի տպավորություն թողած դաշնակահարի ծննդյան 100 տարին:

Առաջին անգամ իր պատմական հայրենիք եկած երաժիշտը Հայաստանի կրթաթոշակառու (*), Մոսկվայի կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող, Մոսկվայում նոր անցկացված (1938 թ.) Դաշնակահարների 1-ին համամիութենական մրցույթի դափնեկիր Արամ Գեւորգի Թաթուլյանն էր:

Արամ Թաթուլյանը ծնվել է 1915 թ. դեկտեմբերի 13-ին Պյատիգորսկում, բազմազավակ ընտանիքում: Հայրը վաղ է մահացել, եւ ընտանիքը նյութական մեծ դժվարություններ է ունեցել:

Երաժշտական տեսակետից օժտված տղան սովորեց դաշնամուր նվագել: Ունենալով հիանալի լսողություն եւ գերազանց հիշողութուն, նա հեշտությամբ սերտում էր երաժշտական ստեղծագործությունները:

Հայտնի չէ, ինչպես կդասավորվեր նրա ճակատագիրը, եթե Կիսլովոդսկում չկայանար պատահական հանդիպումը Եվգենիա Ֆաբիանովնա Գնեսինայի հետ, որը տղայի նվագը լսելովՙ իր երաժշտական հոտառությամբ նրա մեջ նախագուշակեց ապագա վառ արտիստական անհատականությունը եւ առաջարկեց Արամին սովորելու ուղարկել Մոսկվա: Այդ երջանիկ դիպվածն էլ հենց կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը:

Իր մասնագիտական կրթությունը սովորականից 3-4 տարով ուշ սկսելովՙ նա արագորեն լրացրեց բաց թողածը եւ դարձավ լավագույն աշակերտներից մեկը: Ուսման տարիներին իրեն այնքան փայլուն դրսեւորեց, որ արդեն 15 տարեկանում սկսեց տարբեր համերգներում ելույթ ունենալ որպես մենակատար եւ անսամբլիստ:

Ձիրքաշատ երեխաների համար 19-րդ դարի վերջերին Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ (Սաֆոնովի դասարան) Ելենա, Եվգենիա եւ Մարիա Գնեսինաների հիմնած դպրոցում, որտեղ սովորում էր Արամը, տիրում էր տան պես հարմարավետ, ջերմ, բարեկամական մթնոլորտ: Այդ դպրոցը, որի տնօրենը Ելենա Գնեսինան էր, նյութապես աջակցում էր նրան, ամեն տարի կազմակերպելով վիճակախաղեր, որոնց հասույթով Արամը մի բժշկի ընտանիքում ապրում էր Ելենա Գնեսինայի հանձնարարականով:

Ելենա եւ Եվգենիա քույրերը բախտորոշ դեր խաղացին Արամի կյանքումՙ նրան դարձնելով մեծ երաժիշտ, օգնելով եւ աջակցելով կյանքի ամենադժվար ժամանակահատվածներում:

Հայրենի օջախից հեռու ապրելովՙ Արամն իրեն ամբողջովին նվիրեց երաժշտությանը: Նա ժամերով դաշնամուր էր պարապում: Դաշնամուրը նրա համար գնել էր Վ.Մ. Բրոնները, ում ընտանիքում ապրում էր ինքը: Բրոններ ամուսինները բարձրակիրթ մտավորականներ էին, լավ գիտեին եւ սիրում էին երաժշտությունը, պոեզիան, գրականությունը: Բրոններների ընտանիքում Արամի ստացած դաստիարակությունն ապարդյուն չանցավ: Հետագայում Թաթուլյանի գործընկերները առանձնացնում էին նրա ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմը, այլեւ խորագիտակությունը, էթիկական եւ բարոյական վեհ սկզբունքները, ինչը նրան թույլ տվեց ունենալ Է. Գիլելսի, Գ. Գուտմանի, Յա. Զակի նման բարեկամներ:

Բրոններների համերաշխ ընտանիքը քայքայվեց, երբ 1937 թ. սկսվեցին բռնությունները, եւ Վոլֆ Մոիսեեւիչը ձերբակալվեց: Բրոնների ձերբակալությունը եւ բանտում նրա մահանալը անդրադարձան Թաթուլյանի հետագա ճակատագրի վրա:

Տեխնիկումը (ինչպես այն ժամանակ կոչվում էր Գնեսինաների անվան ուսումնարանը) 1934 թ. փայլուն ավարտելովՙ Թաթուլյանը ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիայի Ա.Բ. Գոլդենվեյզերի դասարանը, բայց Գնեսինաների հետ կապերը շարունակվեցին երկար տարիներ:

Կոնսերվատորիայում շատ էին հետաքրքրական իրադարձություններն ու հանդիպումներըՙ հուզական, երբեմն էլ դրամատիկ ապրումներով: Արամը ծանոթանում է հայկական արվեստի տաղանդավոր ներկայացուցիչների, Մոսկվայում նրանց հետ հանդիպում Լազարյանների նախկին առանձնատանը գտնվող Հայաստանի մշակույթի տանը: Այնտեղ տիրող ստեղծագործական մթնոլորտը դրականորեն ազդեց Թաթուլյանի վրա, նրան հաղորդակից դարձրեց ազգային մշակույթին: Այստեղ նա առաջին անգամ ծանոթացավ Կոմիտասի, Ս. Մելիքյանի, Ա. Խաչատրյանի եւ մյուս կոմպոզիտորների երաժշտությանը: Մշակույթի տանը Թաթուլյանը հանդես էր գալիս մենածրագրերով եւ նվագակցում էր ջութակահար Ա. Գաբրիելյանին, թավջութակահար Լ. Գրիգորյանին, երգիչներ Ա. Անանյանին, Գ. Մելքումյանին եւ այլոց: Հայաստանի մշակույթի տան հետ ստեղծագործական կապերը շարունակվեցին նաեւ հետպատերազմյան տարիներին, երբ այնտեղ հայտնվեց տաղանդավոր դաշնակահարների, ջութակահարների, թավջվութակահարների, կոմպոզիտորների նոր աստղաբույլ (Ա. Հարությունյան, Ա. Բաբաջանյան, Է. Միրզոյան, Գ. Սարյան): Նրա դաշնամուրային նվագացանկը զգալիորեն ընդլայնեցին եւ արտիստական փորձը հարստացրին ելույթները Մոսկվայի ֆիլհարմոնիայում եւ Համամիութենական ռադիոկոմիտեում, որտեղ ինքը 1937 թվականից աշխատում էր որպես մենադաշնակահար, այդ աշխատանքը հաջողությամբ համատեղում կոնսերվատորիայի պարապմունքների հետ: Այդ ժամանակահատվածի բարձրակետը դարձավ 1938 թ. Թաթուլյանի մասնակցությունը կատարող դաշնակահարների 1-ին Համամիութենական մրցույթին: 1930-ականներին սկսված այդ մրցույթներն իրենց ընդգկմամբ եւ արդյունքներով անչափ խոշոր իրադարձություններ էին երկրի կյանքում: Մրցույթների բոլոր դափնեկիրները (1933,1935, 1938 թթ.) դարձան ականավոր դաշնակահարներ, առաջատար տեղեր գրավեցին խորհրդային կատարողական արվեստում եւ մանկավարժության մեջ: Բավական է նշել 1-ին մրցանակի դափնեկիր Է.Գ. Գիլելսի (1933 թ.), Յա.Վ. Ֆլիերի (1935 թ.), 2-րդ եւ 3-րդ մրցանակների դափնեկիրներ Պ.Ա. Սերեբրյակովի, Ա. Իոխելեսի, Մ. Գրինբերգի, Տ.Դ. Գուտմանի անունները: Կատարող երաժիշտների այդ երկու մրցույթներում դափնեկիրների կոչումներ շնորհվեցին մեր հինգ հայրենակիցների: Մասնավորապես 1-ին մրցանակ ստացավ Կոմիտասի անվան քառյակը, 2-րդ մրցանակՙ Ավետ Գաբրիելյանը:

Նույնքան բարձր էր 1938 թ. դաշնակահարների 1-ին Համամիութենական մրցույթի մասնագիտական մակարդակը, որին մասնակցում էր Արամ Թաթուլյանը:

Փայլուն նվագելով առաջին ընտրական փուլումՙ նա, ինչպես գրում էին «Советская музыка» հանդեսում (N2, 1938 թ., էջ 71-72), «1-ին տեղի թեկնածուներից մեկն էր»:

Սակայն նրան անսպասելիորեն զրկեցին 2-րդ փուլին մասնակցելու հնարավորությունից, քանի որ բժիշկը, ում ընտանիքում նա ապրում էր, բռնադատված էր: Մի շարք պատճառներով հեռացվեցին եւս մի քանի մասնակիցներ:

Այդ ծանր պահին նրան օգնեց միայն Ելենա Գնեսինան, որը խիզախորեն հանդես եկավ իր սանի պաշտպանությամբ: Բարձր ատյաններ կատարված հեռախոսազանգերը, Կրեմլին հասցեագրված նամակները հասան նպատակին. Թաթուլյանին թույլատրեցին մասնակցել 2-րդ փուլին:

Սակայն ժամանակը բաց էր թողնված: Սթրեսային վիճակը, ապրումներն այնքան ուժգին էին, որ Արամը չկարողացավ պատշաճորեն պատրաստվել 2-րդ փուլին: Նման հոգեբանական ճգնաժամից կարող էր դուրս գալ միայն իրոք տաղանդավոր երաժիշտը: Իր բոլոր ուժերը մեկտեղելովՙ նա կարողացավ մտնել մրցանակակիրների եռյակի մեջՙ ստանալով 3-րդ մրցանակը:

Վերապրած հույզերից հազիվ ուշքի գալովՙ մրցույթի հաղթողը եկավ Հայաստան, որտեղ 1938 թ. հունվարի 29-ին եւ 30-ին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում իր համերգների ծրագրում կատարեց Բախի, Մոցարտի, Շոպենի, Բեթհովենի, Լիստի, Չայկովսկու, Ռախմանինովի, Սկրյաբինի, Մետների, Լյանեդնովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Մրցույթում հաղթած Թաթուլյանին հրավիրում են մասնակցելու Մոսկվայում հայկական արվեստի տասնօրյակին, որտեղ հանդես էին գալիս առաջատար արվեստագետներն ու գեղարվեստական կոլեկտիվները (այդ թվումՙ Կոմիտասի անվան քառյակը), այսինքն արվեստի վարպետները, որոնցով հպարտանում էր Հայաստանը:

Ճակատագիրն այդ տարիներին երիտասարդ դաշնակահարին շռայլորեն օժտել էր որպես կատարողի: 1939 թ. նա ընդունվում է ասպիրանտուրաՙ պրոֆեսոր Լ.Բ. Գոլդենվեյզերի դասարանը:

Ճակատագիրը բարեհաճ էր նաեւ Թաթուլյանի անձնական կյանքի հանդեպ: Մոսկվայում ապրելու բոլոր տարիներին առաջին անգամ, Ա. Խաչատրյանի աջակցությամբ, նա ձեռք է բերում սեփական կացարան, ընտանիք է կազմում:

Մոսկվայի ֆիլհարմոնիայի եւ Ռադիոկոմիտեի մենակատարը իր հյուրախաղերի ընթացքում չէր մոռանում նաեւ Հայաստանը: Նա համերգային մեծ ծրագրով այստեղ հանդես եկավ 1940 եւ 1941 թթ., իսկ 1943-ին Կ. Սարաջեւի գլխավորած ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ կատարեց Չայկովսկու b-moll-ային կոնցերտը, որը հանրությունն ընդունեց խանդավառութամբ:

Թաթուլյանը 30-ականներին սկսած համերգային գործունեությունը հաջողությամբ համատեղում էր մանկավարժականի հետ:

1944 թվականից մինչեւ իր կյանքի վերջը Թաթուլյանը դասավանդում էր Գնեսինաների անվան ինստիտուտի հատուկ դաշնամուրի դասարանում:

Թաթուլյանի ստեղծագործական կենսագրության մեջ առանձնահատուկ էջ է մշակութային փոխանակման շրջանակներում նրա ուղեւորությունը Չինաստանՙ խորհրդային երեւելի երաժիշտների խմբի կազմում:

Այն ժամանակ նոր երաժշտական մշակույթի ձեւավորման պրոցեսում Չինաստանը զգում էր բարեկամական երկրների օգնության կարիքը: Տյանցզինի կենտրոնական կոնսերվատորիայում Թաթուլյանն աշխատեց 1955-ից մինչեւ 1957 թվականը: Պահանջավածության զգացման մոգական ազդեցությունը նրա մեջ բացեց «երկրորդ շնչառություն»: Նա զգում էր ստեղծագործական ուժերի հսկայական վերելք:

Ինչպես գրում էին չին երաժիշտները, նրա դասերը, Չինաստանի տարբեր երաժշտական հաստատությունների ուսանողների ու դասախոսների համար անցկացրած վարպետության դասընթացները «նրանց առջեւ բացում էին երաժշտության հիրավի ուրիշ աշխարհ. ունկնդիրները հմայվում էին նրա փայլուն կատարմամբ եւ երաժշտական հարուստ արտահայտչականությամբ» (Հուան Պիանի «Խորհրդային մասնագետների ավանդը Չինաստանի դաշնամուրային արվեստի ձեւավորման մեջ (1949-1966)» ավտոռեֆերատ):

Թաթուլյանի դասարանում սովորում էին 10-ից ավելի ուսանողներ, որոնցից 7-ը դարձան խորհրդային միջազգային մրցույթների եւ ներկայիս հեղինակավոր եվրոպական միջազգային մրցույթների դափնեկիրներ:

Դափնեկիրների այդ ցանկը գլխավորեց Լյու Շիկունըՙ դաշնակահարների Լիստի անվան միջազգային մրցույթի (3-րդ մրցանակ, 1956 թ.) եւ Պ.Ի. Չայկովսկու անվան 1-ին միջազգային մրցույթի (2-րդ մրցանակ, 1958 թ.) դափնեկիրը, որը 1958 թ. համերգով հանդես եկավ Երեւանում: Ինչպես գրում էր չին երաժշտագետ Հուան Պինը, այդ դափնեկիրների (Լյու Շիկուն, Գու Շենին, Լի Մինցյան, Ին Չենցզուն, Բաո Գույ-Ցյաո եւ ուրիշներ) շնորհիվ նոր Չինաստանի դաշնամուրային երաժշտությունը դուրս եկավ երկրի սահմաններից, աշխարհին ստիպեց նորովի նայել Չինաստանին: Նրանք իրոք փառք բերեցին իրենց երկրին: Մեր օրերում համաշխարհյին համբավ է ձեռք բերել Թաթուլյանի «երաժշտական թոռ», երիտասարդ չին դաշնակահար Լանգ-Լանգը: 2012 թ. Էլիզաբեթ Բ թագուհու 85-ամյակի առթիվ նա արժանացավ Բուքինգհեմյան պալատ հրավիրվելու բարձր պատվին:

Թաթուլյանի արգասավոր մանկավարժական գործունեությունը զուգորդվում էր համերգայինի հետ. նա ելույթներ էր ունենում Պեկինում, Շանհայում, Տյանցզինում: Չինաստանից վերադառնալովՙ Թաթուլյանը շարունակեց աշխատանքը Գնեսինաների ինստիտուտում: Մի շարք տարիներ պետական քննական հանձնաժողովի նախագահի պարտականություններ էր կատարում Գնեսինաների անվան ուսումնարանում: Եղել է դաշնակահարների միջհանրապետական մրցույթի ժյուրիի նախագահ, միջազգային մրցույթների ամենապատասխանատու համամիութենական լսումների ժյուրիի անդամ:

Մինչեւ իր 60-ամյակը չապրելովՙ Թաթուլյանը ծանր, երկարատեւ հիվանդությունից հետո 1974 թ. մահացավ, անմար հետք թողնելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Չինաստանի երաժշտական կյանքում:

Նրանք, ում վիճակվել է գոնե մեկ անգամ ունկնդրել տաղանդավոր դաշնակահարի նվագը, ամբողջ կյանքում հիշում են նրա ինքնօրինակ արվեստը:

Հայ նշանավոր կոմպոզիտորներ Ա. Հարությունանը, Է. Միրզոյանը, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Վ. Սարգսյանը կյանքի մայրամուտին քանիցս վերհիշել են Թաթուլյանին որպես սրտահույզ եւ փայլուն դաշնակահարի:

Արամ Թաթուլյանի դուստր Ելանան Մյունխենի Դաշնակահարների 1967 թ. միջազգային մրցույթի հաղթող է, թոռնուհի Անաստասիա Խիտրուկըՙ Իտալիայում անցկացվող Ջութակահարների Պագանինիի անվան միջազգային մրցույթի դափնեկիր:

Ցավոք, Թաթուլյանի նվագի մասին մենք կարող ենք դատել միայն խորհրդային դաշնամուրային արվեստի վարպետների խոսքերի եւ մամուլի հրապարակումների հիման վրա, քանի որ Հայաստանում չկան համերգներում նրա կատարած ստեղծագործությունների ձայնագրությունները:

Ռուս. թարգմ.ՙ ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԻ

(*) Հայաստանի առաջին կրթաթոշակառուն Լենինգրադի կոնսերվատորիայի 1-ին կուրսի ուսանող Ֆ.Խ. Անդրեասյանն էր, որը հետագայում դարձավ հայկական դաշնամուրային դպրոցի հիմնադիրներից մեկը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 28-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ